ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած այս օրինագծով սահմանվում է՝ միայն միջդատական վարույթում վկայի/տուժողի հարցաքննությունը կարող է իրականացվել որեւէ առցանց տարբերակով, եթե.
-Վկան եւ տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ վարույթն իրականացնող մարմին,
-Անհրաժեշտ է ապահովել վկայի/տուժողի անվտանգությունը,
-Անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:
Կարդացեք նաև
Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ մինչեւ երկրորդ ընթերցումն օրինագծում փոփոխություն է արվել, եւ խորհրդարանական երեք խմբակցությունների առաջարկով ու համաձայնությամբ սահմանվել է նաեւ՝ եթե վկան/տուժողը գտնվում է արտասահմանում, հարցաքննությունը կիրականացվի տեսակապի միջոցով: «Տուժողը կամ վկան պետք է ներկայանա հյուպատոսարան կամ դեսպանատուն, որտեղ ճշտվելու է նրա ինքնությունը: Հյուպատոսը պահանջելու է, որ հարցաքննվողը ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթը եւ այն համեմատելու է քննիչի հանձնարարականում նշված անձնական տվյալների հետ: Եթե դրանք համապատասխանում են, միացնելու է համակարգիչը, եւ այդ թվում «Սկայպի» միջոցով տեղի է ունենալու հարցաքննությունը»,-նշեց Բաղդասարյանը:
Պատգամավորի խոսքով՝ այս գործիքն օպերատիվ հարցաքննություն իրականացնելու հնարավորություն է տալիս եւ վկային/տուժողին ազատում ծախսերից:
Ապա Նիկոլայ Բաղդասարյանը կոչ արեց հիմա «դեմ» քվեարկել օրինագծին, որովհետեւ ԱԳՆ-ում մատնանշել են՝ ձեւակերպումներում խնդիր կա: Պատգամավորը վստահեցրեց, որ օրինագիծը կբարելավեն, որպեսզի կիրառության ժամանակ խնդիրներ չառաջանան, օրինակ՝ չպարզվի, որ տվյալ երկրի ՀՀ դեսպանատանը հյուպատոս չկա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ