«Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ, ծրագրեր մշակելու ուղղությամբ, եւ այս պահին էլ ընթանում են քննարկումները: Այս պահին կառավարությունը հաստատել է 11 ծրագիր, որոնցից հինգը վերաբերում են տնտեսվարողներին, գործատուներին… Դրանից 6-ն էլ սոցիալական ծրագրեր են»,-կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ թվարկելով կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման բոլոր ծրագրերը:
Ասաց, որ միջոցառումները համարակալված են ու ամեն ծրագիր կոնկրետ ուղղության ու թիրախային խմբի է վերաբերում: Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ 11-րդ ծրագիրը վերաբերում է բնական գազի եւ էլեկտրաէներգիայի փոխհատուցմանը, որից կօգտվի 600000 շահառու:
Ի թիվս այլնի, նախարարն անդրադարձավ 4-րդ ծրագրին, որը վերաբերվում էր մինչեւ տասնչորս տարեկան երեխա ունեցող եւ աշխատանքից ազատված անձանց: Նշեց, որ փոխհատուցման չափը 100000 դրամի չափով է, ծրագիրն ընթացքի մեջ է, եւ դրան համար դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մուտք գործել ssa.am կայք, եւ տեսնել՝ արդյոք ծրագրի շահառու հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ եւ անձը հաստատող փաստաթղթով պարզապես բանկ գնալ: Հավելեց, որ այս ծրագրի շահառուների ցանկը թարմացվում է:
Նա խոսեց նաեւ սննդի փաթեթների եւ այլ աջակցության մասին. «Այս կարիքներին համապատասխան աշխատում են նաեւ մարզպետարանները՝ հասարակական կազմակերպությունների եւ կամավորական խմբերի հետ համատեղ: Մենք նաեւ աջակցում ենք սոցիալական տարբեր խմբերի թիրախավորելու, նրանց գտնելու, հասցեական օգնությունը հասցնելու ուղղությամբ»: Նախարարը հորդորեց այս աջակցության համար դիմել քաղաքապետարաններին ու մարզպետարաններին:
Կարդացեք նաև
Զարուհի Բաթոյանն ասաց, որ բոլոր հարցերի համար քաղաքացիները կարող են դիմել իրենց թեժ գծերին` մասնավորապես 114-ին: Ասաց, որ եւս մեկ թեժ գիծ են գործարկել՝ 011300114, որին կարող են զանգել աշխատանքային օրերին, եւ վերջին հինգ օրվա ընթացքում ավելի քան 45000 զանգ են ստացել:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Զարուհի Բաթոյանը նշեց, որ հղի կանանց վերաբերող ծրագրով նույնականացրել են 5957 քաղաքացու, եւ 3757-ի գումարը մի քանի օր առաջ փոխանցված է, նրանց, որոնք նոր են դարձել շահառու, փոխանցումը վաղը հասանելի կլինի. «Ամբողջությամբ վճարված է այն քաղաքացիների աջակցության գումարը, որոնց տվյալները մեզ տրվել են»:
Աջակցություն ստանալո՞ւ են այն ընտանիքները, որտեղ չկան անչափահաս երեխաներ, բայց կա թոշակառու,սակայն տան մյուս անդամները չեն աշխատում: Այս հարցին ի պատասխան՝ Զարուհի Բաթոյանն ասաց. «Կոմունալ փոխհատուցման ծրագրերը բոլորի համար են՝ անկախ այն հանգամանքից, այս ծրագրերից որեւէ մեկի շահառու հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ: Բացի այդ, եթե խոսքը սննդի փաթեթների կամ տարբեր այլ միջոցների մասին է, ապա այլ միջոցներով՝ մարզպետարանների, հ/կ-ների կողմից, աջակցություն տրամադրվում է»:
Հնարավո՞ր է գումար տրամադրվի արտակարգ դրության երկրորդ ժամկետի ժամանակ: Այս հարցին էլ նախարարն այսպես պատասխանեց. «Հնարավոր է, բայց ամեն ինչ կախված է իրավիճակից: Մենք դա քննարկում ենք եւ հասկանում ենք, որ աջակցման ձեւերը կարող են լինել տարբեր, կարող են կրկնվել, լինել միանվագ, կարող են պարզապես դառնալ պետական ծրագրի մի մաս»:
Խոսք եղավ ուռճացված թվերի մասին եւ այն քաղաքացիների մասին, որոնք կառավարության նշած թվերից շատ գազ ու հոսանք են սպառել, ինչպե՞ս պետք է դա վճարեն: «Տվյալները մենք վերցրել ենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, իրենց հետ համագործակցության արդյունքում: Ճշտելու համար քաղաքացիները կարող են դիմել այդ հանձնաժողովին, ինչ վերաբերում է կոմունալների վճարելուն, նշեմ, որ բաժանորդների բավականին մեծ մասը, եթե չասեմ գերակշռող մասը, այն ոլորտներից է, որտեղ աշխատանք չի սահմանափակվել պարետի որոշմամբ»:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս պահին քննարկվում է 12-րդ ծրագիրը, որը վերաբերում է կոմունալների փոխհատուցմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ