Ներկայիս արտակարգ դրությունը և ճգնաժամային իրավիճակը առանձին երկրների ղեկավարներ փորձում են օգտագործել իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակով՝ ստանալով չափազանց լայն լիազորություններ։ Օրինակ՝ մարտի վերջին Հունգարիայի խորհրդարանը ընդունել էր մի օրինագիծ, որն արտակարգ դրության ժամանակ վարչապետ Վիկտոր Օրբանին տալիս է լիազորությունների մեծ շրջանակ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ իշխանությունները ևս փորձում են օգտվել ընձեռված պահից՝ իրենց օգտին որոշումներ կայացնելու և իշխանության լիազորությունների շրջանակն ընդլայնելու համար։ Չլսելով ընդդիմության և փորձագիտական շրջանակների մտահոգությունները՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների ջանքերով ընդունվեցին կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը:
Սակայն օրենքի ընդունումից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում մասնագետների կարծիքներն ուսումնասիրելով՝ պարզվում է, որ իշխանության ներկայացուցիչների հավաստիացումները, մեղմ ասած, հիմնավոր չեն։ Մասնավորապես, օպերատորների տրամադրած տեղեկություններից պարզ է դառնում, որ առանձին դեպքերում հնարավոր չէ հստակ ճշգրտությամբ տեղորոշում իրականացնել։
Օրինակ՝ բազմաբնակարան շենքերում, որտեղ հարյուրավոր մարդիկ են բնակվում և ակտիվ շփումներ են ունենում միմյանց հետ, օպերատորները չունեն տեխնիկական հնարավորություն այդ մարդկանց տեղորոշումը և շփումները հստակ բացահայտելու համար։
Ստացվում է, որ բազմաբնակարան շենքում մեկ վարակված արձանագրելու դեպքում հերթով կարող են զանգահարել այդ շենքի բոլոր բնակիչներին, քանզի տեղորոշման սահմանների ընդգրկունությունը թույլ չի տալիս կոնկրետ շփումների շրջանակ առանձնացնել:
Կարդացեք նաև
Դրա հետ մեկտեղ քաղաքացիները, ունենալով մտավախություն, որ իրենց գտնվելու վայրը տեղորոշում են, իսկ իրենց գաղտնալսում (թեպետ քանիցս նշվել է, որ նման բան չկա), կարող են տեղաշարժվել առանց հեռախոսի կամ մարդկանց հետ շփվել ոչ թե հեռախոսային զանգերի, այլ մեսինջերների միջոցով։
Բացի նրանից, որ իշխանությունների կողմից ընդունված նախագիծը լուրջ խնդիրներ է ստեղծում նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված։ Պատահական չէ, որ վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ այս օրենսդրական նախաձեռնության քողարկված նպատակներից մեկը ընդդիմության մասին տեղեկատվության հավաքագրումն ու կիրառումն է՝ ընթացիկ քաղաքական գործընթացների ժամանակ ընդդիմադիր դրսևորումները ճնշելու նպատակով։ Իսկ այսպիսի իրավիճակը չէր կարող անուշադրության մատնվել ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնք հանդես եկան հայտարարություններով՝ բարձրաձայնելով համավարակի դեմ պայքարի շրջանակում իշխանություններին վերապահված չափազանց լայն լիազորությունների մասին։
Ստացվում է, որ քիչ չէ՝ իշխանությունների օրենսդրական նախաձեռնության արդյունավետությունը համավարակի տարածումը կանխելու առումով, մեղմ ասած, խիստ կասկածելի է, դեռ մի բան էլ նման նախաձեռնությունները հարվածում են Հայաստանի ժողովրդավարական վարկանիշին։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: