Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով նոր կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում իրավիճակի մասին, ասաց. «Երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական եղել է 28-ը: Շատ կարեւոր վիճակագրություն ունենք. դրական դեպքերը առաջին անգամ գրեթե կրկնակի քիչ են, քան առողջացած դեպքերը: Երեկվա դրությամբ ունեցել ենք առողջացման եւ դուրսգրման 54 դեպք: Այս առումով, ունենք 786 ակտիվ դեպք: Այսինքն, ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք: Սա էլ է առաջին անգամ, երբ օրվա արդյունքով մեր վարակակիր պացիենտների թիվը ոչ թե աճում է, այլ նվազում է:
Իհարկե, ունենք նաեւ վատ նորություն. եվս երկու մահ ենք ունեցել: Կարող եմ ասել, որ մեր մահվան դեպքերի միջին տարիքը 74,8 է: Ընդհանուր առմամբ ունենք վատ լուրեր եւ լավ լուրեր: Բայց ինչի համար եմ սա ասում: Ոչ թե նրա համար, որ մեր զգոնությունը թուլանա եւ մենք նորից բռնկում ունենանք: Ուզում եմ ընդգծել՝ այս վիճակագրությունը թույլ է տալիս մեզ ասել, որ մենք ունենք հնարավորություն՝ ջարդելու վարակի ողնաշարը: Հիմա շատ մեծ բան է կախված մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից: Դուք գիտեք, որ պարետատան նոր որոշման շրջանակներում մենք տասնյակ հազարավոր մարդկանց հնարավորություն ենք տվել վերադառնալ աշխատանքի: Եվ այս փուլում ես առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս գործատուների պատասխանատվությանը, թե ինչքանով են նրանք ապահովում պայմաններ իրենց իսկ ընկերությունների աշխատողների վարակման հնարավորությունները նվազագույնի հասցնելու համար: Սա չափազանց կարեւոր է եւ ես ուզում եմ սրանով եւս մեկ անգամ մեր բոլոր գործատուներին եւս կոչ անել, խնդրել, որպեսզի նրանք ձեռնարկեն առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ, որպեսզի մենք կարողանանք վերջին օրերին նկատված դրական դինամիկան ոչ միայն պահպանել, այլեւ զարգացնել, մեր գործողություններով կարողանանք այնպես անել, որ համավարակի պիկը մեզ համար լինի թիկունքում եւ ոչ թե առջեւում: Մանավանդ, որ հիմա եղանակները լավանում են, եւ հույս ունեմ շուտով երեւանյան շոգերը, ամառը կվերադառնան, որոնք մասնագետների ոչ 100%-ով երաշխավորությամբ, բայց նախնական գնահատմամբ պետք է նաեւ դրական ազդեցություն ունենան համավարակի առումով: Այս գործոնների համադրմամբ հույս ունենք, որ մենք կկարողանանք վիճակը լրջորեն փոխել:
Եվս մեկ անգամ ուզում եմ առանձնահատուկ կոչով դիմել բոլոր գործատուներին, որպեսզի իրենք իրենց ընկերություններում ձեռնարկեն հակահամաճարակային առանձնահատուկ միջոցներ:
Այսօր նաեւ հանձնարարություն եմ տվել, որպեսզի մեր պարետատունը հանդես գա նաեւ խորհրդատվական որոշակի կոնկրետ առաջարկներով: Նաեւ մեր տեսչական մարմինները խորհրդատվություն կիրականացնեն այնտեղ, որտեղ հնարավոր է ընկերությունների հետ, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպեսզի նվազագույնի հասցվի աշխատանքի եկող մեր հայրենակիցների վարակման հնարավորությունը: Եվ սրան գումարած՝ եղանակը, պարետատան ձեռնարկած միջոցառումները, արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացումը, եթե մենք նախանձախնդիր լինենք այս բոլոր միջոցառումների իրականացման գործում, ապա իմ գնահատմամբ մենք հիմա, այս պահին ունենք չափազանց լուրջ շանս՝ իսկապես ջարդելու համաճարակի ողնաշարը: Եվ դրա համար լավ լուրերից ոչ թե պետք է մեր զգոնությունը թուլանա, այլ կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի, որպեսզի մենք միասին կարողանանք րոպե առաջ այս իրավիճակը հաղթահարել կամ համոզվել, որ պիկը արդեն թիկունքում է: Այս պահին այդպիսի համոզվածություն, ցավոք սրտի, չկա ի հեճուկս լավ նորությունների»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ