Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող լինել դեպք, երբ կալանավորված անձը հայտնվում է դրսում՝ գրավ վճարելու շնորհիվ». օրինագիծն ԱԺ-ում է

Ապրիլ 14,2020 11:56

«Օրինագծով առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել որպես այլընտրանքային՝ դատարաններին հնարավորություն ընձեռելով անձի հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժել, եթե քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի հանդեպ այլ խափանման միջոցի կիրառմամբ: Դրանք ընտրելու իրավասությունը թողնվում է վարույթն իրականացնող մարմնին»,-ԱԺ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը՝ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Նրա խոսքով՝ եթե կոնկրետ դեպքերում նշյալ նպատակին հնարավոր է հասնել անձի հանդեպ գրավ կամ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցներով, ապա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել չի կարող:

«Այսպես ապահովվում է կալանավորումը որպես բացառիկ խափանման միջոց ընտրելը: Բացի այդ, անկախ նրանից, թե անձի հանդեպ առկա է կալանավորման մասին դատարանի որոշում, թե ոչ, կարող է կիրառվել գրավ՝ որպես ինքնուրույն խափանման միջոց, եթե այն պիտանի է անձի պատշաճ վարքագծի ապահովման համար: Գրավի նվազագույն չափը սահմանվում է 200 հազար դրամ՝ անկախ հանցագործության տեսակից, եւ հնարավորություն կա գրավի չափն անհատականացնելու»,-հայտարարեց փոխնախարարը:

Օրինագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց՝ գործող քրեական օրենսգիրքը սխալ կարգավորումներ է տալիս գրավ եւ կալանք հասկացություններին. «Օրինակ՝ քննիչի միջնորդությամբ անձի հանդեպ ընտրվում է կալանք որպես խափանման միջոց, հետո դատարանը հնարավորություն ունի գրավ կիրառելու: Ստացվում է, որ անձը կալանքի տակ է, բայց դրսում է, քանի որ գրավ է վճարել: Այդպես լինել չի կարող: ՍԴ-ն էլ է իր որոշմամբ արձանագրել՝ չի կարող մարդը միաժամանակ լինել կալանքի տակ, սակայն՝ դրսում: Նման կարգավորում որեւէ պետությունում, իմ իմանալով, գոյություն չունի»: Պատգամավորը կոչ արեց «կողմ» քվեարկել օրինագծին, հակառակ դեպքում կունենանք իրավիճակ, երբ գրավ կիրառելու հնարավորություն որեւէ մարմնի քննիչ հնարավորություն չի ունենա:

Նիկոլայ Բաղդասարյանը միաժամանակ շեշտեց՝ գրավ կիրառելու իրավունք է ունենալու քննիչը, սակայն որեւէ այլ երկրի փորձում նա նման փաստ չի արձանագրել. «Սակայն սա չի նշանակում, թե օրենքը չի գործելու: Ճիշտն ասած՝ մտահոգություն կար, որ չի գործելու: Կարող է լինել այնպես, որ սրա արդյունքում կալանքի կամ գրավի կիրառման թվերն ավելանան: Եթե գրավի կիրառման թվերն ավելանան, դա նաեւ բարենպաստ պայմաններ է ստեղծում, որովհետեւ եթե կա երաշխիք՝ գրավ, որ մարդը առանց խոչընդոտի ներկայանալու է դատարան, պետք է երաշխիքով առաջնորդվել: Օրենքն այսօր ուժի մեջ է մտնելու, ՍԴ որոշման ժամկետի խնդիր կա, եւ ես կդիտարկեմ. եթե տեսնենք, որ կալանքի որոշումները կտրուկ ավելանում են, իսկ գրավիր որոշումները՝ կտրուկ նվազում, կառաջարկեմ վերադառնալ դասական համակարգին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930