Երեկ կառավարությունը որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն վերացնել մի շարք տնտեսական ոլորտներում սահմանափակումները, որ տնտեսությունը շնչի: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանի համար ավելի ցանկալի կլիներ, եթե ընդհանրապես վերացվեր տնտեսական գործունեության որեւէ սահմանափակում, բայց կարծում է, որ այս պահին առողջապահական նպատակներն ավելի կարեւոր են:
– Պարոն Թունյան, կառավարության առաջարկած լուծումները, այն ծրագրերը, որ փաթեթներով ներկայացնում են, Ձեզ գոհացնո՞ւմ են՝ որպես տնտեսագետի, քանզի շատերը հուշում են, որ պետք է այլ ճանապարհներ որդեգրել:
– Այլ ճանապարհները եւ էդ հուշումները լսում ենք շատ ուշադիր, ու դրանք բոլորը քննարկման առարկա են դառնում՝ սկսած համատարած սուբսիդիաներ տրամադրելուց մինչեւ, ասենք, բոլորին առանց որեւէ հասցեականության, թիրախայնության գումար բաժանելը, ինչպես որ անում են որոշ երկրներ՝ սկսած հարկային արտոնություններից կամ արձակուրդներից: Ուղղակի այս պահին մենք գծել ենք այն շրջանակը, որով առաջ ենք շարժվում, եւ տնտեսական ու սոցիալական օգնության մեծագույն մասը կսկսվի արդեն այսօրվանից իրականացվել: Օրինակ՝ 8-րդ միջոցառումը, որով շուրջ 100 հազար քաղաքացիներ պետք է օգնություն ստանան, իրենց գրանցման կարգը կսկսի այսօրվանից գործել: Եթե ընթացքում կտեսնենք, որ էդ միջոցները բավարար չեն, դանդաղ են, լրացուցիչ միջոցառումների կարիք կա, որեւէ սահմանափակում չունենք… այս պահին ինչ անում ենք, ճիշտ ենք անում, ես՝ ինքս, մեր արագությունից մի քիչ գոհ չեմ, պետք է մի քիչ ավելի արագացնել, բայց էդ հանձնարարականներն արդեն տրված են:
– Ես ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ էի զրուցել, ով ասել էր, որ Ձեզ հետ էլ է հանդիպել, եւ որ ինքն ու Վաչե Գաբրիելյանը պատրաստ են օգնել ձեզ, բայց կառավարությունը կարծում է, որ իրենք նախկին են՝ չեն ուզում օգտվել իրենց ծառայություններից:
Կարդացեք նաև
– Կառավարությունում նման կարծրատիպեր չկան՝ նախկին, ներկա, համենայնդեպս, պարոն Արամյանն էլ, պարոն Վաչե Գաբրիելյանն էլ մասնագետներ են, որոնց կարծիքը, անկախ նրանից՝ իրենք որ թիմում են եղել, միշտ կարեւոր է եղել: Զուտ ձեւաչափը հետեւյալն է․ որ մենք քննարկել ենք իրենց հետ որոշ հանգամանքներ, ես՝ ինքս, անձամբ բոլորի հետ կապը պահում եմ եւ իրենց առաջարկները ես՝ ինքս, ներկայացնում եմ մեր գործընկերներին:
– Իսկ Ձեզ համար խելամի՞տ են, ընդունելի՞ են նրանց առաջարկները:
– Պարզ օրինակ ասեմ՝ ես իմ Ֆեյսբուքի էջում դրել եմ, որ շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը վերաբերում է արագացված ամորտիզացիային, եւ այդ արագացված ամորտիզացիայի գաղափարը ծնվել է հենց մեզ մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, որին մասնակցում էին Վարդան Արամյանը, Վաչե Գաբրիելյանը եւ մի քանի այլ տնտեսագետներ: Այսինքն՝ այդ նախագիծը, որը որ կառավարությունում նախնական քննարկել ենք, ինքը հենց այդ մեր համատեղ աշխատանքի արդյունքն է:
– Այսինքն՝ սկսե՞լ են օգնել նախկինները նորերին, ստացվո՞ւմ է համագործակցությունը:
– Նախկինները նորերին չեն օգնում, մենք բոլորս միասին փորձում ենք տնտեսական խնդիր լուծել:
– Ես նաեւ զրուցել էի էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի հետ, ում հաշվարկներով՝ մենք այս պահին օրական մոտ 51 մլն դոլարի կորուստ ենք ունենում: Դուք ի՞նչ հաշվարկներ ունեք:
– Տարբեր հաշվարկներ կան, Վահրամ Ավանեսյանի հաշվարկներով՝ տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի 11 տոկոսանոց անկում կլինի, որոշ գնահատականերով՝ կլինի 2 տոկոսանոց, որոշ գնահատականներով՝ կլինի զրոյական, իսկ որոշ լավատեսական գնահատականներով՝ կարող է տնտեսական աճ ունենանք, բայց՝ դանդաղ: Ես՝ ինքս, նման կանխատեսումներ չեմ կարող անել, որովհետեւ նման գնահատական տալու ռեսուրս չունեմ: Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է համավարակի տարածման արագությունից: Եթե շուտ հաջողվի սրա դեմն առնել, տնտեսական կորուստները մինիմալի կհասնեն: Բայց այն, որ կորուստ ունենալու ենք, դա անխուսափելի է: Այսինքն՝ մենք այս տարի նախատեսվածի չափով տնտեսական աճ շատ քիչ հավանական է, որ կունենանք: Բայց կունենանք անկում, թե կունենանք 0, թե կունենանք 1 կամ 2 տոկոս տնտեսական աճ, դա չեմ կարող ասել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: