Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբնական օրերին համարժեք պայքար չի ծավալվել. Արմեն Բադալյան. «Փաստ»

Ապրիլ 14,2020 11:36

Այս ընթացքում իրականացվող քաղաքականությունը ցույց տվեց, որ իշխանություններն ընդհանրապես չեն տիրապետում ճգնաժամային կամ հակաճգնաժամային կառավարման սկզբունքներին: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որի դիտարկմամբ, հակառակ պատկերի պարագայում մենք չէինք ունենա այն, ինչ ունենք այսօրվա դրությամբ: Քաղտեխնոլոգի խոսքով, սա է պատճառը, որ թե՛ արտակարգ դրությունից առաջ և թե՛ այս ընթացքում առաջնահերթությունների շարքում այլ հարցեր են:

«Վարակի տարածման սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուներ երկու խնդիր. առաջինն ապրիլի 5-ի հանրաքվեն ամեն գնով անցկացնելն ու իր համար դրական արդյունք ապահովելն էր: Այսինքն, նրա համար Սահմանադրական դատարանի դեմ պայքարը շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան վիրուսի դեմ պայքարը:

Բացի այդ, երբ խոսվում էր Իտալիա-Հայաստան ավիափոխադրումները չեղարկելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, իշխանությունները շարունակում էին լոուքոստերների մուտքը որպես հեղափոխության նվաճում ներկայացնել: Ի վերջո, օդային այդ ճանապարհը փակվեց ոչ թե ՀՀ, այլ Իտալիայի կառավարության որոշմամբ: Այսինքն, նմանատիպ օրինակները ցույց տվեցին, որ այս հարցերը Հայաստանի իշխանությունների համար ավելի մեծ նշանակություն ունեին: Այո, ընթացքում արտակարգ դրություն մտցրեցին, այսօր (երեկխմբ.) այն երկարաձգվեց, բայց փաստն այն է, որ սկզբնական օրերին համարժեք պայքար չի ծավալվել: Խնդիրն այն է, որ կարևոր օրեր են բաց թողնվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Արմեն Բադալյանը երկու պատճառ է առանձնացնում՝ բացատրելու, թե այս իրավիճակում ինչու են շարունակում գերակշռել այն առաջնահերթությունները, որոնք, ըստ տրամաբանության, գոնե այսօր սառեցված պետք է լինեին:

«Առաջին պատճառը անձնական է, երկրորդը՝ քաղաքական: Օրինակ` եթե վարչապետը հրաժարվի իր այդ քաղաքականությունից, իրեն կթվա, որ իրեն պարտված են համարում: Ու քանի որ, իր կարծիքով, աննախադեպ թավշյա հեղափոխություն է արել, աշխարհը ցնցել է այդ հեղափոխությամբ ու եկել իշխանության, հիմա, իր պատկերացմամբ, օրինակ՝ չի կարող ինչ-որ մի ՍԴ-ի պարտվել: Սա կընկալի որպես անձնական պարտություն:

ՍԴ կազմը փոխելու խնդիրն անձնական սկզբունքի հարց է, որովհետև այդ մարմինը չի ենթարկվում վարչապետին: Վերջինս առհասարակ չի սիրում, որ ՀՀ-ում ինչ-որ մի մարմին իրեն չի ենթարկվում:

Սա ավտորիտար կառավարմանը բնորոշ սկզբունք է: Կա նաև երկրորդ հնարավոր պատճառը. չի բացառվում, որ կան ուժեր, որոնք նույն ՍԴ-ի կազմը փոխելու խիստ պայման են դնում, որովհետև վստահ չեն, որ ներկայիս կազմը որոշ կարևորագույն հարցերի շուրջ իրենց համար ցանկալի որոշումներ կընդունի: Այս պատճառներն են, որոնք ստիպում են շարունակել նույն քաղաքականությունը: Օրինակ՝ ՍԴ-ի դեպքում եթե ոչ հանրաքվեով, ապա նպատակին հասնել ինչ-որ օրենքներով»,-ասաց մեր զրուցակիցը՝ զուգահեռ շեշտելով, որ նման հարցերի վրա ժամանակ ծախսելու հնարավորություն ընդհանրապես չունենք:

«Անգամ այս իրավիճակը չստիպեց սթափվել ու չի էլ ստիպելու, որովհետև ի սկզբանե էր պետք երկրի զարգացման վերաբերյալ հստակ պատկերացումներ ունենալ: Եթե երկրի զարգացման պատկերացումը չկա, եթե չգիտես՝ ինչ ճանապարհով գնալ, միևնույն է, ոչ մի պատճառ, այդ թվում՝ համաճարակը, սթափվելու հնարավորություն չի տա»,-նկատեց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով, թվում էր, որ 2018թ. կարող էր նոր էջ սկսելու հնարավորություն ստեղծվել, բայց երկու տարիներին այլ պատկեր արձանագրվեց.

«Ոչինչ էլ չփոխվեց: Ն. Փաշինյանը շարունակում է առաջնորդվել ավտորիտար կառավարման ճանապարհով: Ինչ որոշում է, այդպես էլ պետք է լինի: Արհամարհվում է նաև նախկին իշխանությունների տեսակետը, պոտենցիալը, թեպետ կառավարությունում նաև նախկին իշխանությունների շատ ներկայացուցիչներ կան»:

Ամփոփելով՝ քաղտեխնոլոգն ընդգծեց, որ այս ամենի հետևանքով շատ կարևոր հանգամանքներ են դուրս մղվում:

«Մենք կորցնում ենք ժամանակը և ինչ-որ բան անելու հնարավորությունը, որովհետև եթե մեկ տարի առաջ կարելի էր ինչ-որ մի բան անել, հիմա այլևս հնարավոր չէ: Եթե մեկ տարի առաջ հնարավոր էր գրագետ տնտեսական քաղաքականություն իրականացնել, բավականին մեծ ներդրումներ բերել ու աշխատատեղեր բացել, այսօր հնարավոր չէ: Համավարակը ու, առհասարակ, նման պայմաններն այլ իրավիճակ են ենթադրում:

Եթե երկու տարիների ընթացքում կարելի էր բարեփոխումներ իրականացնել, ապա հիմա դրանք իրականացնելու մասին խոսելիս պետք է ընդգծել կորցրած ժամանակի ու ռեսուրսների մասին: Մեծ հաշվով, երկու տարիների ընթացքում մեծ գործ անելու հնարավորություն են կորցրել: Իսկ հետևանքն այն է, որ, ի վերջո, երկիրը չի զարգանում»,-եզրափակեց Ա. Բադալյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930