Լրահոս
Օրվա լրահոսը

Հալած յուղի պես ընդունած սուտ ցուցմունք, հաշիշ տեսակի թմրանյութ. Դավիթաշենի ոստիկանապետն ու նրա տեղակալը կալանավորվել են. «Ժողովուրդ»

Ապրիլ 14,2020 10:54

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժնի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը, բաժնի օպերլիազորը եւ եւս մեկ անձ կալանավորվել են:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցները մուտք էին գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ քննչական գործողություններ էին կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի գործողություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Դավիթաշենի բաժնի աշխատակիցները վերջերս մի անձի են բերման ենթարկում` գողություն կատարելու կասկածանքով: Եվ ահա իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ենթադրյալ գողություն կատարած անձը ոստիկաններին պատմում է, որ գողությունը ինքն է կատարել, անգամ տանում է, ցույց է տալիս դեպքի վայրը եւ պատմում դեպքի մանրամասները, թե ինչը որտեղից է վերցրել: Ասել է թե` տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ահա այստեղից էլ առաջացել է Դավիթաշենի ոստիկանապետին կալանավորելու անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ Դավիթաշենի ոստիկանության կողմից բացահայտված եւ վերադասին զեկուցված ենթադրյալ գողության դեպքը սարքած գործ է եւ գողություն կատարողը սուտ ցուցմունք է տվել ու ոստիկաններն էլ կասկածելի հանգամանքներում այն հալած յուղի պես ընդունել են: ՀՀ ԱԱԾ-ն էլ գաղտնալսումների միջոցով կարողացել է իրականությունը ջրի երես հանել եւ զինված փաստերով ապրիլի 9-ին մտել է ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:

Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նշված օրը` Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում խուզարկություն կատարելու ժամանակ պահարաններից մեկի միջից ԱԱԾ-ն հայտնաբերել է հաշիշ տեսակի թմրանյութ:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ենթադրյալ գողը, որի համար այսօր` ընդհուպ մինչեւ ոստիկանապետ կա կալանավորված, նախկինում դատապարտված է եղել: Արդյոք նա հավաքագրված է եղել ԱԱԾ-ի կողմից նախապես, թե հետո է ԱԱԾ-ն հետքի վրա ընկել, դժվար է ասել, բայց փաստ է, որ մեր երկրում տեղի է ունեցել բացառիկ բան. ուժային մի կառույցը կալանավորել է մեկ այլ կառույցի ոչ շարքային աշխատակիցների:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930