Լրահոս
Օրվա լրահոսը

Չթուլացնել զգոնությունը

Ապրիլ 14,2020 10:00

Չգիտեմ, կա՞ն արդյոք արտակարգ դրության երկարաձգման հետ կապված իրավական խնդիրներ, բայց բովանդակային առումով 100 տոկոսով վստահ եմ, որ այդ ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելը միակ ճիշտ որոշումն է: Սա այն դեպքերից մեկն է, երբ պետք է կիրառել մի մոդել, որի կողմնակիցն եմ եղել միշտ:

Մի կողմից՝ կարծիք, տեղեկատվություն հայտնելու համար մարդկանց պետք է տրվեն լայն (իհարկե, ոչ անսահմանափակ) ազատություններ, եւ նույնիսկ այս իրավիճակում լրատվամիջոցների հրապարակումներն ու ֆեյսբուքյան գրառումները ոստիկանության միջոցով արգելափակելն ինձ համար անընդունելի է:

Մյուս կողմից՝ մարդկանց անվտանգության, առողջության հարցերում անհրաժեշտ է երկաթե կարգապահություն: Անկեղծ լինենք. ցավոք, մենք այն ազգերից չենք, որոնք այդ կարգապահությունը պահպանում են բարձր ինքնագիտակցության շնորհիվ եւ կամավոր սկզբունքով (մեր տարածաշրջանում նման ազգեր չկան). այստեղ պետք է պետության խիստ միջամտությունը:

Մեր ոստիկանությունն այս օրերին պետք է ունենա պարետատան հստակ, մեկնաբանությունների համար տեղ չթողնող ցուցումներ, որոնք պարտավոր է հետեւողականորեն կիրառել: Հակառակ դեպքում՝ արդեն անցած շաբաթ նկատվում էր ոստիկանական վերահսկողության թուլացում, իսկ այս շաբաթ, ենթադրում եմ, հայտարարված մեղմացումների «սոուսի տակ», մարդիկ կսկսեն տեղաշարժվել այնպես, ինչպես որ դա անում էին «նախավիրուսային» ժամանակաշրջանում:

Երեւանի եւ մարզերի սահմանին ոստիկանական անցակետերը որոշ տեղերում երբեմն գործում էին զուտ ձեւականորեն: Մայրաքաղաքում առավել եւս՝ մարդիկ անարգել քայլում էին փողոցներում, եւ ոչ մի ոստիկան նրանց չէր մոտենում: Այդպես չի կարելի. մարդիկ պետք է հասկանան, որ իրենց այդ վարքով նպաստում են վարակվածների թվի ավելացմանը եւ, ի վերջո, նաեւ մահվան դեպքերին: Ոստիկաններն էլ պիտի գիտակցեն, որ «վատություն» եւ անգամ, թող ներվի ասել՝ «յազվություն» անելով փողոցներում անիմաստ թափառող մարդկանց, իրենք, վերջին հաշվով, կյանքեր են փրկում:

Շաբաթներով տանը նստելը ոչ մեկի համար հաճելի չէ: Բայց դրա այլընտրանքը մահաբեր վիրուսի տարածումն է՝ թող ամեն մեկը որոշի, թե ինչն է նրա համար ավելի կարեւոր;

Իշխանության ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, պետք է գտնեն «ոսկե միջինը»: Մի կողմից՝ չանել հայտարարություններ, որոնք քաղաքացիների մոտ խուճապ կամ դեպրեսիա կառաջացնեն: Մյուս կողմից՝ զգոնությունը թուլացնող լավատեսություն չտարածել, ժամկետներ չնշել, թվերով եւ աղյուսակներով «լավատեսական մանիպուլյացիաներ» չանել:

Եթե իսկապես ցանկություն կա, որ կորոնավիրուսի հետ կապված այդ իրավիճակը որքան հնարավոր է շուտ ավարտվի, ապա դրա ելքը մեկն է՝ ստիպել մարդկանց, որ տանը նստեն, սահմանափակել նրանց շփումները ու պահանջել, որ պահպանեն հիգիենայի կանոնները: Ուրիշ ճանապարհ չկա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    Իմաստուն դիտողութիւններ որ իշխանութիւնները պէտք են նկատի առնել լրջօրէն,եթէ կ՛ուզենք ստոյգ աղէտի մը առաջքը առնել .Արեւմտեան երկիրներու օրինակը դիմացնիս է ։

  2. Ruben says:

    Ինչո՞վ է զբաղված Հայաստանի գիտությունների ակադեմիան:
    ԳԱԱ-ն ֆինանսավորվում է պետական բյուջեից։
    Ակադեմիան ունի ավելի քան 4500 աշխատակից, որոնցից 99-ը ակադեմիկոսներ, 20-ը թղթակից անդամներ, 335-ը գիտության դոկտորներ, և 1156-ը գիտության թեկնածուներ են։ Ակադեմիան նաև իր կազմում ունի 3 պատվավոր անդամ, 24 արտասահմանյան անդամ և 24 պատվավոր դոկտոր։
    Կորոնավիրուսի բուժման (դեղորայքի) համար ի՞նչ է արել Հայաստանի գիտությունների «ազգային» ակադեմիան:
    Եթե ոչինչ, ապա հարկավոր է ցրել այդ մակաբույծների կազմը և հավաքել նոր գրագետ և խելամիտ մարդկանց:

  3. Artur Lazarian says:

    Բա մի հատ պայծառ ուղեղ անթիւ անհամար «աստղիկների» գլխին էր հաւաքել ու կոչ արել, թէ «ՄԻ՛ մնա տանը» 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930