Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնապետության համեստ հմայքը

Ապրիլ 14,2020 09:00

Ինքնամեկուսացման մեջ գտնվելու ընթացքում ամենահաճելի զբաղմունքը մտորումներն են այն աշխարհի մասին, որը մեզ սպասվում է այս համավարակի ավարտից հետո: Եվ ես մտածեցի, որ մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է Չինաստանը մեղմորեն, բայց մեթոդիկ կերպով դառնում աշխարհի երկրորդ գերտերությունը՝ ԱՄՆ-ին զրկելով այդ կարգավիճակի մենաշնորհից:

Ընդհանրապես, եթե խորանանք, «գերտերություն» բնորոշումը մի փոքր լղոզված է: Ոմանք համարում են, որ այդ կարգավիճակին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ անվիճարկելի ռազմական ուժ, որն ի վիճակի է ողջ մոլորակի տարածքում խնդիրներ լուծել: Մյուսները կարծում են, որ գերտերության հիմքում հզոր տնտեսությունն է, այլք պնդում են, որ՝ մշակույթը, որոշներն էլ (ընդ որում՝ այս վերջիններիս քանակը գնալով աճում է) համարում են, որ կարեւորը տեխնոլոգիան է: Բայց մեծամասնությունը համաձայն է այն մտքին, որ երկիրը գերտերություն դարձնողը ոչ թե մեկ գործոն է, այլ դրանց համախումբը:

Սակայն ոչ ոք՝ մինչեւ վերջերս, այդ ցանկում չէր ներառել համավարակներին դիմակայելու ունակությունը: Այ, այստեղ մի քիչ ավելի մանրամասնելու կարիք կա:

2010 թվականից սկսած Չինաստանը սկսեց մշակել սոցիալական կրեդիտի չափման համակարգը: Եթե կարճ, ապա դա ավտոմատացված համակարգ է, որը մեկ ամբողջության մեջ է միավորում ֆինանսական, հաղորդակցության, վարքաբանական դիտարկումների համակարգերը: Փողոցներում տեղադրված տեսախցիկները, հեռախոսների հավելվածները, բանկային գործարքները, սոցցանցերում հաղորդագրությունները եւ գրառումները, հաղորդակներում շփումները եւ շատ այլ բաներ գրանցում են քաղաքացիների վարքը եւ նրանց ավտոմատ գնահատականներ էին տալիս: Անցնում ես փողոցը չնախատեսված վայրում՝ իջնում է սոցիալական վարկանիշդ: Գրում ես Կոմկուսին անհաճո մեկնաբանություններ՝ կորցնում ես աշխատանքդ: Այս թեմայով հետաքրքրվողներին առաջարկում եմ անգլիալեզու Վիքիպեդիայում աչքի անցկացնել Social Credit հոդվածը:

«Բայց չէ՞ որ դա տոտալ վերահսկման համակարգ է»,-կասեք դուք եւ իրավացի կլինեք: Սակայն հենց այն պատճառով, որ այդ համակարգը Չինաստանում արդեն կար, համավարակի դեմ պայքարը բավականին արդյունավետ եղավ: Չինաստանը երկու ամսվա ընթացքում կարողացավ «սխկել» կորոնավիրուսը: Եվ ստիպեց, որ ողջ աշխարհը մտածի այն մասին, թե որքանով են կարեւոր այդ թվային իրավունքները՝ անանուն մնալու իրավունքը (ինչը Չինաստանում չկա), ցանցին անարգել մուտք ունենալու իրավունքը (ինչը նույնպես Չինաստանում չկա), չհամաձայնեցված կարծիքի արտահայտման իրավունքը (Չինական համացանցում մեկնաբանությունները նախակարգաբերվում են՝ «մոդերացվում» են): Իրականում այստեղ խոսքը ոչ միայն թվային իրավունքների մասին է, այլ մարդու հիմնարար իրավունքների մասին՝ այլախոհին, որը չինական բանտում իր ազատազրկումն էր կրում, հայտարարեցին վարակակիր եւ պարտադրեցին տնային կալանքի՝ իր ընտանիքից 400 կմ հեռավորության վրա: Եվ այդ կալանքը խախտել հնարավոր չէ՝ հսկողությունն ամենուր է եւ նրանից հնարավոր չէ փախչել:

Ճիշտ ժամանակն է վերադառնալու գերտերություններին: Գերտերության հատկանիշներից մեկը մշակութային հմայքն է: Այլ խոսքերով, հետեւյալ միտքն արտահայտելու հնարավորությունը. «Հետո ինչ, որ Չինաստանում համատարած վերահսկողություն է: Փոխարենը՝ տեսեք, կորոնավիրուսի հարցը ինչ լավ լուծեցին, ոչ թե այդ ձեր ազատ Իտալիայի կամ աշխարհին ժողովրդավարություն սովորեցնող ԱՄՆ-ի նման»: Առաջին, երկրորդ եւ հաջորդ ցանկացած այլ հայացքներից՝ սա բավականին տրամաբանական պնդում է՝ ընդդեմ թվային եւ քաղաքացիական ազատությունների:

Ցանկացած նախորդ, ներկա եւ հաջորդ բռնապետությունը մարդու համար, ում պետք չի ազատություն, կունենա իր գրավիչ կողմը: ԽՍՀՄ-ում անվճար առողջապահություն եւ բնակարաններ կային: Հիտլերը կառուցեց հազարավոր կիլոմետր ճանապարհներ: Չինաստանը հաղթեց կորոնավիրուսին, իսկ ժամանակակից Ռուսաստանում վերադարձնում են Ղրիմը:

Բայց չէ՞ որ մեզ, իմ համբերատար ընթերցող, պետք են իրավունքներ եւ ազատություններ:

Թե՞ չէ:

Ս. Յ.

«Առավոտ» օրաթերթ

14.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել