Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ո՞վ է մեզ «օգնում»

Ապրիլ 14,2020 22:00

Այլեւս փաստ է, որ կորոնավիրուսի համավարակը շատ բան է փոխում թե ներքին, թե արտաքին միջավայրերում, քաղաքականությանը հաղորդելով նոր առաջնահերթություններ։ Անկախ դժկամությունից կամ տհաճությունից, որը կարող է առաջանալ դրա գիտակցման բերումով, այնուամենայնիվ այդ փաստի հետ հաշվի են նստում բոլորը, նույնիսկ առավել պնդաճակատ բռնապետությունները։ Սակայն, նրանց քաղաքական վարքը իներցիայով շարունակվում է, իսկ այդ վարքում մեծ չափաբաժին ունեցող մանր քրեական հակումները սովորաբար չեն փոխվում, խնդիրը միայն հնարավորությունների մեջ է, իսկ ավելի ճիշտ՝ այն հնարավորությունների, որոնք նրանց տրվում են ուրիշների կողմից, կամ այլեւս չեն տրվում։ Իսկ մանր քրեականները սովորաբար արագորեն հետ են քաշվում, երբ սկսում են հասկանալ (կամ երբ հասկացնում են) իրենց վարքի հետեւանքները։

Ռուսները շատ լավ են հասկանում, թե որտեղ է մեր շահերն օբյեկտիվորեն համընկնում, իսկ որտեղ ոչ, ընդ որում հասկանում են նաեւ, որ երկրորդն օբյեկտիվորեն ավելի շատ է, քան առաջինը։ Հասկանում են նաեւ, որ կորոնավիրուսի համավարակն այդ հարաբերակցությունը չի փոխել եւ որեւէ հիմք չկա մտածելու, թե կփոխվի։

Բայց արի ու տես, որ հայկական կողմում կա մի ընկալում, թե այնուամենայնիվ ռուսներին պետք է ինչ-որ բաներ բացատրել, որ մեր շահերը «համընկնում են», ընդ որում այնպիսի հարցերում, որտեղ հաստատ չեն համընկնում։

Նախ, օրերս հայկական խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է, մի կողմ դնելով իր նախկին համարումը, Զորի Բալայանին վայել բառամթերքով լեցուն նամակ գրում Մոսկվա, թե եկեք «համատեղ հաղթահարենք այս համավարակը»։ Հետո Հայաստանի վարչապետն է շնորհակալություն հայտնում պարոն Միշուստինին ինչ-որ առերեւույթ «աջակցության» համար։ Եվ ռուսներին սկսում է թվալ այն, ինչ թվում է սովորաբար եւ միշտ, երբ նրանց ասում են «համընկնող շահերի» մասին այն հարցերում, երբ շահերի համընկնում հաստատապես չկա։

Կորոնավիրուսի համաճարակը Ռուսաստանում դեռ շատ հեռու է պիկից, սակայն ակնհայտ է, որ ռուսական պետությունն ընդունակ չէ որեւէ արդյունավետ քայլերի՝ աղետը կանխելու ուղղությամբ, եւ իրավիճակը մատնված է ինքնահոսի. իշխանությունն ինքնամեկուսացել է երկրի բնակչությունից, առանձին նահանգապետեր դրսեւորում են մարդկային որակներ եւ փորձում են սանձել ահագնացող վտանգը, սակայն դա բացառապես նրանց սեփական որոշումն է։

Իրավիճակը վատթարանում է, կապված նավթի գների աննախադեպ անկման հետ, երբ տնտեսությունը դեգրադացված է մինչեւ մեկ խողովակի տնտեսության, եւ երկրի բարեկեցությունը պայմանավորված է նրանով, թե նավթային ասեղով սնուցումը կգա՞, թե՞ չի գա։ Սակայն, մի շարք մանր վնասարարությունները հարեւանների նկատմամբ, դրանց ուղեկցող պրոպագանդիստական աղմուկը շարունակվում են։ Հայաստանի մասով՝ եւս. մասնավորապես՝ «Յուքոմ» ընկերության ռեյդերային զավթման փորձը, որը գոնե այս պահին սառեցված է, հայտնի դարձավ այն միջազգային խուլիգանության մասին, որով զբաղված էին «հայկական» ավիաընկերություններն Աֆրիկայում տարիներ շարունակ, եւ հայտնի դարձավ, որ մինչ օրս որոշակի շահերի խմբեր շարունակում են այդ խուլիգանության լոբբինգը։ Նրա՛նք են պնդում, թե «Տաթեւիկ Ռեւազյանն ավիացիայից բան չի հասկանում», իսկ «հասկանում են» միայն նրանք։ Այդ ոլորտն իր «տանիքի» ներքո է վաղուց առել, ըստ ռուսական մամուլի՝ «Պուտինի խոհարար» համարվող ոմն Պրիգոժին, որը զբաղված է, ըստ մամուլի հրապարակումների՝ Աֆրիկայի թեժ կետերում զենքի անօրինական վաճառքով, վարձկանների գործողությունների համակարգմամբ, ստվերային տնտեսական գործունեությամբ։ Ի դեպ, համաձայն ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետաքննություններից մեկի, այդ ոմն Պրիգոժինը Հայաստանում հեղափոխությունից ամիսներ առաջ նույնիսկ ընկերություն էր գրանցել Երեւանում՝ «Էրեբունի» ռուսական ավիաբազայի հասցեով եւ հենց այդպես էլ գրանցել ՀՀ Պետռեգիստրում։

Հայաստանում դեռ շատ համանման աղբ է դուրս գալու ջրի երես, բայց ոչինչ չի կարող համեմատվել այն ամենի հետ, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի գազամատակարարման ոլորտը։ Եթե լկտիության վարկանիշ կազմվեր, ապա այդ ոլորտը հաստատապես մրցակից չէր ունենա։ Եվ ուրեմն, երբ «Մեծ էներգետիկ տերությունը», որը նաեւ «մեր ռազմավարական դաշնակիցն է», կանգնել է մի փաստի առաջ, երբ մեկ տակառ նավթն արժե նույնքան, որքան մեկ շիշ կոնյակը, ապա տրամաբանական է, որ գազի գինը նույնպես պետք է վերանայվի ըստ ջերմային էկվիվալենտի։ Համենայն դեպս, Հայաստանի առաջարկը գազի գնի նվազեցման վերաբերյալ որեւէ մեկն իրավունք չունի համարելու ոչ տրամաբանական։ Բայց մենք ստանում ենք ռուսների «հուզիչ» պատասխանը, ընդ որում դա «հատուկ նրբագեղությամբ», ինչպես կասեր ընկեր Լավրովը, արվում է իրենց հայկական դուստր ձեռնակության միջոցով, ըստ որի, ՀԾԿՀ հայտ է ներկայացվում գազի սակագինը 36% բարձրացնելու վերաբերյալ։ Ընդ որում, սա էլ այն դեպքում, երբ «ԵԱՏՄ» կոչվող պսեւդո-միությունը ստեղծվել է իբր ազատ առեւտրի պայմաններ ապահովելու համար։

Իհարկե, անկախ ամեն ինչից, հայ ժողովուրդը դեռ շատ երկար է հիշելու ռուսների նման «դաշնակցային» մոտեցումը, ինչպես նաեւ հիշեցնելու են, երբ դրա անհրաժեշտությունը լինի, դա չէ հարցը։ Հարցն այն է, որ կորոնավիրուսի համավարակը մակերես բերեց մի իրողություն. այլեւս դե-ֆակտո չկա այդ՝ առանց այն էլ անհասկանալի կոնգլոմերատը, որը տարբեր անբարեհունչ հապավումներով եւ թթված դեպքերով տարիներ շարունակ հասցրել է հոգնեցնել զզվեցնելու աստիճան՝ ԱՊՀ-ԵԱՏՄ-ՀԱՊԿ-Պուտին-Մեդվեդեւ-Պուտին-հավաքվել-նստել-ճամարտակել-փողկապով-անփողկապ եւ այլն, եւ այդպես շարունակ։ Ո՞ւր են նրանք։ Այդ հարցը ռուսներն էլ են տալիս, բելոռուսներն էլ։ Նաեւ հարց են տալիս. իսկ ո՞ւմ են պետք նրանք։ Դա էլ արդեն հռետորական հարց է։

Եվ այդքանի ֆոնին ռուսական պրոպագանդան բազմիցս հերքված՝ «Պենտագոնի լաբորատորիաների» թեման շարունակում է ծամծմել, իսկ մի շարժական լաբորատորիան, որը բերված է Գյումրիի ռուսական բազայի անձնակազմի սպասարկումն ապահովելու առաջնահերթ նպատակով՝ երեք օր շարունակում է ներկայացնել որպես մի «աննախադեպ օգնություն հայ ժողովրդին»։

Երբ մերձմոսկովյան հիվանդանոցների մոտ կուտակված շտապ օգնության մեքենաների հերթերի լուսանկարները հայտնվեցին համացանցում, պարզ դարձավ, որ միակ բանը, որ պետք է անել, դա հայերին այդ քաոսից տարհանումն է։ Պարզ է, որ նման շարժական լաբորատորիա այդտեղ չկա եւ գուցե նախատեսված էլ չէ, քանզի դրա վրա պրոպագանդա չես սարքի։ Եվ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, հայկական կազմակերպությունների, առանձին պաշտոնյաների եւ անհատների ջանքերը Մոսկվայում եւ Երեւանում ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը։

Իհարկե, շնորհակալություն հայտնելը որպես քաղաքավարության դրսեւորում ինքնին՝ վատ բան չէ, սակայն, երբ դիմացինդ դա չի ընկալում որպես թուլության կամ տարօրինակության դրսեւորում։ Ի վերջո, Եվրամիությունը, Գերմանիան, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը մեծածավալ ֆինանսական միջոցներ են հատկացրել Հայաստանին, եւ ամենեւին էլ կարիքը չկա ամեն տեղից վերկենալուց շնորհակալություն հայտնել, ի վերջո դա գործընկերություն է։ Եվ եթե շնորհակալությունը հնչեր՝ դա եւս առանձնապես տարօրինակ չէր թվա, ի վերջո դա բարի կամքի դրսեւորում է։ Սակայն, շատ երկար է պետք մտածել, թե այնուամենայնիվ ինչի համար ենք մենք շնորհակալ Մոսկվային, եւ փաստ չէ, թե դրա պատասխանը կա, քանզի նաեւ պարզ չէ, թե մենք ինչի՞ կարիքն ունենք, որ պիտի դա մեզ Մոսկվան տա, եւ դա ուրիշ տեղ չկա, մանավանդ երբ դրա համար Հայաստանը վճարում է, իսկ գազի համար՝ գերավճարում։ Եվ այդ ովքե՞ր են մեզ այդպես «օգնում»։ Մեկը լիներ՝ ձեզ օգներ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Լուսանկարում՝ Շտապ օգնության մեքենաների կուտակումները մոսկովյան հիվանդանոցներից մեկի մոտ։

 «Առավոտ» օրաթերթ
14.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մեր տաղանդաւոր երգահանը հո պատահակա՞ն չի ասել. «ոխերիմ բարեկամներ»։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930