Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարությունը մեծ գումար չի ծախսի, բայց կհայտարարի, որ մարդկանց կոմունալ ծախսերն է հոգացել. Դավիթ Խաժակյան

Ապրիլ 13,2020 23:33

«Ակնհայտ է, որ եթե խոսքը գնում է փետրվար ամսվա վճարումների մասին, ապա դրանց հաշիվներն արդեն կան, ու կառավարությունը վերցրել՝ այնպիսի շեմ է սահմանել, որով մեծ գումար չի ծախսի, բայց կհայտարարի, որ մարդկանց կոմունալ ծախսերն է հոգացել. ֆիքսենք, որ դա վերաբերում է ոչ թե 15.000 դրամին, այլ դրա կեսին՝ 7500 դրամին»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետեւանքների վերացման կառավարության այսօրվա ներկայացրած 11-րդ միջոցառմանը:

Հիշեցնենք, որ միջոցառումը վերաբերում է գազի եւ էլեկտրաէներգիայի բոլոր այն բաժանորդներին, որոնց փետրվար ամսվա ծախսը գազի գծով կազմել է ոչ ավելի, քան տասը հազար դրամ, էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է մինչեւ 5 հազար դրամ:

Դավիթ Խաժակյանը այս ծրագրի շահառու խմբի վերաբերյալ որոշակի սպեկուլյացիա է տեսնում. «Հակառակ դեպքում կառավարությունը կարող էր հայտնել, թե ինչ գումարի մասին է խոսքը եւ այն բաժանելով 7500 դրամի՝կհասկանայինք՝ քանի շահառու կա այս մասով:

Սրանով նաեւ քաղաքային ամբողջ համայնքը դուրս է մնում աջակցությունից, որովհետեւ ինչպես անկեղծացավ իշխանական պատգամավորներից մեկը, այսպիսի ցածր կոմունալ վճարներ փետրվարին կարող են լինել այն մարդկանց մոտ, որոնք տունը տաքացնում են ոչ թե լույսով կամ հոսանքով, այլ տարբեր իրեր են վառում տաքանալու նպատակով: Սա նշանակում է, որ իրենք կրկին կորոնավիրուսից տուժած մարդկանց չեն ընտրել, այլ հասկանալով, որ մարդիկ կոմունալ վճարների վճարման հարցում բողոքներ ունեն, իրենք պարզապես հայտարարելու համար ընդունել են այս նախագիծը»:

Ավագանու անդամն ունի տվյալներ, որ կառավարության նախատեսած սոցիալական աջակցության մյուս ծրագրերից էլ շատ քաղաքացիներ պատշաճ իրազեկված չեն. «Մեր կուսակցության գրասենյակում աշխատեցնում ենք զանգերի կենտրոն, որով փորձում ենք խորհրդատվություն տրամադրել մարդկանց, որոնք կարծում են, որ կարող են ստանալ այդ աջակցությունը: Պետք է ասեմ, որ իրազեկման մակարդակը բավականին ցածր է, մարդիկ ունեն հարցեր, որոնց պատասխանները չեն ստանում կառավարությունից: Երբ մարդկանց ուղղորդում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կամ պարետատան թեծ գիծ, հասկանում ենք, որ այդ թեժ գծերը պարզապես չեն գործում, ու մարդիկ չգիտեն՝ կարող են դիմել այդ ծրագրերին, որ ծրագրին պետք դիմեն, այս իրավիճակը մարդկանց էլ ավելի է զայրացնում:

Տպավորություն է ստեղծվում, որ եթե անդրադառնանք կորոնավիրուսի տարածումից տուժած տնտեսվարողներին, ապա թիրախները ընտրված են մակերեսային ու որոշակի հաշվարկված գումարներով այնքան որ հայտարարեն, որ աջակցության ծրագրեր են իրականացնում, որովհետեւ սահմանափակումներն ու դրա հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրներն ու իրենց տրամադրած աջակցությունը համաչափ չեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930