Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակում նախագահական ընտրություն, ի՞նչ է, աշխարհի վե՞րջն է

Ապրիլ 13,2020 22:00

Արցախի նախագահական ընտրությունների դեռ առաջին փուլի ժամանակ, երբ դեռևս արտակարգ իրավիճակ հայտարարված չէր, ինչպես ես, այնպես էլ շատ-շատերը, կորոնավիրուսի վարակի տարածման վտանգի հետ կապված բարձրաձայնել էինք, որ այդ ռիսկը շատ մեծ է և պարտադիր պետք է ընտրությունների անցկացումը հետաձգել մինչև հարմար ժամանակ, սակայն, ցավոք լսող չեղավ և այնուամենայնիվ, այն տեղի ունեցավ ու ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ, որը պետք է տեղի ունենա ապրիլի 14-ին:

Ապրիլի 12-ին Արցախի իշխանությունն, այնուամենայնիվ, կայացրեց խոհեմ որոշում. հայտարարեց արտակարգ իրավիճակ, որի կետերից մեկը՝ Արցախում ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի, որն ամեն դեպքում, տարատեսակ կարծիքների տեղիք է տալիս: Հավանաբար, Արցախի սահմանադրությունն այդ հնարավորությունը տալիս է, սակայն որքան էլ փորձեն պահպանել որոշման մեջ առկա սահմանափակումները, այնուամենայնիվ վարակի տարածման վտանգը շատ մեծ է: Որքան էլ փորձ արվի զերծ մնալ մարդկային կուտակումներից և խստիվ պահպանել պահանջվող սոցիալական հեռավորությունը, այնուամենայնիվ վարակի տարածման վտանգը շատ մեծ է:

Բնական հարց է առաջանում՝ մի՞թե աշխարհում կգտնվի մեկ այլ երկիր, որտեղ իշխանության համար բնակչության առողջությունից ավելի կարևոր ու առաջնային բան կա, որին կարելի է ստորադասել բնակչության առողջությունը: Ուզենք, թե չուզենք, արտակարգ իրավիճակի այս որոշումը կարծես դրա մասին է փաստում, այնպես որ, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հիշյալ որոշման այդ կետը կամ նորմալ չի քննարկվել, կամ Արցախյան ճակատամարտի ճակատագիրը միմիայն որոշում է՝ հենց ապրիլի 14-ին կայանալիք ընտրության երկրորդ փուլի անցկացմամբ:

Իսկ, եթե այս վերջին ենթադրությունը սխալ հիպոթեզ է, ապա այդ որոշման մեջ՝ ընտրությունների անցկացման վերաբերյալ կետը՝ մեղմ ասած, աբսուրդի ժանրից է: Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ, թե աշխարհի որևէ ժողովրդավարական երկրում, որևէ ժամանակ արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվել է նախագահական ընտրություն, թե ոչ և եթե անգամ անցկացվել է, ապա դա ինչպիսի որոշիչ բացառություն կարելի է որակել, այնպես որ, չեմ կարծում, որ սա հենց նմանատիպ դեպքերից է և արժե, անպայման, գնալ այդ բացառության ճանապարհով: Իսկ ի±նչ է պատահել, 30-ից ավելի տարիներ պատերազմող Արցախում, որն այդ ընթացքում չափազանց մեծ ծախսեր է կատարել, նպատակահարմար չի համարում, որ նախընտրական շրջանում՝ այդ ծախսերի համեմատությամբ, ևս մի քանի կոպեկի լրացուցիչ ծախս է արել և չի ուզում, որ դա իզուր կորչի, որի պատճառով էլ որոշել է չհետաձգել ու այդ օրն անպայման անցկացնել ընտրությունների երկրորդ փուլը:

Սակայն, չէ՞ որ Արցախում կա օրինական ընտրված իշխանություն, որին հենց նույն սահմանադրությունը կարող է լիազորել իրացնել իշխանությունը՝ գոնե մինչև արտակարգ իրավիճակի վերջնաժամկետը: Իսկ եթե, այս որոշումն իր մեջ, այնուամենայնիվ, պարունակում է նաև պետական գաղտնիքի որոշակի տարրեր, ապա իշխանությունները թող բարի լինեն ժողովրդին գոնե հպանցիկ բացատրել, թե ինչո՞ւ է պարտադիր և ինչո±վ է պայմանավորված, որ ընտրությունները պետք է անցկացվեն հենց այդ օրը: Համոզված եմ, որ այդ դեպքում ամեն ինչ՝ այսպես ասած, կընկնի իր տեղը և ժողովուրդն ամեն ինչ ճիշտ կհասկանա ու հանգիստ սրտով կիրացնի իր նորմալ ընտրությունը…: Այլապես, տպավորություն է ստեղծվում, որ ստեղծված էքստրեմալ իրավիճակում, բնակչության առողջությունը վտանգելով, փորձում են մեկ անձի հարց լուծել…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930