ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով սահմանվում է՝ կորոնավիրուսային հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորություն կունենան նաեւ ինֆեկցիոն ծառայություն չունեցող բժշկական կազմակերպությունները: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ օրինագիծը մինչեւ երկրորդ ընթերցումը որոշակի փոփոխություններ է կրել: Նախ, սահմանվել է, որ այն ուժի մեջ կմտնի ընդունման պահից, իսկ ոչ ինֆեկցիոն մասնագիտացմամբ բուժհաստատությունները նշյալ տեսակի բուժսպասարկումն առանց համապատասխան լիցենզավորման կարող են իրականացնել միայն ՀՀ-ում արտակարգ դրության սահմանված լինելու պարագայում՝ կառավարության որոշմամբ:
Հիշեցնենք նաեւ, որ այս օրինագծով կորոնավիրուսային հիվանդների բուժօգնությանը եւ սպասարկմանը կներգրավվեն նաեւ այլ բուժաշխատողներ, այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներ: Օրինագծի երկրորդ ընթերցմանը եւ ամբողջությամբ ընդունմանը պատգամավորները միաձայն «կողմ» քվեարկեցին: Միաձայն եւ ամբողջությամբ ընդունվեց նաեւ «Դեղերի մասին օրենքում» լրացումների օրինագիծը, որը դեղերի մեծածախ առեւտրով զբաղվող կազմակերպություններին լիցենզավորվելու հնարավորություն է տալիս մինչեւ այս տարվա օգոստոսի 15-ը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ