«Լավագույն հայը Նժդեհն ու Կոմիտասն են, բայց Մաշտոցն անքննելի է, և նա մեր ինքնությունն է»,- Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն կազմակերպած առցանց քննարկմանը հայտարարեց ազգային պարարվեստի գործիչ, բանահավաք, գրող, մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«Ո՞վ է հայը» խորագրով առցանց զրույցին երիտասարդները մի շարք հարցեր հղեցին Գագիկ Գինոսյանին: Հարցին՝ ո՞րն է իր երազած Հայաստանը, Գագիկ Գինոսյանը պատասխանեց՝ հիշելով Մովսես Գորգիսյանին, որն ասում էր՝ կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու. «Կուզեի Մովսես Գորգիսյանը վերածնվեր, և հարցնեի՝ ի՞նչ նկատի ուներ՝ այս խոսքերն ասելով: Մենք ինքնիշխան ենք դե յուրե, բայց դե ֆակտո՝ ոչ: Քանի դեռ մենք նախկին իշխանությունների պատճառով ատոմակայանով, երկաթգծով, մեզ կախվածության մեծ բազաներ են ստեղծել, որ մենք կախված մնանք ինչ-որ երկրներից, ապա մեր անկախության մասին խոսելը դժվար է»:
Ըստ Գագիկ Գինոսյանի՝ անանձնական սիրո գաղափարն է, որ հային միշտ կարողացել է պահել ու տալ զորություն: Նա քննադատեց այն գործիչներին, որոնք տուրք են տալիս Գագիկ Գինոսյանի ձևակերպմամբ՝ ռուսական բարբաջանքներին: Այս առիթով նա նշեց. «Գտնվեցին և այսօր էլ կան մարդիկ, որոնց ռուսական բարբաջանքը, որ Նժդեհը ֆաշիստ է եղել, հարազատ էր, քանի որ իրենք իրենց մեջ ասպետականություն չեն գտնում, և ասպետին ոչնչացնելու մեծ ցանկություն կար: Երբ կա ասպետ, ոչ ասպետ մարդիկ հասկանում են՝ պետք է Նժդեհին ոչնչացնել, քանի որ նա խամրեցնում է իրենց փայլը: Եվ ինչ-որ մի իբր հիմնադիր նախագահ Հայաստանի ասում է՝ փառք Աստծո, որ ազգի մեծ մասը Նժդեհ չի կարդացել, և Աստված մի արասցե, որ կարդա, քանի որ Նժդեհ կարդալուց յուրաքանչյուրը գտնում է իր ինքնությունը. մոլորյալ չէ և չի գնալու նման հիպնոսի տիրապետող մարդկանց հետևից, չի հավատալու առաջնորդներին, որոնք տանում են իրենց, մոլորեցում և հայ մարդուն զրկում արժանապատիվ կենսակերպից»:
Գագիկ Գինոսյանը հիշեցրեց ՝ Նժդեհը կանգնեց կռվելու ռուսի դեմ, նրան հետևեց Լեոնիդ Ազգալդյանը: Այնուհետև մտահոգություն հայտնեց. «Ռուսի համար գերխնդիր է ոչնչացնել մեր այն տեսակը, որ մի օր կանգնելու է իր արժանապատվությանը տեր: Ու պատահական չէ, որ մինչև օրս մեր իշխանությունները Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում չեն տալիս՝ ռուսական իշխանությունների կամակատար լինելով: 99 տոկոսով վստահ եմ, որ ռուսական անվտանգության ծառայության մատնահետքերն են Լեոնիդի առեղծվածային սպանության թիկունքում կանգնած, որի իրականացումը, հավանաբար, հայ դավաճաններն են կատարել՝ ռուսական հրահանգով»: Գագիկ Գինոսյանի համոզմամբ՝ քանի դեռ լսում ենք հյուսիսային մայրաքաղաքի հրամանները, մեր ինքնության, արժանապատվության, հզոր ապագա ունեցող երկիր կառուցելու մասին կարելի է ուղղակի երազանքներ հյուսել և երբևէ իրատեսական կածանի վրա չբերել:
Կարդացեք նաև
Խոսելով COVID-19-ի տարածման պայմաններում Հայաստանի վարած քաղաքականության մասին՝ Գագիկ Գինոսյանը համարեց, որ մենք էլ ենք ենթակա դարձել աշխարհի խաբկանքին: Նա մանրամասնեց. «Հայաստանում մոտավոր հազար մարդ է հիվանդացել, և երեք միլիոն հայ պարալիզացվել է, քանի որ այդպես հարկ է համաշխարհային տնտեսություններին: Սա ընդամենը փորձարկում է՝ վտանգը ներարկելու, խուճապը ներարկելու մեր հոգիների մեջ, որ վախի մթնոլորտը Հայաստանից լինի անբաժան»:
Միևնույն ժամանակ Գագիկ Գինոսյանը վստահեցրեց՝ սա չի նշանակում, որ հիվանդության վտանգը չկա, և պետք է ամենաթողությամբ զբաղվել ու շեշտեց. «Ակնհայտ է, որ նման ձևով մեր կենսակերպը շարունակելուց հետո, մենք ընկնելու ենք մի նոր խնդրի առաջ՝ տնտեսական հզոր ճգնաժամի մեջ, որը հանգեցնելու է մեծ երկրներից հերթական օգնությունների»:
Ըստ նրա՝ մեր տնտեսությունը նավարկելի է, և առաջիկայում պետք է մտածենք մեր տնտեսությունը հնարավորինս ինքնաբավության բերելու մասին:
Գագիկ Գինոսյանի համար ցավալի է, որ նոր իշխանությունները լավ գործերի հետ մեկտեղ անում են հզոր բացթողումներ. «Հզոր բացթողում է, երբ մենք հռչակում ենք նաև տնտեսական և ֆինանսական հեղափոխություն: Պիտի ասեմ, որ ոչ մի բան չի իրականանալու Հայաստանում, քանի դեռ մենք չենք լծվել արժեհամակարգային հեղափոխության: Մեր արյունը պղտոր է, դրա համար էլ մեր մարմնի վրա բազում չիբաններ կան, իսկ մենք պուդրա-պամադան առած՝ մեր մարմնի չիբաններն ենք ծածկում»:
Գագիկ Գինոսյանը քննադատեց՝ մի կողմից խոսում են տնտեսական հեղափոխությունից, մյուս կողմից օլիգարխները շարունակում են ապրել չաղ ու բախտավոր. «Չենք կարող ունենալ կանոնավոր տնտեսություն, քանի դեռ տեսնում ենք՝ օլիգարխական տնտեսական ցանցեր, մարդիկ, որոնք շարունակում են չաղ ու բախտավոր ապրել: Ի՞նչ տնտեսական հեղափոխություն կարող է լինել, եթե այսօր էլ ալրաղացները փակել են կորոնավիրուսի անվան տակ և թույլ չեն տալիս աշխատել, բայց ինչ-որ մեկն աշխատում է ու մեկուկես անգամ թանկացնում ալյուրը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ