Համաշխարհային այս համաճարակային աղետի օրերին Կատալոնիայի հայերից առաջինները հայ տաքսիստներն էին, որոնք մարտահրավեր նետեցին իրավիճակին։
Նրանք հանձն առան՝ առանց գումարի տեղափոխելու բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր ներգրավված են կորոնովիրուսի դեմ պայքարում։ Նրանց հետեւեցին հայ սրճարանատերեր, փաստաբաններ, սովորական հայուհիներ, ովքեր իրենց տներում սկսեցին դիմակներ կարել։
Եվ ահա վերջերս Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյանը նոր կոչով «Los Armenios» ֆեյսբուքյան էջում դիմեց մարզի հայությանը։
Կարդացեք նաև
Այդ կոչում նա մասնավորապես նշում է. «Կատալոնիայում ապրող սիրելի հայրենակիցներ, այս օրերին՝ ինչպես երբեք, մենք պարտավոր ենք լինել համերաշխ, միաբան ու մեկ մեկու սատարող։
Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցների մի խավ՝ աշխատանքը փակվելու պատճառով սոցիալական որոշակի ու ժամանակավոր դժվարությունների մեջ են հայտնվել ու կարիք ունեն աջակցության։
Կոչ ենք անում՝ովքեր հնարավորություն ունեն՝աջակցեն այս մարդասիրական ծրագրին»։
Աննախադեպ այս կոչին այս պահին արձագանքում են բազմաթիվ հայեր Կատալոնիայի տարբեր բնակավայրերից։ Հայերը՝ կամ իրենք են մթերք,օգնություն ուղարկում,կամ էլ՝ առեւտուր են անում, թողնում խանութներում՝ նշելով խանութների հասցեները։
«Արարատ» միությունը կոորդինացնում է այդ աշխատանքը՝ հասցներով ուտելիք, տնային այլ անհրաժեշտ պարագաներ մեր այն հայրենակիցներին, ովքեր ժամանակավոր հայտնվել են դժվար վիճակում։
Այստեղ յուրաքանչյուր հայ իրեն մենակ չէ զգում։
Տաթեւիկ Համխյան
Բարսելոնա