Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք եղավ, էլի». Արարատ Միրզոյանը ԼՀԿ-ի առաջարկների թուղթը նետեց սեղանին

Ապրիլ 13,2020 19:00

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել ևս 30 օրով, եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարել։ ԱԺ այսօրվա նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացնելով ԼՀԿ-ի նախագիծը՝ նկատեց. «Մեր գործընկերների նախագծի վերնագիրը սահմանափակումների որոշակի միջոցառումները վերացնելու մասին է: Թվարկված են միջոցառումներ, որոնք չեն համընկնում կառավարության որոշմամբ ամրագրված սահմանափակումների հետ: Որպես առաջարկներ սրանք գուցե լավն են կամ վատը, բայց սա առաջարկությունների փաթեթ է, ոչ թե միջոցառումների վերացման առաջարկ: Մեր գործընկերները մեզ հաճախ են իրավաբանության դասեր տալիս՝ մագիստրատուրայի չգիտեմ որ կուրսի մակարդակին հղում անելով, բայց, որպեսզի այնպես չստացվի, որ արգելք ենք դնում ԼՀԿ-ի լիազորությունների վրա, կքվեարկենք այս նախագիծը, որը վերնագրի մակարդակում առնվազն այնպիսին է, ինչպիսին պետք է լինի»:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղից խոսելով չհամաձայնեց, Միրզոյանն էլ արձագանքեց. «Գրել եք՝ «խմբակցության որոշումը միջոցառումները վերացնելու մասին»: Մարուքյանը տեղից խոսելով շարունակեց առարկել, ինչին ի պատասխան Միրզոյանը փոքր-ինչ բարկացավ: «Թվարկել եք միջոցառումներ, որոնք չկան կառավարության՝ արտակարգ դրության մասին որոշման մեջ…հերիք եղավ, էլի»,-ասաց նա ու թուղթը նետեց սեղանին:

Էդմոն Մարուքյանը մինչեւ իրենց առաջարկները քվեարկության դնելը պարզաբանեց՝ օրենքն ասում է, որ իրավունքի ուժով տեղի ունեցող ԱԺ նիստում առաջարկներ պետք է տրվեն ԱԺ նախագահին, ինչն էլ արել են. «Եթե չի համապատասխանում, մի դրեք քվեարկության, որովհետեւ ԱԺ-ն իրար լավություն անելու տեղ չի»:

Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Պարոն Մարուքյան ջան, իսկապես ուզում եմ բարեկամաբար ասել առկա տեղեկատվությունը: Այն միջոցառումները, որոնք առաջարկում եք չեղյալ անել, նախատեսված չեն եղել կառավարության՝ արտակարգ դրության մասին որոշմամբ»:

«Իմ քայլի» անունից խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ կառավարության՝ արտակարգ դրության մասին որոշումը տրամաբանական է, մանրամասն դիտարկված եւ ընդունելի, իսկ ԼՀԿ առաջարկները չունեին վերլուծություն եւ հաշվարկներ, ուստի «Իմ քայլը» «դեմ» է քվեարկելու:

ԲՀԿ-ի անունից Արման Աբովյանն էլ հայտարարեց, որ իրենք «ձեռնպահ» են քվեարկելու:

Ապա ԼՀԿ նախագիծը դրվեց քվեարկության: «Կողմ» քվեարկեց 14, «դեմ»՝ 77 պատգամավոր, եւ «ձեռնպահ»՝ 15. որոշումը չընդունվեց:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 14-ը, ԱԺ-ն էլ հատուկ նիստում քննարկում է գործադիրի որոշումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930