Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասում կորոնավիրուսով վարակված սպասք լվացողը զինծառայողների հետ շփում չի ունեցել

Ապրիլ 13,2020 18:30

Զինված ուժերում ծառայություններ մատուցող ընկերության աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Նա ճաշարանի աշխատողն է եղել, սպասք լվացողը: Այս մասին այսօր ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացրեց հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում: Նա ասաց, որ աշխատակիցը ջերմելու օրը իր գործատուին այդ մասին տեղյակ է պահել,  ըստ այդմ էլ նրան թույլ չեն տվել զորամաս գնալ. «Ամբողջ շրջանակն այդ կազմակերպության, որը սնունդ է մատակարարել զորամասում, բոլորը մեկուսացվել են, նրանցից որեւէ մեկն այդ օրվանից աշխատանքներում ներգրավված չեն եղել, ամբողջ կազմը փոխվել է»:

Օհանյանը նաեւ ասաց՝ կորոնավիրուս հաստատված տվյալ աշխատակիցը որեւէ առնչություն չի ունեցել զինծառայողների հետ, չի մասնակցել սննդի պատրաստման եւ մատակարարման գործընթացին. «Իր գործառույթը եղել է զուտ աման լվանալը»:

Օհանյանի փոխանցմամբ, Զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողներ չկան, ընդհանուր 165 նմուշառում է իրականացվել, բայց թե քանիսի մոտ է հաստատվել վարակը, Օհանյանը չասաց, նկատելով՝ գաղտնի տեղեկատվություն է: Բայց հավելեց. «Ունենք ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պատասխաններ, բացասականները շատ ավելի շատ են»: Ըստ Օհանյանի, կորոնավիրուսով հաստատված ժամկետային զինծառայողներից երեքն արդեն դուրս են գրվել:

Զինված ուժերում ծառայողները՝ սպաներն ու պայմանագրային զինծառայողները, որոնք զորամասում չեն մնում, այլ, վերադառնում են տուն, շփվում ընտանիքի անդամների հետ, արդյոք վարակի տարածմանը չե՞ն նպաստում. Օհանյանն այս առնչությամբ ասաց՝ նշված կազմի շրջանում աշխատանքներ են կատարվում, քարոզվում է, որ ծառայությունից հետո շփումները առավելագույնս սահմանափակվեն.«Խանութ գնալիս, շփումներ լինելուց էլ հորդորվել է անհատական պաշտպանիչ միջոցներ կրել՝ դիմակներ, ձեռնոցեր: Հուսով եմ, որ քաջ գիտակցում են այն վտանգները, որոնք հնարավոր է  ամենօրյա շփումների մեջ ունենալ, եւ սա հասկանալով, պահպանում են այդ կանոնները»:

Նա վստահեցրեց՝ կորոնավիրուսով վարկված բժշկական ծառայության սպա, ենթասպա կամ պայմանագրայիններ չկան, չնայած, որ նրանք էպիկենտրոնում  գրեթե ամեն օր աշխատում են որպես բուժող բժիշկներ կամ սպասարկող անձնակազմում:

Ապրիլի 9-ից ամբողջ ծավալով սկսել է աշխատել շարժական լաբորատորիան, Օհանյանն ասաց, որ ստեղծվել է հայ-ռուսական աշխատանքային խումբ, որի կազմում են նաեւ հայկական զինված ուժերից համապատասխան մասնագետներ: Նրանք, ըստ Օհանյանի, ռուս գործընկերների հետ քովիդ-19-ի հետ կապված բոլոր անհրաժեշտ բժշկական աշխատանքներն են կատարում, կարճ ժամանակում պատրաստվել են. «Երեկ հայ մասնագետերն ինքնուրույն են արել անալիզների հետ համապատասխան աշխատանքները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930