«Հաշվի առնենք, որ ՀՀ-ում կան ինքնազբաղ անձինք՝ մոտ 40-60 տարեկան: Նրանք ոչ գրանցված են, ոչ հղի են, ոչ էլ մինչեւ 14 տարեկան երեխա ունեն, եւ սոցիալական ապահովության որեւէ ծրագրից չեն օգտվում: Նրանք գոյություն ունեն, եւ, հնարավոր է, ոչ թե մի տասնյակ են, այլ մի քանի հարյուր կամ հազար: Նրանք աշխատում են որպես դայակներ, մաքրուհիներ, ծերեր խնամողներ: Նման մարդկանց համար կառավարությունը սոցիալական որեւէ աջակցություն նախատեսո՞ւմ է»,-ԱԺ այսօրվա նիստում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին նման հարցադրում հղեց ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը:
Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Երբ խոսում ենք չգրանցված աշխատողների մասին, տվյալների արձանագրման տեսանկյունից նրանց բարդ է տեղորոշել, թիրախավորել եւ աջակցել: Այդ պատճառով սոցիալական ծրագրերը միտված են ավելի կոնկրետ չափորոշիչները հաշվի առնելուն: Մենք չենք ասել, որ կառավարության աջակցության ծրագրերն այսքանով ավարտվում են: Այո, այդպիսի անձինք կան, բայց նրանց տեղորոշման գործիք չունենք, հետեւաբար, անձանց սոցիալական ծրագրերով պետք է թիրախավորենք»:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 14-ը, ԱԺ-ն էլ հատուկ նիստում քննարկում է գործադիրի որոշումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ