«Տեղորոշման համակարգը շատ շահարկումների առիթ է դարձել: Մենք որոշեցինք, որ բոլոր տվյալները բոլոր օպերատորներից չենք հավաքագրելու որեւէ պարագայում»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիների՝ բջջային հեռախոսների միջոցով տեղորոշման համակարգին:
«Համակարգը միայն թիրախավորմամբ է աշխատում: Երբ հաստատվում է անձի վարակակիր լինելու հանգամանքը, միայն նման անձանց տվյալներն են տեղափոխվում ընդհանուր համակարգ: Երեք օպերատորների համար առանձին ծրագրեր են գրվել»,-հայտնեց Ավինյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 14-ը, ԱԺ-ն էլ հատուկ նիստում քննարկում է գործադիրի որոշումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ