Արդեն 105 տարի է, ինչ Հայաստանը հիշում է իր կորցրած գարունը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացման օրվանից ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունն անցնում է Հայաստանից Հայաստան փրկության ճանապարհը, փոխաբերական իմաստով հաղթահարելով դեպի անմար կրակը տանող բարձրունքը, հարգանքի տուրք է մատուցում անմեղ զոհերի հիշատակին և սա լոկ պարտականություն չէ, այն հայի էությունն է, որը գենետիկորեն ներարկված է մեր հոգում, դա է պատճառը, որ օտարները շատ հաճախ նկատում են մեր նորածին երեխաների աչքերի թախիծը, հայերեն չհասկանալով հուզվում են դուդուկի՝ հայերեն խոսող մեղեդուց:
Անգետները կարծում են, որ Ծիծեռնակաբերդը մեր պարտությունն է, սակայն մտածող մարդկությունը հասկանում է, որ դա մեր ազգի ապրելու իրավունքն ապացուցած ճանապարհն է, որը թեև ծածկված է մեր հարազատների արյամբ, սակայն լի է ապրելու և պայքարելու կոչերով ու խորհուրդով: Յուրաքանչյուր հայ գերդաստան ունի իր պատմությունը եղեռնի զոհերի մասին, այդպիսի մի սուրբ պատմություն էլ շուրթերից շուրթեր փոխանցվում է մեր ընտանիքում, որը դեռևս 10 տարեկան հասակում առաջին անգամ ես լսեցի հորս հորաքրոջից՝ Եվայից: Այն հիմք դարձավ իմ՝ «Հայաստանից Հայաստան» գրքի համար, որը ես վաղուց ավարտել եմ, սակայն մինչ օրս խիզախություն չունեմ հրատարակելու, քանի որ համոզված չեմ, որ գտել եմ այն խոսքերը, որոնք կարող են արտահայտել իմ ազգականների ողբն ամբողջ էությամբ և նրանց հերոսական կամքը, որով ապացուցել են իրենց ապրելու իրավունքը: Այդ պատճառով ստորև իմ հոր հորաքրոջ բառերով ներկայացնեմ այդ փոքրիկ պատմությունը:
Նա ասում էր, որ իմ պապերը Կարսի նահանգի, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Գոռավան գյուղից էին: Եղեռնի օրերին, երբ թուրքերն ու քրդերը հայոց աշխարհն ավերում էին և ներխուժել էին գյուղ ու կոտորում էին մեր ու մանուկ, իր տատը տան ամենափոքր երեխաներին, հորը՝ 12 տարեկան Արմենակին և նրա երեք տարեկան քրոջը՝ Եվային թաքցրել է թոնիրում, խնդրել է ձայն չհանել և ծածկել է թոնիրը: Երբ ոճրագործներն ավարտել են իրենց գործն ու հեռացել, Արմենակը Եվայի հետ դուրս է եկել թոնրից և փախել ավերված գյուղից, երկար և վտանգավոր ճանապարհ են անցել՝ Արմենակը փոքրիկ քրոջն իր գիրկն առած: Նրանք դիմակայել են սովին և ծարավին, թաքնվել թշնամուց և, ի վերջո, Աստծո կամքով Հայաստանից Հայաստան փախչելով Արմենակը քրոջ հետ հասել է Արաքսի ափ, սակայն Եվան ճանապարհի դժվարություններին չդիմանալով մահացել է եղբոր գրկում: Արմենակը՝ քրոջ դին ձեռքին, մնացել է մոլորված, երբ նրան գտել են փախստական հայերը, որոնք գետի ափից քիչ հեռու, մատներով փոս են փորել, թաղել Եվային, մի բուռ հող են տվել երեխային քրոջ գերեզմանից և իրենց հետ Արմենակին գետն անցկացնելով փրկել են նրա կյանքը՝ կյանք տալով իմ ընտանիքին:
Արմենակն այդ օրը երդվել է, որ կվերադառնա քրոջ շիրիմին, իր հետ որպես հիշատակ մի պուդ հող է վերցրել, բայց բոլորիս հասկանալի պատճառով դրժել է իր երդումը, սակայն նրա համար Ծիծեռնակաբերդն է դարձել Եվայի և իր ծնողների շիրիմը:
Ահա, հայերիս հասկանալի այն մղումը, որն ամեն տարի ապրիլի 24-ին տանում է մեզ Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկ խոնարհելու 1.500.000 Եվաների և նրանց ծնողների հիշատակին: Այո, 1915 թվականը հայերի համար կորցրած գարուն է, սակայն ինչպես մեզ՝ Հայ Առաքելական Եկեղեցու զավակներին հայտնի է, ոչինչ անհետ չի կորչում, և դա ապացուցեցին տարիներ շարունակ Ծիծեռնակաբերդ բարձրացած այն հայորդիները, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին՝ Արցախի ազատագրման և ապրիլյան քառօրյայի ժամանակ պաշտպանելով մեր հայրենիքը:
Կարդացեք նաև
Այսօր՝ 2020 թվականին, Հայաստանը ևս մեկ կորցրած գարուն է ապրում, սակայն այս անգամ մեր ցավը հասկանալի է համայն աշխարհին, քանզի այս տարվա գարնանը համայն աշխարհը պայքարում է ընդհանուր չարիքի դեմ, և միասին ենք կորցնում 2020թ. գարունը, սակայն միասին էլ գտնելու բան ունենք և վճռական ենք չարիքի դեմ պայքարելու հարցում:
Մոտենում է 2020թ. ապրիլի 24-ը և ես Կովիդ-19-ի սպառնալիքի ներքո հասկանում և ընդունում եմ իմ բացակայությունը Ծիծեռնակաբերդում, սակայն հոգեպես բացակա լինել չեմ ցանկանում, ուստի խնդրանքով դիմում եմ իմ հայրենակիցներին, մեր աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին.
- Իշխանությանը խնդրում եմ բացել հաշվեհամար, որին ինձ նման մտահոգված քաղաքացիները կկարողանան գումար փոխանցել, որպեսզի մեր անունից պետությունը կարողանա ծաղիկներ գնել և խոնարհել անմար կրակի մոտ: Տարածել այս առաջարկը լրատվական միջոցներով, որպեսզի համայն հայությունը տեղյակ լինի, որ նույնիսկ տներում մեկուսացած մենք կարող ենք միասնական լինել և մեր անմեղ զոհերին խորհրդանշող կրակն առանց ծաղիկների չթողնել:
- Հայրենակիցներիս խնդրում եմ 2020թ. ապրիլի 24-ին ժամը 00:00-ին մոմերով դուրս նայել պատուհաններից և այդ կերպ հերթական անգամ հարգանքի տուրք մատուցել մեր նախնիներին՝ ասելով, որ այս դժվարին օրերին էլ մենք հիշում ենք և պահանջում: Կատարենք նրանց գլխավոր ցանկությունը, հիշելով և խոնարհվելով նրանց հիշատակին, հաստատենք մեր ապրելու իրավունքը և վճռականությունը՝ այդ կերպ համայն աշխարհին ոգեշնչելով մեր աղոթքներով և օրինակով:
- Հոգևոր առաջնորդներին խնդրում եմ պատարագ մատուցել 1915թ. հայկական և 2020թ. համաշխարհային կորցրած գարնան հիշատակին: Այդ կերպ մոմերի լույսի ու եկեղեցու աղոթքի ներքո լռությամբ հարգենք մեր և համայն մարդկության բոլոր անմեղ զոհերի հիշատակը:
- Առաջարկում եմ ընտրել մեկ խորագիր, օրինակ՝ «1915թ. և 2020թ. կորցրած գարուն» և այն այդ օրը տարբեր լեզուներով տեղադրենք մեր սոցիալական կայքէջերում՝ գլխավոր նկարների փոխարեն, տեղեկացնելով աշխարհին, որ Հայաստանն այդ օրը աղոթում է համայն մարդկության համար:
Այս առաջարկն, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, լոկ սգալու կոչ չէ, այն անցյալին հարգանքի տուրք մատուցելով՝ եղեռնի ժամանակ զոհված և ոճրագործից փրկված մեր նախնիների երազանքի կատարումն է՝ պայքարել ապրելու համար, հարգանքի տուրք մատուցելով մեր անմեղ զոհերին, այսօր էլ նրանց ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին:
Համոզված եմ, որ չարաբաստիկ Կովիդ-19-ի սպառնալիքի ներքո իրենց տներում մեկուսացած համայն աշխարհի մարդկությանն այսօր ավելին քան հասկանալի կդառնա մեր սուգն ու ապրելու վճռականությունը:
Հ.Գ. Հարգելի՛ իշխանություն, ես որպես ՀՀ քաղաքացի, ելնելով ազգային գերակա շահից, պահպանել և պահպանելու եմ պարետատան ընդունած սահմանափակումները: Անխոս՝ սոցիալական հեռավորության պահպանումն այսօր գերակա խնդիր է, գիտակցում եմ այս օրհասական պայմաններում Ձեր կողմից գերծանրաբեռնված աշխատելու հանգամանքը՝ ուղղված մեր անվտանգությունն ապահովելուն, սակայն, հաշվի առնելով, որ առաջարկս պետական սուղ միջոցներից որևէ լումայի ծախս չի պահանջում, նույնիսկ դրական անդրադարձ կունենա մեր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, անհրաժեշտության պարագայում ստանալով պատկան մարմիններից թույլտվություն, պատրաստ եմ մեր համաքաղաքացիների հավանությունն ու աջակցությունը ձեռքբերելու դեպքում իմ համեստ ֆիզիկական և ֆինանսական կարողություններն օգտագործելով՝ ծառայել այս միջոցառման իրականացմանը:
Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ