Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաքսիի մեջ ավելի հեշտ է վարակվել, եթե քեզանից առաջ կորոնավիրուսով վարակված է տեղափոխվել, քան մետրոյում». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 13,2020 17:14

«Մենք կարծում ենք, որ օրենքով մենք սպառել ենք ամբողջ հանրապետությունով մեկ 30-օրյա ժամկետը: Ըստ այս օրենքի, հնարավոր չէ երկարաձգել: Սակայն դուք երկարաձգելու նախաձեռնությամբ եք հանդես եկել ու մեկնաբանում եք այլ կերպ: Կարո՞ղ եք եւս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը՝ այս կերպ մեկնաբանելով եւ պարետն իրավունք ունի՞ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու՝ սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ»,- այսօր ԱԺ հատուկ նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին այսպիսի հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ արտակարգ դրության ժամկետը, իրավական ռեժիմը երկարաձգելու հարցով: Նման որոշում էր կայացրել կառավարությունը:

Մարուքյանն ասաց, որ զանգել է մի շարք եվրոպական երկրներ, որտեղ տրանսպորտի սահմանափակումներ են մտցված, մետրոն գործում է. «Տաքսիի մեջ ավելի հեշտ է վարակվել, եթե քեզանից առաջ կորոնավիրուսով վարակված է տեղափոխվել, քան մետրոյում՝ որոշակի հեռավորություն պահելով: Միայն ավտոբուսները ու մետրոն պետք է վերաբացել, նախկին ծանրաբեռնվածությունը չի լինելու: Մարդկանց ուղղակի թողնել ու ասել՝ դուք տաքսիով գնացեք, չի ստացվում»:

Ավինյանը պատասխանեց. «Մենք մարդկանց ասում ենք՝ մնացել տանը ու մի գնացեք որեւէ տեղ, նույնիսկ աշխատանքի: Կարեւոր գործունեության տեսակներ կան տնտեսական, որոնք կենսական նշանակություն են, մենք չենք կարող բաց չպահել: Ինչ վերաբերում է տրանսպորտին, որ տաքսիում ավելի հավանական է վարակվել, քան հանրային տրանսպորտում, նման պնդումը վիճարկելի է, որովհետեւ հանրային տրանսպորտում շատ անձինք են միաժամանակ նույն նեղ տարածության մեջ, մանավանդ եթե խոսում ենք մեր գազելների մասին: Մարդիկ օգտվում են նույն բռնակներից: Վերջնական տեղեկություն չկա, թե վարակի տարածման աղբյուրները որոնք են: Նախնական տեղեկություններով վարակի տարածման մեծ աղբյուր են բենզալցակայանները, եթե մարդիկ իրենց ձեռքով են լցնում, հանրային տրանսպորտը, եթե օգտվում են բռնակներից, իրենք վարակը տարածում են բռնակից օգտվելով: Ինչ վերաբերում է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը, կարծում եմ, ձեր մեկնաբանությունը մի փոքր նեղ է, ստացվում է, որ թուլ չի տրվում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրւթյան ռեժիմը դեռևս չի կարողացել լուծել խնդիրը, որի համար հայտարարված է եղել, տրամաբանական է, որ 5,1 կետով կառավարությունը կարող է երկարաձգել: Ե՛վ արդարադատության նախարարությունը, ե՛ւ վարչապետի աշխատակազմը համակարծիք են այս մեկնաբանման հետ»:

Կառավարության շարքերից Ռուստամ Բադասյանը, Արսեն Թորոսյանը կողքից հուշեցին, որ եթե այս ժամկետը ավարտվեց, էլի կարող են 30 օրով երկարաձգել: Մարուքյանն արձագանքեց, թե դուք տեսնո՞ւմ եք ինչ մեկնաբանություն եք տալիս: Ըստ նրա, եթե 10 օրով արտակարգ դրություն է հայտարարվում, կարող է եւս 10 օրով հայտարարել, հետո՝ եւս 10, բայց չի կարող գերազանցվել 30 օրը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ եթե հեգնական մոտեցում ունենա, կարող է այս արտակարգ դրությունը ավարտվել, հետո նոր արտակարգ դրություն հայտարարեն, բայց դա անիմաստ մոտեցում կլինի, պետք է անընդհատությունն ապահովել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930