ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ իրավիճակից հետո աշխատողների կողմից բազմաթիվ հարցեր են ծագում` կապված իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության, այդ թվում և աշխատանքի վարձատրության հետ, որով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել պարզաբանել և մեկնաբանել նշված հարցերի հետ կապված որոշ իրավակարգավորումներ:
Ի ՞նչ է հարկադիր պարապուրդը և ինչպես է այն վարձատրվում
Պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողը չի իրականացնում իր աշխատանքային պարտականությունները՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով:
Պարապուրդը կարող է առաջանալ աշխատողի մեղքով և ոչ աշխատողի մեղքով:
Կարդացեք նաև
Աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի դիմաց աշխատողը չի վարձատրվում:
Ոչ աշխատողի մեղքով պարապուրդը, այսինքն` աշխատավայրում ստեղծված այն իրավիճակը, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ապա տվյալ դեպքում աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Այսինքն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ եթե առկա չէ պարապուրդի մեջ աշխատողի մեղքը և առկա չէ անհաղթահարելի ուժ, ապա գործատուն պարտավոր է վճարել աշխատողին վերը նշված կարգով։
Այսինքն, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է հարկադիր պարապուրդի համար չվճարելու 2 հիմնական դեպք, դրանք են.
1.Երբ առկա է աշխատողի մեղքով առաջացած հարկադիր պարապուրդ:
2.ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդ:
Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ «անհաղթահարելի ուժ» տերմինը բացահայտված չէ, հետևաբար հնարավոր չէ պնդել, որ արտակարգ իրավիճակը համարվում է անհաղթահարելի ուժ, քանզի այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ որպես այդպիսին:
Մնացած բոլոր դեպքերում առաջացած հարկադիր պարապուրդի դիմաց գործատուի կողմից հարկադիր պարապուրդի դիմաց չվճարելու օրենսդրությամբ սահմանված որևէ իրավական հիմք առկա չէ:
Ծանոթագրություն. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի ստանալ արտակարգ իրավիճակների հետևանքով իր կրած վնասների փոխհատուցում, ինչպես նաև ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգի և իր պաշտպանվածության աստիճանի մասին: («ՀՀ օրենքը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» հոդված 19)
Ինչպես պետք է վարձատրվի այն աշխատողը, որն իր աշխատանքը կատարում է ոչ ամբողջ ծավալով (օրինակ` հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը, սակայն ոչ ամբողջ նորմայով)
Եթե աշխատողը ոչ իր մեղքով չի կատարում աշխատանքային նորմաները, ապա աշխատանքի վարձատրությունը կատարվում է փաստացի կատարված աշխատանքի համար: Այս դեպքում ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել նրա միջին ամսական աշխատավարձի երկու երրորդից, որը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից (ԱՕ 191):
Հայաստանի Հելսինկյան կոմիտե