Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրջ ընտրություններ չեն, ընդամենը ծիսակարգն է իրականացվում». Սոնա Այվազյանը` Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին

Ապրիլ 13,2020 16:41

«Իրականում, լուրջ ընտրություններ չեն սրանք: Երեւի սա է մեր գնահատականը: Ընտրություն, որպես այդպիսին, կարելի է ասել` չկա: Ընդամենն այդ ծիսակարգն է, որը պետք է անեն եւ անում են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ականատես» դիտորդական առաքելության համակարգողներից, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն` անդրադառնալով վաղը Արցախի հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

Ապրիլի 9-12-ը նախատեսված էր ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավը: Թեկնածուներից Մասիս Մայիլյանն, ըստ էության` հրաժարվել էր ընտրապայքարի երկրորդ փուլից, իսկ Արայիկ Հարությունյանը, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` նույնպես ակտիվ քարոզարշավ չի իրականացրել: «Քարոզարշավը`քարոզարշավ չէր, մրցակցություն չկա, այդ պատճառով լայնամասշտաբ դիտարկումներ չենք իրականացրել, մանավանդ, որ երկու կողմերն էլ, ըստ էության հայտարարել էին`քարոզչություն չեն իրականացնելու»,- ասաց Սոնա Այվազյանը` հավելելով. «Միայն երեկվա բանավեճն է եղել, որը ինքնաբանավեճ էր կամ չգիտեմ, թե ի՞նչ կարելի է դա կոչել: Ըստ էության, քարոզարշավ չի եղել, որ մենք կարողանանք գնահատել` մրցակցային է, օրե՞նք են խախտել, թե ի՞նչ է եղել»:

Սոնա Այվազյանը միայն մեկ արձանագրում է անում. «Բարեգործությունը շարունակվում է»: Նա մանրամասնեց, որ երեկ Արցախ մեկնելու ճանապարհին տեսել են, թե ինչպես են Հայաստան-Արցախ անցակետում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի շտաբի ներկայացուցիչները անցակետում բժիշկներին տրամադրում կորոնավիրուսից պաշտպանիչ միջոցներ: «Ինչը որ հաստատ իրենց գործը չէ»,- եզրակացրեց մեր զրուցակիցը:

Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դիտարկում չեն իրականացրել նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն եւ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից Արցախի հանրապետությունում, նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, արտակարգ իրավիճակ է հայտարարվել, սակայն նախագահական ընտրության երկրորդ փուլի քվեարկությունն ամսիր 14-ին կայանալու է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930