Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է՝ առանձին համայնքներում պարետային ժամ հայտարարվի. փոխվարչապետի պարզաբանումը

Ապրիլ 13,2020 16:30
Artashat

«Ասացիք՝ չի բացառվում, որ ապրիլի 20-ից տնտեսական գործունեության որոշ սահմանափակումները չեղարկվեն: Հնարավո՞ր է, որ դրանք գործեն առանձին վարչական տարածքներում, քանի որ մարզերում վարակի աղբյուրները տարբեր են: Ինչպես հայտնի դարձավ, Գեղարքունիքում կրկնակի թեստավորմամբ հերքվեց վարակի միակ դեպքը: Օրինակ` այս դեպքում հնարավո՞ր է, որ տնտեսական արգելքները թուլացվեն»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նման հարցադրումներ հղեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 14-ը, ԱԺ-ն էլ հատուկ նիստում քննարկում է գործադիրի որոշումը:

Տիգրան Ավինյանը նախ նշեց, որ առաջարկը կբարդացնի գործընթացը. «Պատկերացրեք, որ հիմնական բռնկումը Երեւանի որեւէ վարչական շրջանում է: Որքանո՞վ արդյունավետ կլինի այդ համայնքում առանձնացված սահմանափակումներ մտցնելը, իսկ մյուսում՝ ոչ: Միգուցե, կարող է դիտարկվել առանձին սահմանափակումների ներդրումը, օրինակ՝ որեւէ գյուղի առնչությամբ, ինչպես Էջմիածնի դեպքում ժամանակավոր սահմանափակումներ եղան: Դա բարդ էր, բայց ապացուցեց արդյունավետությունը: Փոքր համայնքների առնչությամբ նման գործիքակազմ պատրաստ որոշումներով դրած ունենք, որ երբ պետք լինի եւ պահը գա, որոշումն արագ կայացնենք»:

Ինչ վերաբերում է այն մարզերին, որտեղ վարակի տարածումը մեծ չէ, Տիգրան Ավինյանի խոսքով՝ տնտեսական գործունեության որոշ տեսակները թույլատրելը մանրակրկիտ քննարկման կարիք ունի. «Միշտ չէ, որ տվյալ գործունեության տեսակների աշխատողները հենց տվյալ մարզից են լինում: Տեղաշարժվում են, բարեկամի տուն են գնում, եւ այդպես տարածվել է, ուստի դժվար կլինի կանխորոշել, թե որ մարզին ինչ մոտեցում պետք է ցուցաբերվի: Ուստի կողմ եմ ընդհանուր սահմանափակումներին»:

Պատգամավորը ճշտեց՝ առավել խիստ վտանգի դեպքում առանձին մարզերում պարետային ժամ կհայտարարվի՞: «Առանձին համայնքներում»,-հարցադրումն ուղղեց Տիգրան Ավինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930