«Գյուղատնտեսությունը ցածր ռիսկայնություն ունի: Ինչի՞ համար չենք գնում ավելի համարձակ քայլերի: Օրինակ, հանձնարարեք, որ մարզպետները չօգտագործվող հողակտորների մասին ինֆորմացիա տան, հայտարարեն, թե ինչ հողակտորներ կան, որի վրա կարելի է հենց հիմա գործ անել: Ինչո՞ւ կոնկրետ գումարը չհատկացնել տվյալ մարզպետին, մեզ էլ կցեք, գնանք մարզպետարաններում գիշեր-ցերեկ աշխատենք, կազմակերպենք սերմացուի կազմակերպումը, սեպտեմբերից արդյունք կունենանք, ինչի՞ այսօրվանից չսկսենք»,- այսօր ԱԺ-ում այսպիսի հարց ուղղեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ արտակարգ դրության ժամկետը, իրավական ռեժիմը երկարաձգելու հարցով: Նման որոշում էր կայացրել կառավարությունը:
Ավինյանը Բագրատյանին պատասխանեց, որ այդ առաջարկը քննարկելի է ու պատգամավորների ներգրավվածությունը ողջունելի կլինի, կարեւորը արձանագրեն, թե ինչ նպատակ է դրանով հետապնդվում:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հարց ուղղեց վարկերի, տոկոսների մասին. «Այսօր ունենք իրավիճակ, որ այն տոկոսները, որոնք արտակարգ դրության պայմաններում չեն կանգնեցվել ու վերահաշվարկվում են, քաղաքացիները ստիպված են լինելու այդ տոկոսները մուծել: Տոկոսային ու վարկային բեռի նվազեցում փաստորեն չի լինելու: Տոկոսների հարցը պետք է լուծվի: Մենք հազարավոր նամակներ ենք ստանում քաղաքացիներից, որոնք աշխատանքը կորցնելով՝ ստիպված են ծանրագույն իրավիճակում լինել ու դեռ մի բան էլ տոկոսներ փակել»:
Կարդացեք նաև
Ավինյանը պատասխանեց, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո ԿԲ-ն աշխատելով բանկերի հետ՝ կանոններ սահմանեց. «Այս փուլում շատ իրավաբանական ու ֆիզիկական անձինք վարկային արձակուրդներից են օգտվում: Ամեն շահառուի համար ինդիվիդուալ է տրամադրվում արձակուրդը, իհարկե, բայց նմանատիպ դեպքեր արդեն արձանագրված կան: Ինչ վերաբերում է տոկոսներին, այս փուլում վաղ է տոկոսների չեղարկման մասին խոսելը: Բանկային համակարգը ստանում է ավանդներ, որոնք տեղաբաշխում է վարկերի տեսքով: Եթե բոլոր տոկոսներն ուզում ենք չեղարկել, ավանդատուների տոկոսներն է՞լ ենք չեղարկելու, այն մարդկանց, որոնք իրենց փողերը դրել են բանկում՝ ակնկալիք ունենալով տարվա վերջում տոկոսներ ստանալ»:
Աբովյանն արձագանքեց, որ հասկանում է մոտեցումը, բայց այսօր այս իրավիճակն է՝ մարդիկ տանն են, չեն աշխատում, բայց գլխներին տոկոսը պտտվում է:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Այս պահին արդեն իսկ վարկային արձակուրդ է տրամադրվել 320 հազար ֆիզիկական անձի, շուրջ 12 մլրդ դրամի չափով: Սա ակնհայտորեն ահռելի հսկայական թիվ է: Շուրջ 28 մլրդ դրամի չափով տրամադրվել է նաեւ իրավաբանական անձի»:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Առաջնային հարվածի տակ գտնվող թիրախային խմբում են չգրանցված օրավարձով աշխատողները: Չեմ ուզում էմոցիոնալ բաներ ասել, բացել իմ հեռախոսը, ձեր հեռախոսը, հազարավոր մարդիկ չգրանցված աշխատողներ են, լուծում ստանալո՞ւ է նրանց խնդիրը: Սեւ ցուցակում հայտնված ՓՄՁ-ների խնդիրն ի՞նչ կերպ է լուծվելու,աջակցության որեւէ ծրագիր նախատեսվելո՞ւ է նրանց համար: Տնտեսական գործունեության թույլտվություն է տրվել որոշ տեսակներին ու նշվում է, որ գործատուները իրենք պետք է ապահովեն աշխատողների հասանելիությունը աշխատավայր: Բազմաթիվ գործատուներ հրաժարվում են դա կատարել: Այդ գործատուներին ինչ-որ բան բացատրվելո՞ւ է, որ հասկանան, որ միջին աշխատավարձ, նվազագույն աշխատավարձ ստացողը չի կարող տաքսիով գնալ գալ: ԵՊՀ ուսխորհրդի նամակն եմ ստացել՝ մինչեւ 25 տոկոս ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրել՝ հաշվի առնելով, որ շատերի ընտանիքները արտակարգ դրության ժամանակ զրկվել են հիմնական եկամուտներից»:
Ավինյանը պատասխանեց, որ ոչ միայն գրանցված աշխատողները, այլեւ սոցիալական թիրախային խմբերը ստանալու են աջակցություն, երեխաներին աջակցություն է տրվում: Այսօր կառավարությունը ընդունել է, որ 50 % տոկոսի չափով փոխհատուցելու ենք մինչեւ 10 հազար դրամ գազի սպառման ծավալներ ունեցող անձանց ծախսը եւ մինչեւ 5000 դրամ էլեկտրաէներգիայի ծախսը, մոտ 220 հազար բաժանորդի ծախս է: Ավինյանն ասաց, որ հիմա փաստացի օգտվում են այն տնտեսվարողները, որոնք պատշաճ իրենց աշխատողներին գրանցել են ու բարեխիղճ են եղել:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ մարդիկ իրենց մեղքով չէ, որ չգրանցված աշխատում են. «Չեմ ուզում էմոցիոնալ տեքստեր ասել, բայց մարդիկ սոված են, ուղղակի սոված, նրանց տեղորոշելու մեխանիզմը մենք մեր առաջարկներում ներկայացրել էինք: Մենք կարո՞ղ ենք ասել, որ չգրանցված աշխատողների համար մեխանիզմներ առաջիկայում մշակվելու են»: Ավինյանը պատասխանեց, որ անձինք, ովքեր «ֆորմալ չեն աշխատում», չեն կարող ներգրավվել որեւէ տեղ, բայց առանձին թիրախային խմբերում սոցծրագրեր են նախատեսվելու, կարող են այդ աջակցություններից օգտվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ