Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե որեւէ միջոց չձեռնարկեինք, հիմա արդեն բնակչության 89 տոկոսը վարակված կլիներ, ծանրագույն դեպքերի թիվը Երեւանում կհասներ 8200-ի». Ավինյանի ելույթը՝ ԱԺ-ում

Ապրիլ 13,2020 15:49

Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ արտակարգ դրության ժամկետը, իրավական ռեժիմը երկարաձգելու հարցով: Նման որոշում էր կայացրել կառավարությունը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես եկավ հիմնական զեկուցմամբ ու ասաց, որ համաշխարհային համաճարակը վերածվեց համավարակի, ժամանակի ընթացքում առողջապահական ճգնաժամ լինելուց բացի՝ նաեւ մարդասիրական ճգնաժամ սկսվեց, որն ազդեց հասարակական կյանքի բոլոր ոլորտների՝ տնտեսության, սոցիալական հարաբերությունների, համակեցության կանոնների վրա. «Համավարակը կոտրել է բազմաթիվ միֆեր ու վերարժեւորել պետության դերն ու մարդու կարողությունների սահմանը: Այսօր պետությունների առջեւ դրված է երկու գերնպատակ՝ արդյունավետ կառավարել ճգնաժամը եւ նախապատրաստել հետկորոնավիրուսային աշխարհին: Համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն, անհնար է վարակն ամբողջովին վերացնել: Մինչդեռ դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ անց, եթե ոչ մեկ տարի անց: Պետությունների ձեռնարկած միջոցառումները մեծամասամբ միտված են անորոշությունները կառավարելուն: Հասարակությունները կանգնած են կարեւոր երկընտրանքի առջեւ՝ փորձել խուսափել մեծաքանակ զոհերից եւ դանդաղեցնել վարակի տարածման արագությունը, որպեսզի առողջապահական համակարգը ի վիճակի լինի սպասարկել հիվանդներին՝ միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը, կամ թույլ տալ վարակի արագ տարածում՝ մարդկանց մոտ ձեւավորելով դիմադրողականություն ու վերադարձ բնականոն կյանքին՝ միաժամանակ ունենալով ավելի մեծ թվով զոհեր»: Ավինյանն ասաց, որ պետությունների մեծ մասը առաջին ճանապարհով է գնում՝ չբացառելով որեւէ պահի երկրորդ տարբերակին անցնելու հավանականությունը:

Ավինյանը ներկայացրեց համավարակի դեմ պայքարի կառավարության ռազմավարությունը: Նա նախ Հայաստանի ժողովրդագրական պատկերը ցույց տվեց՝ մշտական բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ ըստ տարիքի՝ անկախ հիվանդություններից: Խրոնիկ հիվանդությունների մասով երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը ՀՀ-ում 77 հազար 418 է, սրտի իշեմիկ հիվանդություն՝ 71 հազար 25 քաղաքացի, հիպերտեզիա՝ 145 հազար 408 քաղաքացի, ընդ որում, սրանք գրանցված դեպքերն են: Կան մարդիկ, որ մի քանի քրոնիկ հիվանդություն ունեն:

Գրանցված աշխատողների թվով ամենաշատ աշխատող ունեցող ոլորտներն են կրթությունը, առեւտրի ոլորտը եւ մշակող արդյունաբերությունը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե որեւէ միջոց չձեռնարկեին, հիմա արդեն բնակչության 89 տոկոսը վարակված կլիներ, ծանրագույն դեպքերի թիվը Երեւանում կհասներ 8200-ի եւ վարակված կլիներ 110 հազար մարդ միայն Երեւանում: Առողջապահական համակարգը չէր կարողանա նույնիսկ ընթացիկ դեպքերը սպասարկել. «Մենք կոնկրետ այսօր կունենայինք Երեւան քաղաքում մոտավորապես 30 հազար վարակված մարդ եւ կունենայինք արդեն իսկ հարյուրավոր մահեր: Բայց ինչ ենք արել մենք՝ մեր նպատակն է եղել հնարավորինս հարթեցնել վարակի տարածման դինամիկան՝ ժամանակի մեջ ապահովելով դրա մարումն՝ առանց անկառավարելի պիկերի, ապահովել առողջապահական համակարգի կայուն արձագանքման հնարավորությունը եւ հնարավորինս չեզոքացնել ռիսկային խմբերի վարակման դեպքերը»:

Փոխվարչապետն ասաց, որ 4 փուլ գործողություններ են մշակել ու իրականացնում, հիմա երրորդ փուլում են, որը նախատեսում է տեղորոշման գործիքի ավելի ինտենսիվ օգտագործում, խիստ սահմանափակումներ եւ թեստավորման ծավալների աճ:

Ավինյանը թվարկեց, թե փետրվարի 23-ից սկսած ինչ քայլերի են դիմել՝ Իրանի հետ սահմանը փակելուց մինչեւ հանրային տնտեսության ախտահանում, տնտեսական ոլորտների վրա սահմանափակումներ, պարետատան որոշումներ եւ այլն;

Թե ինչու է անհրաժեշտ նորից արտակարգ դրության ժամկետը երկարաձգել՝ Ավինյանը բացատրեց, որ իրավիճակը կառավարելի պահելու համար: Սահմանափակումները կարող են խստացվել կամ թուլացվել՝ կախված դինամիկայից. «Այս պահին մենք կարող ենք սպասարկել կորոնավիրուսով 1700 մահճակալային հիվանդ, որը մեր հաշվարկով թույլ է տալիս մեզ ակտիվ ունենալ միաժամանակ 4500 վարակակիր»:

Փոխվարչապետը տեղորոշման գործիքակազմի մասին խոսեց: Հեռախոսով տեղորոշման հնարավորության արդյունքում ինքնամեկուսացվել է 3029 մարդ, 14 օրվա ընթացքում ի հայտ կգա՝ նրանք վարակակի՞ր են, թե՞ոչ: Գործարկվել են հավելվածի միջոցով ստացված տեղեկատվության վերլուծությունները, 60 հազար ներբեռնում կա, մոտ 4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, 1600-ի հետ կապ է հաստատվել, 21 հոգի թիրախավորվել է, ուղարկել են թեստավորման, 4 անձի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ամբողջ համակարգը միացված է առողջապահական համակարգի եւ ոստիկանության տվյալների բազային: Տեղաշարժի սահմանափակումները պետք է դեռ ապրիլին պահպանվեն, հանրային տրանսպորտը էլի սահմանափակումներ է ունենալու, օտարերկրյա քաղաքացիների մուտքը արգելված է լինելու:

Տնտեսության որոշ տեսակներ բացվելու են՝ ելնելով վարակի տարածման դինամիկայից, մի շարք տեսակներ թույլատրված են՝ առցանց համակարգով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930