Գյումրու ավագանու վերջին նիստի ժամանակ, որն անցկացվեց երեք օր առաջ՝ առանց լրագրողների, որոշվեց պարգևավճար տալ Գյումրու կոմունալ բաժնի աշխատակիցներին։
Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն ասաց․ «Կարանտինի հետ կապված բոլորս գիտեք, որ մեր քաղաքը խիստ մաքուր է, լավ աշխատում են մեր կոմունալ բաժնի աշխատողները և արժի՝ այս արտակարգ իրավիճակում աշխատողներին տալ պարգևավճար։ Մենք նախատեսել ենք սանմաքրման, կոմունալ բաժնի բոլոր աշխատողներին պարգևատրել»։
Ավելի վաղ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ին ասել էր, որ 100 տոկոսով վճարելու են քաղաքապետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների՝ սպորտդպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների, բյուջետային հիմնարկների ու ՀՈԱԿ-ի բոլոր աշխատակիցների աշխատավարձը, այսինքն` բոլոր նրանց, որոնք հարկադիր պարապուրդի են մատնված այս ընթացքում։ Իսկ այն աշխատակիցները, որոնք շատ ակտիվ են եղել, նրանց պարտադիր խրախուսելու են։
«Գնահատելու ենք, խրախուսելու ենք այն բոլոր աշխատակիցներին, որոնք այսօր շատ ավելի են աշխատում, քան նախկինում, ամբողջ ծանրությունն ընկել է այդ մի քանի մարդկանց վրա։ Մենք ունենք ֆինանսական միջոցներ և խրախուսելու ենք»,- ասել էր քաղաքապետը՝ մատնանշելով սանմաքրման աշխատակիցներին։ Քաղաքապետն ավագանու նիստի ժամանակ նաև հայտնել էր, որ 526 միլիոն գումար ունեն հաշվին։
Կարդացեք նաև
Ի դեպ, նա իր աշխատավարձը փոխանցել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին, որն այս օրերին զբաղված է սոցիալապես անապահով մարդկանց համար սնունդ հայթայթելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ « Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի