Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Թոփչյան. «Ճիշտ կլինի կիսամյակը փակել սեպտեմբերին»

Ապրիլ 13,2020 15:04

«Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանի ձեւակերպմամբ, Հայաստանում հեռավար կրթություն իրականացնող դասախոսներն ունեն գերծանրաբեռնվածություն, նաեւ զուգահեռ թվային հմտություններն են ձեւավորում, այս ամենը զարգացման եւ ամրապնդման կարիք ունի` մասնագիտական վերապատրաստումներով, տեխնիկական, մանկավարժական, մեթոդական աջակցությամբ:«Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ փորձագետը փաստեց, որ մարդիկ իրավիճակային կառավարման պարագայում ուղղակի փորձում են արագ արձագանքել:

Դասախոս, կրթության հետազոտող Անի Կոջոյանի խոսքով՝ հեռավար կրթությունը նախատեսված էր շատ վաղուց, փորձեր արվել են 2006-ից սկսած, 2010-ից էլ հաստատված կարգ գոյություն ուներ, նաեւ մասնագիտությունների ցանկ, թե ինչը չի կարելի հեռավար մեթոդով պարապել:

Նրա ձեւակերպմամբ, դասական սահմանմամբ, հեռավար կրթությունը, ծրագրավորված, պլանավորված ուսուցման ձեւ է, մինչդեռ մեզ մոտ` պայմանավորված իրավիճակային կառավարմամբ, պատկերն այլ է: Անի Կոջոյանի խոսքով՝ այն, ինչ իրականացնում ենք Հայաստանում, այդքան էլ հեռավար կրթություն չէ, քանի որ բացակայում են որակի վերահսկման, հաշվետվողականության եւ այլ մեխանիզմները. «Լինում է, որ դասախոսներին եւ ուսանողներին հարմար է այլ ժամանակային գրաֆիկով հանդիպել, մինչդեռ հեռավար ուսուցման դեպքում ժամանակացույցը պետք է վերանայվեր»

Փորձագետը կարծում է, որ հանրակրթության մեջ անդրադառնում ենք ներառականության խնդրին, մինչդեռ սոցիալական մի շարք խմբերի մատչելի չէ հեռավար կրթությունը, եւ լինել այնքան միամիտ, որ բոլոր ուսանողները եւ դասախոսները մասնակցում են հեռավար կրթությանը՝ այդքան էլ ճիշտ չէ:

«Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ասպիրանտուրայի ուսանող Միշա Թադեւոսյանի խոսքով, եթե բուհերի արձագանքի տեսանկյունից նայենք, ապա որոշ բուհեր պատրաստ չէին ինչ-ինչ մեխանիզմների, շատերն օգտագործում էին Zoom, Viber, ֆեյսբուքի հաղորդակ եւ այլն, բուհեր էլ կային, որ զրոյից ստեղծեցին համակարգ: Միշա Թադեւոսյանը նշեց, որ ի տարբերություն հանրակրթական համակարգի, որտեղ շատ արագ ռեսուրսների քարտեզագրում տեղի ունեցավ, միջոցներ ձեռնարկվեցին մարզերում, գյուղերում գտնվող ուսուցիչների եւ աշակերտների համար, նույնը տեղի չունեցավ բուհերում, ինչը խոսում է բուհերի սոցիալական պատասխանատվության ցածր մակարդակի մասին: «Բուհը պետք է արձագանքի երկրում տեղի ունեցող փոփոխություններին, մինչդեռ բուհերը լուռ են, աջը քաշած անկյունում, բյուրոկրատական գործընթացներ են կազմակերպում, պետությունում առկա խնդիրներին չեն արձագանքում, թեեւ ունեն մեծ գիտական ներուժ, մասնագետներ, որոնք կարող էին ինչ-որ բան անել»,-ասում է բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը (լուսանկարում) հայտնեց, որ ՈԱԱԿ-ն առաջին օրվանից արձագանքել է խնդրին, շեշտել, որ առկա խնդիրները պետք է լինեն ուսումնասիրության կիզակետում:

«Հայաստանում բոլորս զբաղված ենք ուսանողներին օնլայն զբաղեցնելով, բայց կրեդիտը շնորհվում է ոչ միայն այդ զբաղվածության համար, այլ նրա համար, թե ուսանողն ինչքանով է ինքնուրույն աշխատանք կատարում: Ըստ դասախոսների, միշտ ուսանողն է մեղավոր, որ ինքը սովորեցրեց, բայց ուսանողը չսովորեց: Հիմա էլ ստացվում է, որ ինքն իր պարտականությունը կատարում է, եւ եթե ուսանողը չսովորի, էլի ուսանողն է մեղավոր լինելու, ինչը վատ մոտեցում է»,-նշեց ՈԱԱԿ-ի տնօրենը: Ապա հավելեց. «Ես ակնկալում եմ, որ մեր դասախոսները կարող են հրապարակումներ անել իրենց փորձի, նորարարության, ուսանողներին մոտիվացնելու վերաբերյալ, որոնք կօգնեն մեզ դաշտն ուսումնասիրել եւ արձագանքել օրենսդրորեն»:

Պարոն Թոփչյանը կարծիք հայտնեց, որ եթե անգամ դասախոսները բոլորին բարձր գնահատական նշանակեն, շատ բաներ կխախտվեն, քանի որ լավ սովորողը կասի` ինչո՞ւ հավասար ստացանք: Նրա համոզմամբ, ճիշտ կլինի կիսամյակը փակել սեպտեմբերին, որովհետեւ անգամ առցանց կրթություն իրականացնող «դրսի» համալսարանները վերջին քննությունը կազմակերպում են երես առ երես հանդիպմամբ:

«Մեզ եւս հետաքրքրում է` արդյոք ուսուցումը տեղի ունեցա՞վ, եւ ուսանողն ապրե՞ց առաջընթաց, այդ խնդիրը շատ սուր է, դրա համար հատուկ միջոցառումներ են պահանջվում` եւ դասախոսների, եւ բուհերի կողմից»,-ասաց նա:

Նա մի կարեւոր դիտարկում էլ արեց. «Բուհերի ղեկավարները պետք է կանգնեն դասախոսների առաջ որպես լիդերներ, եւ ոչ թե նախարարությունը հրահանգներ իջեցնի, թե ինչպես անել: Նախարարությունը չի կարող ինչ-որ բան իջեցնել վերեւից, եթե բուհը ինքը չի ստեղծել դրական միջադեպը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբեն Թոփչյանի լուսանկարը ՈԱԱԿ-ի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930