Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ ընդլայնել են կորոնավիրուսի հետեւանքների վերացման 7-րդ միջոցառման շրջանակը, որը վերաբերում էր հղի կանանց: Կառավարության արտահերթ նիստում նախարարն ասաց, որ ներառել են նաեւ այն հղի կանանց, որոնց ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից՝ մարտի 13-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, այլ աշխատանքը կորցրել են ավելի վաղ եւ հղի կինն էլ չի աշխատում: Այս փոփոխության արդյունքում նախնական հայտարարված շուրջ 3800 շահառուի փոխարեն աջակցություն կստանան 8 հազար շահառուներ. «Առաջին խմբի ցուցակն արդեն կայքում է եւ փոխանցումներն արված են»:
Զարուհի Բաթոյանը նաեւ հայտնեց, որ 4-րդ ծրագրի շրջանակներում մինչեւ 14 տարեկան 964 երեխա արդեն ստացել են միանվագ գումարային աջակցությունը:
Նախարարը հիշեցրեց, որ 4-րդ, 6-րդ եւ 7-րդ միջոցառումների ծրագրից օգտվելու համար դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով, 11 հազար 444 անձի փոխանցել են 929 միլիոն դրամի գումարային աջակցություն:
Նախարարը հիշեցրեց՝ 6-րդ ծրագրում ընդգրկված են այն շահառուները, որոնք մարտի 13-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ազատվել էին աշխատանքից եւ նոր աշխատանք չեն գտել: Գումարը կարող են ստանալ չորս բանկերից: Թե որ բանկից՝ կարող են ճշտել ssa.am կայքում տվյալները մուտքագրելով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ