Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղաշարժման սահմանափակումները, եկամտի կորուստը, ինքնամեկուսացումը և սթրեսը մեծացնում են երեխաների հանդեպ բռնության հավանականությունը. ՅՈՒՆԻՍԵՖ

Ապրիլ 13,2020 14:40

ՔՈՎԻԴ-19 համաճարակը ավերիչ ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում: Կորոնավիրուսը կանխարգելելու ջանքերը կենսական նշանակություն ունեն աշխարհի բնակչության առողջության համար, բայց դրանց հետևանքով երեխաները հայտնվել են բռնության, այդ թվում՝ չարաշահումների, գենդերային բռնության և սեռական շահագործման ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ։

Որպես այն կազմակերպությունների առաջնորդներ, որոնք պարտավորվել են վերջ դնել երեխաների հանդեպ բռնությանը՝ մենք համախմբվել ենք մեր խորը մտահոգությունն արտահայտելու, այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև՝ աջակցություն տրամադրելու համար պարտավորություն ստանձնելու նպատակով, որպեսզի պաշտպանենք երեխաներին բռնությունից և յուրաքանչյուր երկրում և համայնքում նվազեցնենք ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը երեխաների վրա:

ՔՈՎԻԴ-19-ի պատճառով համաշխարհային բնակչության մեկ երրորդը ինքնամեկուսացման մեջ է, և դպրոցների փակումը անդրադարձել է ավելի քան 1,5 միլիարդ երեխաների վրա: Տեղաշարժման սահմանափակումները, եկամտի կորուստը, ինքնամեկուսացումը և սթրեսի ու անհանգստության բարձր մակարդակը մեծացնում են երեխաների հանդեպ ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության հավանականությունը, մասնավորապես` այն երեխաների հանդեպ, ովքեր արդեն գտնվում են բռնության կամ ոչ բարենպաստ ընտանեկան միջավայրում: Եվ քանի որ համացանցը դարձել է բազմաթիվ երեխաների ուսման, աջակցության և խաղի հարթակ, մեծացել է նաև կիբերբուլիինգի, վտանգավոր առցանց վարքագծի և սեռական շահագործման ենթարկվելու վտանգը։

Իրավիճակը սրվում է երեխաների՝ դպրոցական ընկերների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների հետ շփվելու հնարավորություն չունենալու պատճառով, ինչպես նաև՝ դպրոցների, որպես անվտանգ վայրի և դպրոցների կողմից տրամադրվող ծառայությունների բացակայության պատճառով: Ամենախոցելի երեխաները, այդ թվում՝ փախստական, միգրանտ և ներքին տեղահանված, ազատազրկման ենթարկված, առանց ծնողական խնամքի մնացած, փողոցներում և ետնախորշերում բնակվող, հաշմանդամություն ունեցող, հակամարտությունների հետևանքով տուժած տեղանքներում ապրող երեխաները, առանձնակի մտահոգության տեղիք են տալիս։ Շատերի համար վատթարացող ֆինանսական դրությունը մեծացնելու է մանկական աշխատուժի, մանկական ամուսնությունների և թրաֆիքինգի ենթարկվելու վտանգը։

Այս հարցում  կառավարությունները հիմնաքարային դեր ունեն։ Նրանք պետք է ապահովեն, որ ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված ծրագրերը ներառեն տարիքին համապատասխան և գենդերային զգայուն միջոցառումներ, որպեսզի բոլոր երեխաներին պաշտպանեն բռնությունից, անտեսումից և չարաշահումներից: Առաջնահերթ է երեխայի պաշտպանությամբ զբաղվող ծառայությունների և այդ բնագավառի աշխատակիցներին տրվող աջակցությունը՝ համապատասխան ռեսուրսների հատկացմամբ։

Կառավարության հետ համատեղ և կառավարությանը տրվող աջակցության արդյունքում՝ միասին մենք պետք է իրականացնենք․

* հիմնական առողջապահական և սոցիալական բարեկեցության ծառայությունների պահպանում, այդ թվում՝ հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական առողջության,

* երեխաների պաշտպանությանն առնչվող դեպքերի վարույթների և արտակարգ իրավիճակներում այլընտրանքային խնամքի կազմակերպում,

*  ամենախոցելի երեխաների և ընտանիքների համար սոցիալական պաշտպանության ապահովում,

* շուրջօրյա խնամքի հաստատություններում երեխաների խնամքի և պաշտպանության շարունակականության ապահովում,

* ծնողների, խնամակալների և հենց իրենց՝ երեխաների համար գիտահեն տեղեկատվության և խորհուրդների տրամադրում,

* թեժ գծերի, դպրոցների հոգեբանների և ահազանգելու այլ երեխայակենտրոն մեխանիզմների ներդրում, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան օգնության դիմել, եթե հայտնվեն դժվարին կացության մեջ։

Հաշվի առնելով առցանց վտանգների ենթարկվելու հավանականության աստիճանի մեծացումը՝ ՏՏ ընկերությունները և հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է անեն հնարավորը` երեխաների անվտանգությունը առցանց ապահովելու համար: Մասնավորապես՝ հարկավոր է տրամադրել անվճար թեժ գծերի հնարավորություն, ապահովել տարիքին համապատասխան ծառայությունների և առցանց կրթության անվտանգ համակարգերի առկայություն՝ կազմակերպությունների հարթակներն օգտագործելով երեխաներին առցանց անվտանգության վերաբերյալ խորհուրդներ տրամադրելու համար: Հարկավոր է

ավելին անել՝ երեխաներին սպառնացող առցանց վտանգները, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ սեռական բռնություն պարունակող պատկերների և տեսանյութերի ստեղծումն ու տարածումը հայտնաբերելու և կանխելու համար։

Այս հայտարարությունը ստորագրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի, ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակների, Աֆրիկայի երեխաների քաղաքականության ֆորումի, Սեյվ դը Չիլդրենի, ՍՕՍ մանկական գյուղերի, WePROTECT գլոբալ դաշինքի, Վերջ բռնությանը գործընկերության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վորլդ Վիժընի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930