Լրահոս
Օրվա լրահոսը

2019-ին ներմուծման ծավալներն ավելացել են 10․8 տոկոսով. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ապրիլ 13,2020 13:46

2019 թվականին Հայաստան են ներմուծվել ավելի քան 5․5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ։ Սա նշանակում է, որ 2018-ի համեմատ ներմուծման ծավալներն ավելացել են 10․8 տոկոսով։

Մինչ դեկտեմբերը ներմուծման ծավալների աճը 2018-ի համեմատ չնչին էր, իսկ որոշ դեպքերում նաև զիջում էր նախորդ տարվա ցուցանիշներին, ինչպես, օրինակ, հունվար, մայիս և օգոստոս ամիսներին։ Սակայն տարվա կտրվածքով ներմուծման ծավալների նման աճ, կարելի է ասել, հնարավոր եղավ ապահովել դեկտեմբեր ամսին արձանագրված ավելի քան 50 տոկոսանոց աճի շնորհիվ։

Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ այս 50 տոկոսանոց աճը, տեղեկացնենք, որ 2019-ի 11 ամիսների կտրվածքով ներմուծման ծավալների աճը կազմել էր 6․6 տոկոս։

Ներմուծման ծավալներն ըստ ամիսների ներկայացված են գրաֆիկում։

2019-ին ներմուծման ապրանքային կառուցվածքում նկատվել են որոշակի փոփոխություններ։ Եթե 2018-ին Հայաստան էին ներկրվել մոտ 935 մլն դոլարի մեքենաներ (չշփոթել տրանսպորտային միջոցների հետ), սարքավորումներ ու մեխանիզմներ, ապա 2019-ին այս ապրանքախմբի ներմուծման ծավալները նվազել են մոտ 8 տոկոսով։

Ինչպես և սպասվում էր, նման ծավալներով մեքենա-սարքավորումների ներկրումը բերել է երկրում մշակող արդյունաբերության աճի։

Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներից շարունակում են մնալ հանքահումքային արտադրանքը՝ 814 մլն դոլար (+12.9%), տրանսպորտային միջոցները՝ 749 մլն դոլար (2018-ից 2․1 անգամ ավել), քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 470 մլն դոլար (+19%), պատրաստի սնունդը՝ 435 մլն դոլար (+8․9%), ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը՝ 345 մլն դոլար (+1․4%) և մանածագործական իրերը՝ 301 մլն դոլար (-5․5%)։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի վերգետնյա տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների աճը։ Նախորդ տարի արձանագրված 210 տոկոս աճը պայմանավորված է 2020 թ․ հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ուժի մեջ մտնելով։

Հիմնական ապրանքային խմբերից թերևս միակը մանածագործական արտադրանքն է, որի գծով նախորդ տարի ունեցել ենք ներմուծման ծավալների կրճատում (5․5 տոկոս)։

Ներմուծման աշխարհագրությունը

Ներմուծվող ապրանքների գծով Հայաստանի հիմնական գործընկերը շարունակվում է մնալ ԵԱՏՄ-ն։ 2018-ին Միության անդամ երկրներից ներմուծված ապրանքների մասնաբաժինը կազմել էր 29 տոկոս, նախորդ տարի այն կազմել է արդեն 30․7 տոկոս։ Բնական է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեր հիմնական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։ Այս երկրից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների մասնաբաժինը 2018-ի համեմատ ավելացել է 1․6 տոկոսով՝ կազմելով 29․7 տոկոս։ Նախորդ տարի Ռուսաստանից ներկրվել են մոտ 1 մլրդ 640 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ։

ԵԱՏՄ անդամ երկրներից զատ, Հայաստանը շարունակում է նաև ակտիվ առևտուրը ԱՊՀ անդամ երկրների, մասնավորապես՝ Ուկրաինայի հետ։ Նախորդ տարի, չնայած ներմուծման ծավալների կրճատմանը, Ուկրաինայից Հայաստան են ներմուծվել մոտ 150 մլն դոլարի ապրանքներ, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման 2․7 տոկոսը։

ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանը հիմնականում ներմուծում է նավթ և նավթամթերք, գազ, սնունդ։

Չնայած այն փաստին, որ Եվրամիության անդամ երկրներից ներմուծվող ապրանքների վրա տարեցտարի սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը, ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։ Նախորդ տարի Եվրամիության անդամ երկրներից Հայաստան են ներմուծվել մոտ 1 մլրդ 150 մլն դոլարի ապրանքներ, ինչ կազմում է ներմուծման 20․8 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ 2018-ին Եվրոպայից Հայաստան ներմուծված ապրանքների ծավալը կազմում էր ընդհանուրի մոտ 25 տոկոսը։

Եվրամիության անդամ երկրներից Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերները շարունակում են մնալ Գերմանիան՝ 239․2 մլն դոլար (4․3%), Իտալիան՝ 181․5 մլն դոլար (3․3%), Նիդեռլանդները՝ 131․9 մլն դոլար (2․4%), Բելգիան՝ 86․6 մլն դոլար (1․6%) և Ֆրանսիան 65 մլն դոլար (1․2%) ներմուծման ծավալներով։

ԵՄ անդամ երկրներից Հայաստանը հիմնականում ներմուծում է սարքեր ու սարքավորումներ, դեղորայք, սնունդ, կոշկեղեն, տրանսպորտային միջոցներ։

2018-ի համեմատ ավելացել է այլ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների մասնաբաժինը։ Եթե 2018-ին ԵԱՏՄ և ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներկրված ապրանքների մասնաբաժինը 42․3 տոկոս էր, ապա նախորդ տարի այս երկրներից ներմուծված ապրանքներին է պատկանում ներմուծման 45․5 տոկոսը։

Այս երկրներից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալներով առաջատարներն են Վրաստանը՝ 484․6 մլն դոլար (8.8%), Չինաստանը՝ 463․3 մլն դոլար (8.4%), ԱՄՆ-ն՝ 356․5 մլն դոլար (6.5%), Իրանը՝ 325․5 մլն դոլար (5.9%), ԱՄԷ-ն՝ 229․4 մլն դոլար (4.2%), Թուրքիան՝ 149․9 մլն դոլար (2.7%) և Շվեյցարիան՝ 62․6 մլն դոլար (1.1%):

Ի դեպ, բացի Թուրքիայից և Շվեյցարիայից, մյուս բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների ծավալներն աճել են երկնիշ թվերով։ Օրինակ՝ ԱՄՆ-ից ներմուծումն ավելացել է 87 տոկոսով (հիմնականում՝ տրանսպորտային միջոցներ), Վրաստանից՝ 30 տոկոսով, Իրանից ու Չինաստանից՝ ավելի քան 20 տոկոսով և այլն, մինչդեռ Շվեյցարիայի դեպքում ներմուծման ծավալները կրճատվել են ավելի քան 2 անգամ, իսկ Թուրքիայից՝ 7․5 տոկոսով։

Այս երկրներից Հայաստանը ներմուծում է հիմնականում տրանսպորտային միջոցներ, տեխնիկայի և կապի միջոցներ, շինանյութ, տեքստիլ արդյունաբերության ապրանքներ, սնունդ և այլն։

Սևադա Ղազարյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930