Լրահոս
Օրվա լրահոսը

«1991 ստորաբաժանում» ծրագիրը խտրական է և նպաստում է գենդերային անհավասարությանը. Վանատուր Շերենց

Ապրիլ 13,2020 13:54

Տեխնոլոգիական գերակայության հրամայականը ՀՀ ԶՈւ անվտանգային համակարգում

 ՀՀ անվտանգային համակարգում տեխնոլոգիական գերակայությանն ուղղված չափազանց կարևոր նախաձեռնություն է արական սեռի նախազորակոչային տարիքի ներկայացուցիչների համար 2020թ. հունվարի 29-ին մեկնարկած «1991 ստորաբաժանում» ծրագիրը՝ համաձայն ՀՀ ՊՆ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև 2019թ. սեպտեմբերի 30-ին ստորագրված փոխըմբռնման եռակողմ հուշագրի։

Ըստ էության, այս ծրագրով ՀՀ պաշտպանության նախարարությունն անվտանգային համակարգում փորձում է լուծել առկա բացը՝ կիրառելով համալիր մոտեցման գործիքակազմ։ Այսպես, Պաշտպանության նախարարությունը նախապատրաստական վեցամսյա դասընթացի միջոցով մի կողմից փորձում է արհեստական բանականության և տվյալագիտության վերաբերյալ գիտելիքներ փոխանցել՝ դյուրացնելով ծառայությունը «1991 ստորաբաժանումում», մյուս կողմից՝ ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթությունն ու բազմակողմանի զարգացումը,  իսկ մեկ այլ կողմից՝ ստեղծել կադրային բազա կամ ռեզերվ՝ զորացրվելուց հետո տեսագործնական հմտությունները ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում կիրառելու նպատակով։

Թեպետ ՀՀ զինված ուժերում տեխնոլոգիական գերակայությանն ուղղված հատուկ ստորաբաժանում ձևավորվել էր նաև նախկինում՝ համաձայն տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող մասնագետների՝ առանձին կարգով կազմակերպվող զորահավաքի, սակայն գործառութային և կառուցվածքային նեղ շրջանակի, ինչպես նաև մեծամասամբ գաղտնի ու անչափելի գործունեության պատճառով այս միավորը չի կարող համեմատվել «1991 ստորաբաժանման» հետ, որն ունակ է պարարտ հող դառնալ ինչպես կիբերանվտանգության գումարտակների, այնպես էլ հաջողության դեպքում՝ կիբերզորամասի ձևավորման համար։ Ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի արդիականացման, երկարաժամկետ և կայուն զարգացման համար որդեգրել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված այն քաղաքականությունը, որը վաղուց արդեն իրականություն է այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Չինաստանն ու Իսրայելը, որտեղ տեխնոլոգիական ստորաբաժանումներն իրենց բացառիկ դերի ու նշանակության շնորհիվ վեր են ածվել առանձին զորատեսակների։

«1991 ստորաբաժանման» օրինակով ՀՀ ԶՈւ անվտանգային համակարգում տեխնոլոգիական գերակայության տեսլականը, ակնկալիքները, արդյունավետության երաշխիքներն ու ռիսկերը լիարժեքորեն պատկերացնելու համար անց է կացվել SWOT վերլուծություն։ Ուսումնասիրության համաձայն՝ ծրագիրը կարող է հաջողել բացառապես այն դեպքում, եթե չկրկնի ՊՆ համապատասխան ստորաբաժանումների սխալներն ու որդեգրի տեղեկատվական տեխնոլոգիաների` աշխատաշուկային բնորոշ բաց ու նորարար մոտեցումները՝ հիմնված ազգային շահի ու աշխատակցի հետազոտական-ստեղծագործական ազատության վրա։

«1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈւՄ» ԾՐԱԳՐԻ SWOT ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
HELPFUL – Օգտակար HARMFUL – Վնասակար
S – STRENGTHS (Ուժեղ կողմեր) W – WEAKNESSES (Թույլ կողմեր)
1. Դասընթացն անվճար է, նախատեսում է մասնակիցների թվի աճ և ունի շարունակական բնույթ 1. Դասընթացը նախատեսված է բացառապես արական սեռի ներկայացուցիչների համար
2․ Ծրագրի մասնակիցների ընտրության կարգի թափանցիկություն
3. Միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծերի մշակում
O – OPPURTUNITIES (Հնարավորություններ) T- THREATS (Վտանգներ կամ սպառնալիքներ)
1. Համագործակցություն ՊՆ-ի և հայաստանյան գիտահետազոտական առաջատար կենտրոնների միջև 1. Գիտահետազոտական բաղադրիչի թերի ներգրավում
2․ Տեղեկատվական անվտանգության մշակույթի ձևավորում 2. Վերապատրաստված կադրերի կամ «ուղեղների արտահոսք»

ՕԳՏԱԿԱՐՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎՈւԹՅՈւՆՆԵՐ

 Նախնական թեստավորման ու խորին հարցազրույցի փուլերը հաղթահարած զինակոչիկները հնարավորություն են ստանում ուսումնասիրել ինչպես տվյալագիտություն, մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն, այնպես էլ ծրագրավորման, մաթանալիզի ու բարձրագույն մաթեմատիկայի հիմունքներ (1-ին հոսքի համար հայտ ներկայացրած 400 երիտասարդներից մրցութային կարգով ընտրվել էին 46-ը)։ Ընդ որում, ծրագիրը մրցակցային հավասար հնարավորության հարթակ է ինչպես նախազորակոչային տարիքի ավագ դպրոցականների, այնպես էլ մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար։

Հնարավորությունների տեսանկյունից չափազանց կարևոր է ընդգծել հատկապես ուսուցման անվճար բնույթը, քանի որ այսպես լուծվում են նաև սոցիալական հնարավորությունների հավասարության, կոռուպցիոն հնարավոր ռիսկերի, ՀՀ ԶՈւ-հասարակություն փոխվստահության և կադրերի ընտրության գործընթացում արդարության և թափանցիկության սկզբունքների ապահովման խնդիրները։

Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար ժամանակացույցում նշվել է, որ երեք տարվա ընթացքում , այսինքն` ընդհուպ 2023թ․) «1991 ստորաբաժանման» մասնակիցների թիվը պետք է հասցնել 300-ի։ Ստացվում է, որ մյուս հինգ զորակոչերին նախորդող ժամանակահատվածում պետք է կազմակերպել ընտրություն՝ ծրագրում սովորելու հնարավորություն ընձեռելով առավելագույնը 50 երիտասարդի։

Այս գործընթացը, ըստ էության, թեպետ շարունակվելու է ծրագրի ամբողջ ընթացքում, բայց և այնպես համապատասխանում է ստորաբաժանման ձևավորման միջնաժամկետ տեսլականին, քանի որ երկարաժամկետ տեսլական պետք է համարել հնգամյա գործունեության արդյունքը, ըստ որի՝ 2025թ․ պետք է հասնել արդյունքների առևտրայնացման։ Եթե, օրինակ, 2025թ․ ծրագրի երկարաժամկետ պլանները հնարավոր կլինի չափել արդյունքների քանակով, որակով և առևտրայնացման ծավալներով, ապա միջնաժամկետ կտրվածքով ծրագիրը կարելի է չափել համապատասխան սանդղակով՝ որպես վստահության լակմուս հիմք ընդունելով ծրագրին դիմած երիտասարդների թվաքանակի աճը կամ անկումը։

«1991 ստորաբաժանումը» ոչ միայն գիտահեն դարաշրջանի ուղղակի արտացոլումն է և ազգային անվտանգության հրամայականի պահանջը, այլև Հայաստանի գործադիր մարմնի՝ երկրի ռազմարդյունաբերական զարգացմանն ու վերազինմանն ուղղված տեխնոլոգիական գերակայության իդեալների խտացումը։

Իզուր չէ, որ «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ․ գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման 2-րդ բաժնի 4-րդ կետը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունն էականորեն կախված է տեղեկատվական անվտանգության մակարդակից, և այդ կախվածությունը մեծանում է գիտատեխնիկական առաջընթացին համընթաց» (ենթակետ գ), ինչպես նաև «․․․առանձնակի կարևորություն է ստանալու բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառությամբ նորագույն մոտեցումների ներդրումը ռազմաարդյունաբերության ոլորտում, որտեղ ակնկալվում է հայրենական ռազմական ապրանքների մրցունակության կտրուկ բարձրացում միջազգային շուկաներում, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա հակամարտություններում տեխնոլոգիական բաղադրիչների կշռի սրընթաց ավելացում» (ենթակետ զ)։

Այս համատեքստում ամենևին զարմանալի չէր 2019թ․ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վերակազմավորումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Փաստացի, «1991 ստորաբաժանում» ծրագրով ՀՀ պաշտպանության նախարարությունը ներդաշնակեցնում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման քաղաքականությունը կառավարության ընդհանուր տեսլականի հետ՝ ոլորտի առաջխաղացումը պայմանավորելով տեխնոլոգիական գերակայությամբ (այս տեսանկյունից անկյունաքարային է հատկապես ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի լիարժեք և թիրախավորված գործունեությունը)։

Կառավարության հետ սերտ համագործակցությունից զատ չափազանց կարևոր է նաև անմիջական կապը հայաստանյան և միջազգային գիտահետազոտական ուղեղային կենտրոնների հետ։ Հայաստանի զինված ուժերը, լինելով փակ և պահպանողական, այդ համագործակցության համար ուղղակիորեն ստիպված են բացվել և փոխակերպվել, քանի որ անհնար է հասնել միջգերատեսչական կառույցների և մասնավոր հատվածի տեխնոլոգիական կենտրոնների միջև միջգիտակարգային փոխգործակցության՝ առանց թափանցիկության, հաշվետվողականության և առաջատար փորձի փոխանակման։ Ընդ որում, բաց քաղաքականությունից շահելու է հենց Զինված ուժերի անվտանգային համակարգը, իսկ փոխըմբռնման հուշագրից հետքայլ կատարելու դեպքում տուժելու է բացառապես Պաշտպանության նախարարությունը։ Այս հանգամանքը պայմանավորված է ոչ միայն Պաշտպանության նախարարության՝ տեխնոլոգիաների ոլորտում միայնակ գործելու անկարողությամբ, այլև տեղեկատվական անվտանգության մշակույթի բացակայությամբ։

 ՎՆԱՍԱԿԱՐՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎՈւԹՅՈւՆՆԵՐ

Ծրագիրը խտրական է և նպաստում է գենդերային անհավասարությանը։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը որդեգրել է ՀՀ զինված ուժերում պայմանագրային հիմունքներով իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը խթանելու քաղաքականություն՝ լրացուցիչ զարկ հաղորդելով «Ազգ-բանակ» հայեցակարգին, այս համատեքստում չափազանց կարևոր է գենդերազգայուն ուղենշի սահմանումը, մանավանդ որ ՀՀ հիմնական օրենքի՝ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»։

Այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունը հատկապես հետհեղափոխական զարգացումների խորապատկերին չափազանց կարևորում է իրավահավասարության անհրաժեշտությունը, լավագույնս դրսևորվեց 2019թ․ հոկտեմբերին, երբ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվեց կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժին՝ նպատակ հետապնդելով ՀՀ ԶՈւ-ում կանանց զինծառայության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ անցկացնել ուսումնասիրություններ՝ հայտնաբերված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։

Հարկ է նշել, որ «1991 ստորաբաժանումը» թեպետ որևէ սպառնալիք չի հարուցում, սակայն գենդերային խնդրից զատ հղի է բազմաթիվ վտանգներով, որոնք պատասխանատու անձանց ուշադրությունից վրիպել են ռիսկերը գնահատելիս։ Նախ, «1991 ստորաբաժանումը» ՊՆ առաջին և միակ միավորը չէ, որի գործունեության հիմքում դրվել է գիտահետազոտական բաղադրիչը։ Այսպես, 2016թ․ բացված ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների և Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոններով հանդերձ, պարտավոր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ռազմավարական հետազոտություններ անցկացնել և եզրակացություն-առաջարկությունների տեսքով ներկայացնել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, մինչդեռ ուղեղային այս կենտրոնը ցայսօր աչքի չի ընկել ոչ հետազոտության խորությամբ ու որակով, ոչ էլ պիտանի տեղեկատվության հաղորդմամբ, մանավանդ, եթե հիմք ընդունենք «Հայկական բանակ» պարբերականը, որտեղ ամփոփվում են փորձագիտական մտքի համեմատաբար հաջող դատողություններն ու ուսումնասիրությունների արդյունքները (գլխավոր թերությունները տեսությունների կրկնություններն են, գրագողությունները, մեթոդաբանության և դաշտային հետազոտական աշխատանքի պակասը կամ իսպառ բացակայությունը և այլն)։ Հետևաբար, Պաշտպանության նախարարությունն արդեն ունի չստացված փորձ և «1991 ստորաբաժանման» ծրագիրը կազմելիս ամեն կերպ պետք է խուսափի դրա կրկնությունից։

Ռիսկերը գնահատելիս չպետք է անտեսել նաև առաջատար կադրերի «միգրացիան», քանի որ որևէ երաշխիք չկա, որ «1991 ստորաբաժանումում» հիմնարար ու գործնական գիտելիքներ և հմտություններ ձեռքբերած արդեն նախկին զինծառայողներն աշխատելու են ոչ թե բարձր տեխնոլոգիական առաջատար ընկերություններում կամ գիտահետազոտական լաբորատորիաներում, այլ հենց ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում։ Ընդ որում, այս կադրերի արտահոսքը կարող է պայմանավորվել ոչ միայն ՊՆ-ի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների՝ շուկայականից առավել ցածր վարձատրությամբ, այլև դեմոտիվացմանը նպաստող այլ գործոններով՝ փակ ու գաղտնի համակարգով, խիստ վերահսկողությամբ, ընդգծված ենթակարգությամբ և այլն։

Վանատուր ՇԵՐԵՆՑ

Ժողովրդավարության XX դպրոցի շրջանավարտ

Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ-ՄԱՀՀԻ

Անահիտ Բայանդուրի անվան ակադեմիա  2020

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 5-րդ՝ «Կրթություն, ժողովրդավարություն, զարգացում և անվտանգություն» երիտասարդական ֆորումի ժամանակ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930