ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով սահմանվում է՝ կորոնավիրուսային հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորություն կունենան նաեւ ինֆեկցիոն ծառայություն չունեցող բժշկական կազմակերպությունները: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց՝ օրինագիծը ենթադրում է նաեւ, որ կորոնավիրուսային հիվանդների բուժօգնությանը եւ սպասարկմանը կներգրավվեն նաեւ այլ բուժաշխատողներ, այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներ:
«Հնարավորություն կստանանք լիարժեք ապահովելու կորոնավիրուսով հիվանդների բուժօգնության տրամադրումը»,-համոզմունք հայտնեց փոխնախարարը:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հետաքրքրվեց՝ նպատակն ընդունելի է, բայց ուսանողներն ի՞նչ իրավական հիմքով են աշխատելու: Ավանեսյանը պատասխանեց. «Նրանք անցնելու են վերապատրաստում, եւ նրանց հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր: Նրանք աշխատանքի են անցնելու ԲԿ-ներում»:
Անահիտ Ավանեսյանի խոսքով. «Ներկայում իննը բուժհաստատություն է ներգրավված կորոնավիրուսով հիվանդների սպասարկմանը, բայց մենք փորձում ենք քայլ առաջ նայել եւ պատրաստ լինել բոլոր սցենարներին, ունենալ բոլոր հնարավորությունները՝ ցանկացած պահի մահճակալային ֆոնդը մեծացնելու: Մենք դեռ ունենք մասնագետների կարիք: Պատրաստվում ենք վատագույն սցենարների՝ մտքում հույս ունենալով, որ դրանք չեն լինի: Ամեն դեպքում, ամբողջ ներուժը կենտրոնացնում ենք»:
Կարդացեք նաև
ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարցրեց՝ հնարավոր բժշկական սխալի դեպքում իրավական պաշտպանության ինչպիսի՞ հնարավորություններ կլինեն ավարտական կուրսի ուսանողների համար: Փոխնախարարը պատասխանեց. «Այն կազմակերպությունները, որոնք կտրամադրեն բուժօգնությունը եւ այն անձինք, որոնք կընդգրկվեն որպես բուժաշխատող, նրանց հանդեպ կկիրառվի առկա իրավական ռեժիմը: Նրանք ունենալու են առկա իրավունքների եւ պարտականությունների ողջ ծավալը եւ գործելու են ավագ գործընկերների վերահսկողության ներքո»:
Այս օրինագիծը, ինչպես նաեւ՝ այսօրվա նիստում քննարկվող «Դեղերի մասին օրենքում» լրացումների օրինագիծն ընդունվեցին միաձայն: Դրանց երկրորդ ընթերցումը պետք է կազմակերպվի 24 ժամվա ընթացքում. պատգամավորները 3 ժամ ունեն՝ գրավոր առաջարկներ ներկայացնելու:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ երկրորդ ընթերցման քննարկումը տեղի կունենա այսօր՝ մոտ ժամը 16 00-ին. «Բացի այդ, կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը, եւ որոշումն ուղարկվելու է ԱԺ-ին: Գուցե 15:00-ին ունենանք հատուկ նիստ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ