ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվելու են կառավարության՝ հրատապ ռեժիմով բերած երկու օրինագծերը, որոնց երկրորդ ընթերցումը պետք է կազմակերպվի 24 ժամվա ընթացքում: Առաջին օրինագիծը «Դեղերի մասին օրենքում» փոփոխություններին է վերաբերում: Թե ինչով է պայմանավորված հրատապությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հայտարարեց. «Քանի որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ սահմանափակվել է անձանց տեղաշարժը եւ պետական կառավարման մարմինների հետ անմիջական շփումը, ընկերությունները հնարավորություն չունեն դիմելու լիցենզավորման գործակալություններ՝ լիցենզիա ստանալու համար»:
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով էլ առաջարկվում է լիցենզիայով չնախատեսված սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում՝ կորոնավիրուսային հիվանդության համար բուժօգնություն եւ ծառայություններ մատուցելու նպատակով: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ակնկալվում է կորոնավիրուսով հիվանդների համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ եւ լրացուցիչ մասնագետների ներգրավում:
«Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը նկատեց՝ սա ուշացած չէ՞: Փոխնախարարը չհամաձայնեց՝ նշելով, որ լրացուցիչ մահճակալային ֆոնդի ստեղծման եւ մասնագետների ներգրավման համար աշխատանքներն արդեն իսկ արվում են. «Կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների սպասարկման համար արդեն 1400 մահճակալ ունենք, խոսքը լրացուցիչ՝ այլ բժշկական կազմակերպություններին ներգրավելու մասին է: Եթե, օրինակ, կազմակերպությունը չունի ինֆեկցիոն տեսակի լիցենզավորում, միեւնույնն է, կկարողանա ապահովել կորոնավիրուսով հիվանդների բուժսպասարկումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ