Առանց իր մրցակցի՝ նախագահի թեկնածուՄասիս Մայիլյանի մասնակցության, Արայիկ Հարությունյանը հեռուստաբանավեճում ձեռնպահ մնաց նրան ուղղելիք հարցերը հնչեցնելուց եւ օգտվելով իր եզրափակիչ խոսքի իրավունքից՝ ասաց. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու նախագահի որոշման համար եւ կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ հետեւել պահանջներին: Ուզում եմ նշել, որ յուրաքանչյուրիս եւ մեր ընտանիքների առողջությունը առաջին հերթին կախված է մեզանից: Մենք չպետք է մեղադրենք որեւէ մեկին, չպետք է մեղադրենք իշխանություններին կամ օպերատիվ շտաբին: Ինքներս պետք է պահպանենք կանոնները: Ուղղակի խնդրում եմ իմ բոլոր հայրենակիցներին՝ քաղաքում, գյուղերում, բոլոր բնակավայրերում, փողոցում քայլելիս, պարտադիր պահպանել բոլոր սոցիալական կանոնները, պահանջները, որ առաջադրվում են: Միայն այդպես մենք կարող ենք պայքարել: Եթե չլինի հասարակական գիտակցության բարձր աստիճան, ինչքան էլ խստացնենք պայմանները, արդյունք չի լինի: Մենք պետք է այս փուլում հրաժարվենք մեր ուրախությունների, տխրությունների ավանդական միջոցառումներից, պետք է շփումները մեր հայրենակիցների հետ իրականացնենք այնպես, ինչպես պահանջվում է:
Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգված են ընտրության գնալու ռիսկից, չմասնակցեն: Մեր խոցելի խավերին, հիվանդներին ասում եմ, որ պարտադիր չէ մասնակցելը: Իհարկե, դա ընտրելու նրանց սահմանադրական իրավունքն է: Բայց կոչ եմ անում՝ ռիսկի չենթարկել իրենց առողջությունը: Չնայած, ուզում եմ նորից ֆիքսել, որ ընտրության մասնակցելը ամենաքիչ ռիսկն է պարունակում: Մեր ամենօրյա շփումները, առօրյա կյանքն ավելի վտանգված է վարակվելու առումով, քան ընտրությունները, որտեղ կանոնները պահպանվում են: Բայց մեզ պետք է լեգիտիմ իշխանություն, քանի որ այն մարտահրավերներին, այն աղետին, այն ճգնաժամին, որ սպասում է մեզ, միայն ընդհանուր, միասնական ուժով եւ լեգիտիմ իշխանությամբ կարող ենք դիմակայել: Հաջողություն եմ մաղթում բոլորիս եւ ուզում եմ վստահեցնել՝ մենք հաղթանակով ենք դուրս գալու այս իրավիճակից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ