Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության եւ անվտանգություն հարցի շուրջ առաջին հեռուստաբանավեճի ժամանակ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել էր. «Զիջում անելու իրավունք չունենք: Եթե ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի: Պետք է ունենանք հզոր բանակ եւ չպետք է կասկածի տակ դնենք Արցախի անկախությունը»:
Լրագրողի հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է անելու հզոր բանակ ունենալու, անկախության միջազգային ճանաչման եւ Արցախի անվտանգության ապահովման համար, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նախ, պետք է գիտակցենք, որ մեր խաղաղության միակ երաշխավորը մեր բանակն է: Իսկ բանակի սպառազինությունը, մարտունակությունը մեր գլխավոր խնդիրն է լինելու: Առիթ ունեցել եմ հայտարարելու, որ 2019 թվականը բանակի սպառազինության համալրման առումով եղել է շրջադարձային: Ժամանակակից բավական մեծ քանակությամբ զենք-զինամթերք է ձեռք բերվել: Եվ այն տեմպերը, որոնց ես ծանոթ եմ, այն ծրագիրը, որը կա եւ պիտի կատարվի, թույլ է տալու 2-3 տարվա ընթացքում ոչ միայն վերականգնել հավասարակշռությունը մեր հակառակորդի նկատմամբ, այլ ինչ-որ տեղ էլ ունենալ առավելություն: Այստեղ, իհարկե, մենք մենակ չենք: Գաղտնիք չէ, որ այդ ամենը պետք է իրականացնենք Հայաստանի իշխանության հետ: Ողջունում եմ այն ծրագիրը, որ այսօր բանակի սպառազինման համար ունի Հայաստանի իշխանությունը, սպայական անձնակազմի սոցիալական վիճակի, կենցաղային պայմանների, առաջնագծի բարելավման ուղղությամբ կատարվող բոլոր աշխատանքները: Մենք պետք է փորձենք տարիների ընթացքում ձեւավորել արհեստավարժ բանակ: Սա ծանր խնդիր է, բայց օրակարգում պետք է ունենանք: Մեր մյուս կարեւոր խնդիրը ուժեղ ու պատրաստ պահեստազոր ունենալն է:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, մի բան կարող եմ ասել՝ առանց Ստեփանակերտի ներգրավման, առանց Արցախի իշխանությունների, հնարավոր չէ որեւէ լուծում ունենալ: Այստեղ էլ պետք է հասկանանք, որ Արցախի տնտեսական զարգացման քաղաքականությունը, մանավանդ, մեր կուսակցության, դաշինքի ծրագիրն ընդգրկում է Արցախի ամբողջ տարածքը՝ 11,4 հազար քառակուսի կիլոմետրը: Դրա համար նշեցինք, որ հող զիջել հասկացություն մեր օրակարգում չկա: Հակառակը, Արցախի ամբողջ տարածքում այսօր պետք է հավասարաչափ զարգացման քաղաքականություն իրականացնելով կատարել այդ խնդիրը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ