Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուն ծեծելու դեպքով

Ապրիլ 12,2020 23:41

Քաղաքացի Կարեն Հովհաննիսյանին ոստիկանության Արաբկիրի բաժնում խոշտանգելու վերաբերյալ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսված ծառայողական քննությունն ավարտվել է: Այս մասին Aravot.am-ին ասաց Հովհաննիսյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Ոստիկանությունում էլ սկսված ծառայողական քննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Քանի որ արարքները պետք է ստուգվեն հանցագործության կատարման տեսանկյունից, այս հանգամանքներում ծառայողական քննությունը  որեւէ արդյունք չի կարող տալ: Ոստիկանությունը կարգապահական պատասխանատվությանը կանդրադառնա քրեական գործի ավարտից հետո: Եթե քրեական գործը կարճվի կամ այլ հիմքով ավարտվի, ծառայողական քննության շրջանակում ոստիկանների գործողություններին գնահատական կտրվի»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, դատաբժշկական փորձաքննության արդյունքներն էլ են արդեն ստացվել, դատաբժիշկը եզրակացրել է, որ Կարեն Հովհաննիսյանը, հնարավոր է, վնասները իր նկարագրած իրադարձությունների շրջանակում ստացած լինի. «Դատավարական ընթացակարգով փորձագետին առաջադրված է եղել հարց՝ հնարավոր է այս վնասվածքները ծեծի, խոշտանգման հետեւանք լինեն, թե՝ ոչ, փորձագետն ասել է՝ այո, այն իրադրությունը, որ նկարագրել եք, հնարավոր է, որ այդ իրադրության ժամանակ է ստացել»:

Փաստաբանի խոսքով, ՀՔԾ-ն էլ սեփական նախաձեռնությամբ՝  հիմք ընդունելով լրատվամիջոցների հրապարակումները, քրեական գործ է հարուցել, հարուցված քրեական գործի շրջանակում Կարեն Հովհաննիսյանը  չի հարցաքննվել, բայց փաստաբանը քննիչի հետ  պայմանավորվել են, որ կորոնավիրուսով պայմանավորված երկում  ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո կշարունակեն քննչական գործողությունները, իսկ անհետաձգելի քննչական գործողությունները՝ հնարավոր ապացույցների ոչնչացման վտանգի չեզոքացման ուղղությամբ, ըստ Կոչուբաեւի, քննիչը կատարել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ալեքսանդր Կոչուբաեւի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930