Նախօրոք նշեմ, որ ես վիրուսաբան չեմ, կենսաքիմիկոս եմ, ով երկար տարիներ աշխատել է մարդու և կենդանիների թիրախային բջիջներում կենսաակտիվ նյութերի ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններով: Սա նշում եմ, քանի որ կախարդական փայտիկի ազդեցությամբ, մեր շատ և շատ կենսաբաններ, քիմիկոսներ, աչքի բժիշկներ, անասնաբույժներ, կամ չգիտեմ՝ այլ մասնագիտությունների դոկտորներ, հանկարծ դարձան վիրուսաբաններ: Չմոռանամ նաև հիշատակել աստղագուշակներին, տարաբնույթ շամամներին և Հայաստանի Ազգային Ակադեմիայի այն ակադեմիկոսին, որը հետևելով լրագրողի կոչին, արդեն իսկ երեք օրում հայտնաբերել է այս վիրուսի կողմից պատճառված հիվանդությունների բուժումը:
Ամենևին հակված չեմ խրատներ տալու, կամ մարդկանց «տերմինախեղդ» անելու, կամ էլ անխնա քննադատելու Հայաստանի հայ գիտնականներին: Հայաստանում գիտության պրոբլեմներին արդեն բազմիցս անդրադարձել եմ, տեղյակ եմ իրավիճակին, նաև համաձայն չեմ թե անցյալում, թե ներկայում տարվող գիտական քաղաքականությանը: Սակայն կարծիքս գրում եմ, քանի որ իմ շատ գործընկերներ, տարբեր մասնագիտություններ ներկայացնող՝ կայացած կամ կիսատ-պռատ գիտնականներ, «Եվրոպական Ակադեմիաների պատվավոր դոկտորներ», կամ էլ դավադրական տեսության նվիրյալ ջատագովներ, երբեմն արտահայտում են ոչ գիտական, իրարամերժ, կամ էլ կոնսպիրատիվ տեսակետներ: Ոչ ստույգ կամ հակասական տեսությունների, կորոնավիրուսի բուժմանը վերաբերող գիտական վարկածների, կամ էլ ուղղակի նրա ազդեցության մեխանիզմների քննադատական հոդվածների տեղն իրականում գիտական ամսագրերն են:
Այ այնտեղ է, ուր ես, կամ այլ գիտնականներ, լիարժեք կքննադատեն, կոչնչացնեն կեղծ թեզը, կամ էլ լավագույն դեպքում՝ ի ցույց կհանեմ առկա գրագողությունը: Սակայն, բնականաբար, թերթի ընթերցողները միայն գիտնականները չեն, այլ մարդիկ, ովքեր տարակուսում են իրարամերժ ինֆորմացիայի հոսքից, ովքեր կարիք ունեն մասնագետի կողմից սխալ և անստույգ ինֆորմացիայի հերքման, կամ էլ՝ պարզ և մատչելի բացատրության: Վերջերս օրինակ ՄՏԻ (MIT, USA) մի գիտնական էր հարցազրույց տալիս և առաջ քաշում հերթական դավադիր (կոնսպիրատիվ) տեսությունը: Սովորական լսարանի համար շատ համոզիչ փաստարկներ էին բերվում, որ օրինակ, այս աղմուկն անտեսում է հիվանդության բուն փաստը, որ ցանկացած վիրուսի ազդեցության ժամանակ հիմնական դերը մարդու իմունիտետին է վերագրվում, հետո արդեն ավելի մասնագիտական ձևով՝ կորոնավիրուսի ազդեցության մեխանիզմն էր ներկայացվում, ու նաև խորհուրդներ տրվում վիտամիններ օգտագործել, կամ հիդրոքսիքլորոքսին, և վերջ:
Սահուն կերպով նրա հարցազրույցի թիրախն են դառնում Ֆարմացևտիկ կոմպանիաները, հնարովի վակցինաների ստեղծումը և վերջապես՝ շրջանակը փակվում է Գեյցի և Ֆաուչիի դավադիր նկատառումների նկարագրությամբ: Մոտավորապես այսպես՝ նրանց նպատակն է գերշահույթ ստանալը և մարդկանց հնազանդեցնելը՝ զոմբիացնելը: Շարքային ունկնդիրն իհարկե նրա ասածների մեջ հակասություններ չի տեսնի, որ օրինակ նա բուժումը պայմանավորում է իմունային սիստեմի հետ, միևնույն ժամանակ՝ հերքում է իմունիտետը ստիմուլացնող վակցինացիայի գաղափարը: Է, Պաստյորի ականջը կանչի: Կամ քննադատելով բոլորին, պարզվում է, որ սովորական PR է, և տվյալ գիտնականն իր թեկնածությունն է առաջադրել Ամերիկյան Սենատի ընտրություններին:
Կարդացեք նաև
Հիմա վերադառնանք Հայաստան: Այստեղ էլ մեծ դեր է տանում սովորական PR-ը: Այո, մարդիկ սկսում են խոսել այնպիսի բաներից, որ նույնիսկ չեն հասկանում ինչի մասին են խոսում: Օրինակ, «Եվրոպական Ակադեմիայի պատվավոր անդամը» բույսի և բակտերիայի բջիջները միմյանցից չի տարբերում՝ բայց այ խոսում է, այն էլ հաստատակամ: Մի հազար անգամ արդեն նշել ենք, ձեր այդ «Եվրոպական Ակադեմիաների» կեղծ, պատվավոր անդամությամբ մի փորձեք մարդկանց վրա տպավորություն թողնել: Մեկ այլ օրինակ էլ, մեր հեռուստալրատվության եթերով հեռարձակում է գերմանական սոցիալիստ բժիշկի կոնսպիրատիվ կարծիքը, որն իր իսկ երկրում արդեն խիստ քննադատվում է:
Հիմա անդրադառնամ Հայաստանում Կովիդ-19 թեսթերի արտադրությանը: Ճիշտ է, արդեն ծեծված թեմա է դարձել, բայց ցանկանում եմ մեկ-երկու նկատառում անել: Կարո՞ղ են արտադրել, թե չեն կարող, միանգամից ասեմ՝ կարող են կոմպլեկտավորել, եթե բոլոր անհրաժեշտ նյութերը դրսից առաքվեն:
Պե՞տք էր արդյոք գումարը հատկացնել այդ ինստիտուտին՝ «պապայի արև, մենք կարող ենք թեստեր մշակել» ձևաչափով՝ կարծում եմ, սխալ էր: Բայց շանս տալ հայ գիտնականներին երևի ինչ-որ տեղ ճիշտ է, եթե այնուամենայնիվ մրցույթ հայտարարվեր: Հատկապես, եթե այն գիտական լուծում պետք է ունենար: Հակառակ պարագայում՝ կոմպլեկտավորման համար, սա ժամանակի անիմաստ կորուստ է: Շատերը գուցե կընդդիմանան. «Ինչո՞ւ մերոնք չեն կարող թեսթեր մշակել»: Կարող են, և դա իրականում նրանց գործն է, բայց Հայաստանում մենք չունենք այնպիսի հզորինֆրաստրուկտուրա, որտեղ շատ կարճ ժամանակահատվածում նոր որակի թեստեր մշակվեն: Սա ինչ-որ տեղ ինձ հիշեցնում է «Արմենիկումի» հայտնի գլուխկոտրուկը, երբ մեր ղեկավարները առանց փորձագետների կարծիքը հաշվի առնելու՝ չգիտեմ հումանիտար նպատակներից ելնելով, թե գերշահույթ ստանալու ակնկալիքով, հսկայական ռեսուրսներ ծախսեցին այն իրագործելու համար:
Երևի տեսել եք ռուսական «Շիրլի-միրլի» ֆիլմը, մոտավորապես նույն սցենարով էր. «Այ հիմա Արմենիկումը կվաճառենք, և ամբողջ ազգը կապրի հարուստ և ապահով»: Սակայն իրականում ունենք այն, ինչ ունենք, որովհետև ինչպես միշտ գիտնականների կարծիքը հաշվի չառնվեց, հապշտապ «հաստատ բուժումա, փորձածա» վարկածով մեր այրերը կցվեցին հայրենիքի փրկության գործին: Կարծես թե նմանատիպ սխալները կրկնվում են: Առաջինը՝ Ամուլսարի հետ կապված գիտական փորձաքննությունն էր, և կարծեմ 400 հազար դոլարի ծախս, և այս օրերին արդեն՝ հապշտապ առաջարկն ընդունելն ու առանց մրցույթի գումար հատկացնելն էր Մոլեկուլային Կենսաբանության ինստիտուտին:
Ես, իհարկե, նրանց հաջողություն եմ ցանկանում, բայց նաև կիսում եմ իմ շատ գործընկերների քննադատությունները՝ ուղղված այդ ինստիտուտի կարողություններին ու հնարավորություններին: Ինչևէ, ժամանակը ցույց կտա:
Որպես ամփոփում, մի հավատացեք ամեն տեսակ դավադիր տեսությունների, առավել ևս՝ մի փորձեք դրանք տարածել:
Արա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԿԳԴ
Սկսեցի կարդալ բազմաթիվ հարցերի պատասխան ստանալու ակնկալիքով,բայց ամբողջ աշխարհին քննադատելուց բացի,ոչ մի բան չասվեց։
Ուրեմն ուշադիր չեք կարդացել: Իսկ եթե կոնկրետ հարցեր ունեք, խնդրեմ, ես սիրով կպատասխանեմ