Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքից հետո՝ մարտի 1-ից, պարապմունքները դադարեցրել է նաև Վանաձորի խառը մենամարտերի մարզադպրոցը։ Մարզիչ Նարեկ Եգանյանի հետ զրուցել ենք այս իրավիճակում սաներին մարզավիճակում պահելու դժվարությունների մասին։
-Նարե՛կ, մենք գիտենք, որ շուրջ մեկ ամիս է՝ պարապմունքները դադարեցվել են նաև Ձեր մարզադպրոցում։ Կրթական հաստատություններում դեմառդեմ դասերին փոխարինելու են եկել հեռավար տարբերակները։ Դուք ինչպե՞ս եք փորձում լրացնել բացը։
-Մենք ևս անցել ենք հեռավար տարբերակների։ Նախ ես եմ օնլայն տարբերակով իրականացնում մարզումները, ապա սաները վարժությունները կատարում ու տեսանյութն ուղարկում են ինձ։ Սխալները կրկին օնլայն ենք քննարկում։
-Ինչպե՞ս են սաներն ընդունել այս նոր իրավիճակը։ Դժգոհություններ կա՞ն։
Կարդացեք նաև
-Իհարկե դժգոհ են, որ պարապմունքները կասեցվել են։ Միջին և ավագ խմբերի սաները պատրաստ են նաև այս իրավիճակում գալ պարապմունքի, բայց նրանց բացատրել եմ, որ բոլորիս առողջության ու անվտանգության համար ենք սա անում, և նրանք ևս համակերպվել են։
-Ինչպե՞ս եք գնահատում արդյունավետությունը, հաջողվո՞ւմ է լիարժեք անցկացնել պարապմունքը։
-Բնականաբար, ոչ։ Քանի որ դա միայն տեսական չի կարող լինել, գործնական աշխատանքը, անմիջական շփումը պարտադիր է։ Փոքրերի հետ այդքան էլ հեշտ չէ, նրանք անընդհատ ուղղորդելու, իրենց կողքին գտնվելու կարիք ունեն։ Փոքրերից ոչ բոլորն են, որ կարող են հեռավար տարբերակով ամբողջական պլանով մարզվել։
-Այսինքն՝ հեռավար մարզումները միայն միջին և ավագ խմբի հե՞տ եք անցկացնում։
-Ոչ, փոքրերին էլ եմ հանձնարարություններ տալիս, բայց՝ ծնողների միջոցով։ Այնուամենայնիվ լիարժեք ուշադրություն դարձնելն անհնար է։
-Վտանգներ չեք տեսնո՞ւմ, որ այս շրջանից հետո սաներն ինչ-որ չափով հետ վարժված կլինեն։
-Նախատեսել եմ այդ ռիսկերը, բայց քանի որ այլընտրանք չկա, բնականաբար պետք է բավարարվենք այս տարբերակով։
-Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր կարգավիճակում հայտնված մարզիչներին։
-Չդադարեցնել մարզումները ոչ մի դեպքում, եթե ցանկանում են, որ իրենց աշակերտները մնան մարզավիճակում։ Ֆիզիկականին զուգահեռ շարունակեն ոգևորել նաև հոգեպես: Քանի որ այս շրջանում հոգեբանական մասն ավելի կարևոր է, որ նորեկները, որոնք դեռ լիարժեք չեն հասկացել մարզաձևի իմաստը, չհիասթափվեն պարապմունքներից։
Հարցազրույցը վարեց Նարինե ԵԳԱՆՅԱՆԸ