«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող անձինք Սուրբ Զատիկի առավոտյան անակնկալի եկան։ Նախաճաշը զարմացրեց բոլորին. կարմիր ձու, լավաշ, թարխուն, կարտոֆիլ։
Ճաշը նույնպես՝ իշխան ձուկ, չամիչով փլավ, սալաթ…
Առաջին անգամ էր, որ կալանավայրում Զատկի օրը նման նախաճաշ ու ճաշ էին տալիս։
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերից ՔԿՀ-ում սննդի կազմակերպումը վերապահված է անհատ ընկերության, որը շահել է մրցույթում։ Կորոնավիրուսի վտանգի հետ կապված, արտակարգ դրություն մտցնելուց հետո՝ դադարեցվել է հանձնուքների ընդունումը։ Քրիստոսի հարության տոնին զատկական կերակուրներ տրամադրելը մի տեսակ տոնի վերածեց մեր առօրյան. ձվակռիվ ստացվեց, մատուռներում մոմ վառեցինք ու առ Քրիստոս խնդրեցինք՝ օր առաջ հայտնվել ազատության մեջ։
Կարդացեք նաև
Ու ինչպես այստեղ են կես կատակ, կես լուրջ նշում՝ մինչեւ կորոնավիրուսն էլ մենք մեկուսացված էինք։ Մեկուսացված աշխարհից, հարազատներից՝ գիտակցելով մեր մեղքի չափն ու ապաշխարելու անհրաժեշտությունը՝ Բարձրյալից ամեն օր թողություն խնդրելով։ Անսխալական մարդ չկա, ծեծված խոսք է՝ կյանքը աստիճան է, չգիտես՝ վաղը ինչ կլինի։ Անգամ չարակամիս՝ չեմ ցանկանա գոնե մի քանի ժամով հայտնվի այստեղ, արեւին նայել ճաղավանդակներից, կտրվելով աշխարհից՝ լինել բոլորի ուշադրության կենտրոնում։ Մնում է վայելել Քրիստոսի հայտնության հրաշափառ տոնն, աղոթել առողջության ու ազատության համար։
Հ.Գ. Ի դեպ, համավարակի հետ կապված պարբերաբար ջերմաչափվում ենք, անգամ մի քիչ բարձր ջերմաստիճան ունենալու դեպքում բժիշկների հսկողության տակ ես լինում։ Այնպես որ առողջ սննդի հետ՝ առողջ մարմին ու հոգի…
Արմենակ/Արմեն/ ԴԱՎԹՅԱՆ
ԼՐԱԳՐՈՂ, այժմ ՔԿՀ-Ի ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ