Լրահոս
Օրվա լրահոսը

Ալո՞: Սխալ եք գաղտնալսել (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Ապրիլ 12,2020 16:42

Երբ Թագավարակը դուրս եկավ հսկողությունից, իսկ հսկողությունը՝ ԱԱԾ միջանցքներից, Առողջապահության նախարարը փիտեց մազերն ու գծավոր պիժամա հագնելով՝ մտավ մահճակալի տակ: Այդ օրվանից ի վեր, Աբորիգենների հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մահճակալի տակ Առողջապահության մեկական նախարար կար, և նրանք բոլորը մասնատվել էին այն պարզ պատճառով, որ Նախարարը կաշվից դուրս էր գալիս, որպեսզի Թագավարակը դուրս գա հսկողությունից:

– Այ քեզ բան,- զարմանում էին սեռական մտահոգություններ ունեցող կանայք և ավլում էին իրենց տների հատակները՝ խիստ գրգռիչ պոզաներ ընդունելով ու հույսեր փայփայելով, թե մահճակալով պաշտպանված տղամարդն ի վերջո դուրս կգա, որպեսզի…

– Շարունակեք, շարունակեք, շատ հետաքրքիր էր լսելը: Որպեսզի՝ ի՞նչ:

– Չասե՜ք, չասե՜ք,- ճվաղում էին մի խումբ մոլագարներ, որոնք դիահերձարան էին գնացել՝ Հիսուս Քրիստոսի հարությունը տեսնելու հույսով:

Դիահերձարանից մեկնաբանել էին, որ Տիրոջ հարությունն անժամանակ հետաձգվել է խիստ անբարենպաստ հանգամանքների  պատճառով,  որովհետև Տերը գտնվում էր երկնային սուր վարակիչ հոգեբուժարանում և անվերջ զառանցում էր դեռ 2000 տարի առաջ տրված իր խոստումն առ այն, թե կվերադառնա շուտով:

– Բայց մի՞թե Թագավարակը սրբերին էլ է այցելում,- իսկապես տարակուսում էին փողոց ընկածները, որ վերջերս փողոց Փակողի դիպլոմներ էին ստացել ու մեկուսացել էին հենց մայթերի վրա՝ հավատամքն անձնականից վեր դասելով:

Անտաղանդ այս իրականության մեջ առանձնահատուկ հարգանք էին վայելում շուն ու կատու հավաքողները, քանզի մասնագիտական ցուցումներ էին ստացել վարչապետից և հիմա լիարժեք տիրապետում էին ունելիով (պինցետ – Ն.Փ) բացիլ բռնելու տեխնիկային:

– Վա՜յ, թաղեմ ձեր բոյը,- զօր ու գիշեր արտահայտվում էին մի խումբ միզամուղ պառավներ, որոնց հավաքել էին Ազգային համակենտրոնացման ճամբարներից և ունելի բանեցնող յուրաքանչյուր բացիլորսին մի պառավ էին կցել, որպեսզի բացիլն անեծքով մեռցնեն:

Վարչապետի պառավները, բնականաբար, շատ էին:

Նրանք չէին հիշում, բնավ չէին հիշում, թե իրենց սեղանատամները որ դարերում են թափվել, բայց հիմա, յուրաքանչյուրի բերանում ոսկեջուր պրոթեզներ էին տեղադրել, իսկ դոլարները խրել էին ցանցկեն գուլպաների տակ՝ որպես հիշեցում առ այն, որ ինքնապարգևատրումը չի փչացնում մարդուն, իսկ փողով մերսումներից երիտասարդացնում են ծայրանդամները, ինքնապարգևատրվողի մտերիմներն ու որոշ մեռելներ:

Մեռելներն, ի դեպ,երիտասարդանում են մեծ դժվարությամբ:

Այս ընթացքում, երբ հանրապետության նախագահը մոռացել էր մայրենին ու ոչ մի տառ չէր հիշում, որպեսզի գոնե ձևի համար մի հրաման արձակի, Առողջապահության նախարարից բազմացած որոշ հանդուգն կտորներ այնուամենայնիվ դուրս էին եկել՝  մահճակալների տակ մենակ մեկուսանալու ռեժիմը դարձնելով մահճակալների վրա երկուսով մեկուսանալու առօրյա:

– Վա՜յ, Հայր մեր, որ հոգեբուժարանում ես,  այս ինչ ճիչեր ու տնքոցներ են,- օրն ի բուն բողոքում էին ծանր լսողությամբ տառապող մարդիկ, որ ամբողջ կյանքում ոչինչ չէին լսել՝ Լուսնի սոնատից բացի:

– Ոչինչ, ոչինչ, երևի մեր հարևանները Քիմ Քարդաշյանի ելույթներն են ուսումնասիրում: Ի՞նչ կա որ: Ես, օրինակ, առաջարկում եմ Քիմ Քարդաշյանի թեկնածությունը՝ որպես ԿԳՄՍ նախարար: Թող մեր բալեքը սովորեն զիմաստություն ու զխրատ, ճանաչեն զբանս Քարդաշյան:

Այս հեռանկարից ոգևորվելով, հավատացյալ հոտն այնքան սրտառուչ էր գխտում Ալելույա բառը, որ դռնփակ ժամերգության շոուներն անմիջապես դառնում էին սև մոգության սեանսներ, իսկ Մուրացանը, Դավթակ Քերթողն ու Ազատ Վշտունին մուտքի վիզաներ էին աղերսում Եվրամիության դեսպաններից՝ հետմահու արտագաղթին մասնակցելու երազանք փայփայելով:

Իհարկե, ժամանակն իզուր չէր անցնում, որովհետև Հեղափոխության պաշտպաններ կոչվող մի խումբ շրջում էր տնետուն՝ հետհեղափոխական անպաշտպանության առաջն առնելու ծրագիր իրականացնելով ու քաղաքացիների հետույքներն առաջիկա պատվաստումներին նախապատրաստելով:

– Ա՜խ, ի՜նչ հաճելի տղաներ էին,- կարոտավառ նվաղում էին հատկապես այն կանայք, ովքեր տղամարդու ձեռք չէին տեսել իրենց նուրբ հետույքներին, իսկ նրանց նստատեղերը ոչ ոք չէր տրորել առ այս՝ գերչակի յուղ օգտագործելով:- Երանի մի անգամ էլ գային:

– Ոչ, թող ամեն օր գան,- չէին խախանդվում առանձնահատուկ կրքոտ կանայք:- Մենակ սրա համար արժեր հեղափոխություն անել:

– Բայց մեզ, վերջը, ի՞նչ են սրսկելու,- ըմբոստանում էին առավել համարձակ տղամարդիկ՝ հրացանների մեջ աղ լցնելով: – Ո՞վ գիտի:

– Ինչ ուզում են՝ թող սրսկեն,- դայլայլում էին առավել զգացմունքային կանայք, մենակ թե…

– Մենակ թե՝ ի՛նչ,- իբր ի միջի այլոց հետաքրքրվում էին որոշ խուժան բիձուկներ՝ չարախինդ խնդմնդալով ու սրան նրան անխնա շոռելով:- Չգիտե՞ք, թե ամենայն հայոց Բանաստեղծն ինչ է ասել ինքնամեկուսացման մասին:

– Նալլաթ քեզ, չար սատանա: Թումանյա՞նը:

– Բա չէ՝ Գալուստ Սահակյանը:

– Անուշի՞ մասին:

– Բա չէ՝ Զարուհու մասին:

– Իլիկ մանելը նկատի ունեք,  չէ՞:

– Հազիվ մի գրագետ մարդ գտնվեց: Բայց դեռ կասկածներ ունեմ: Ուստի մի հարց էլ պիտի տամ: Անուշը որտե՞ղ պիտի ինքնամեկուսանար: Տարբերակ ա՝ վրանում: Տարբերակ բ՝ Մոսիի վրանում: Տարբերակ գ՝ Բաղրամյան 26-ում:

– Ես…

Գրող ու ցավ: Ի՞նչ եք րոպեն մեկ մեջ ընկնում: Թողեք մարդիկ զբաղվեն, էլի…

– Ինչո՞վ զբաղվեն:

– Պարզ չի՞: Համազգային պանիկայով, դիմակ կրելով ու Հանապետության նախագահի հրամանը քաշքշելով:

– Իսկ հրաման արձակելիս խմա՞ծ էր, թե՞ երեխաների հետ պաղպաղակ էր վայելում:

– Խմած էր: Հայրենիքի քլորաջուրն էր կոնծել ու բղավում էր. «Ես՝ անբարբառ մի մանուկ, ես՝ անբարբառ մի մանուկ…» (Մ.Ն.): Հետո՝ հանկարծ հրամայեց:

– Փորս ցավեց, գիտեք:

– Իսկ հազո՞ւմ եք:

– Այո: Ամիսը մեկ անգամ հաշվիչի տվյալներն եմ հազում, մեկ էլ՝ վարկային պատմություններ:

– Համ էլ, գունատ եք ոնց որ:

– Ինչ մեղքս թաքցնեմ: Փորացավն ու սերը տարիք չեն հարցնում:

– Է՜յ, բժիշկ կա՞ մոտերքում:

– Անասնաբույժ կլինի՞:

– Իսկ վերակենդանացնել գիտե՞ք:

– Այո: Մի քանի անգամ կով ու գոմեշ եմ ետ բերել հանդերձյալ աշխարհից՝ էլեկտրական հոսանք օգտագործելով: Շատ արդյունավետ մեթոդ է:

– Ա՛յ, շնորհակալություն ձեզ: Հապա այս մարդուն նայեք: Գունատ չի՞:

– Իհարկե՛: Խեղճ քաղաքացի: Պառկե՛ք, անմիջապես պառկեք: Հիմա ձեզ հուզվել չի կարելի, որովհետև հուզմունքը կաթնատվության թշնամին է:

– Բայց որտե՞ղ պառկեմ: Չորս կողմը գողացված փողեր են, սուտ խոստումներ, կուսակրոն կանայք, անգրագետ պաշտոնյաներ ու Հիտլերի զինգրքույկը: Հիմա որտե՞ղ պառկեմ:

– Այ հենց այս ցեխաջրի մեջ էլ պառկեք: Ինչի՞ց եք բողոքում:

– Բողոքում եմ, որ այս քաղաքացին չի ասում, թե նախագահն ինչ հրաման ցփնեց տառաճանաչության ակնթարթին, մեկ էլ՝ դարդերս շատ են:

Եվ հիմա, երբ զուգարանի թուղթը ոսկու արժեք ունի մեզանում, կուզենայի տեղեկացնել, հարգելի աբորիգեններ, որ նախքան զուգարան մտնելն իմանաք, որ վաղվանից, նախագահական հրամանին հետևելով, հանրապետության բոլոր տների դռները մեխելու են:

Դրսի՛ց:

Չեք հավատում, չէ՞:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930