Տնտեսական ոլորտին միտված պետական աջակցության ծրագրերը չեն կարող բավարար և արդյունավետ լինել, քանի որ դրանք համարժեք չեն օբյեկտիվ իրավիճակին և տնտեսավարողների համար առկա իրական մարտահրավերներին:
Մասնավորապես, կորոնովիրուսով պայմանավորված՝ էապես կրճատվել, իսկ տնտեսության հիմնական մի շարք ճյուղերում ընդհանրապես զրոյացել են եկամուտները:
Զուգահեռաբար, տնտեսական գործունեությունը չդադարեցնելու և լուծարման չգնալու պարագայում՝ տնտեսավարողները պետք է կատարեն էական ծախսեր, որոնք եկամտաստեղծ չեն՝ աշխատողներին հարկադիր պարապուրդի համար վճարում և դրանից բխող եկամտահարկ, սեփական գույքի պահպանման ծախսեր, վարձակալական վճարներ, վարկային ընթացիկ պարտավորությունների կատարման վճարներ, կոմունալ ծառայությունների վճարներ և այլն: Հետևաբար՝ կայուն եկամուտների ամբողջական կամ մասնակի կորստի և պահպանվող ծախսերի այս իրավիճակում տնտեսավարողներն ունեն լրացուցիչ միջոցներ ներգրավելու առարկայական անհրաժեշտություն:
Իրավիճակն առավել բարդանում է՝ նկատի ունենալով իրավիճակի անորոշությունը և դրանից բխող տնտեսական բարձր ռիսկերը: Նման պայմաններում տնտեսավարողներն ունեն ընտրություն կատարելու երկու հիմնական այլընտրանքներ՝
Կարդացեք նաև
- 1. տնտեսական գործունեության դադարեցում՝ եկամուտներ և հետևաբար նաև՝ շահույթ չապահովող վերը նշված ծախսերը չկատարելու և հետագա կայուն կորուստներից խուսափելու նպատակով,
- 2. շարունակել այդ ծախսերի կատարումը, որոնք ունեն նաև սոցիալական կարևոր նշանակություն, եթե պետությունը ուղղակի մասնակցությամբ դրանց մի մասը վերցնի իր վրա՝ պետական մասնակի սուբսիդավորմամբ, ժամանակավորապես զիջի հարկերը և պարտադիր այլ վճարները:
Այս օբյեկտիվ իրավիճակը անտեսելով՝ կառավարությունը տնտեսավարողներին առաջարկում է որոշակի արտոնյալ պայմաններով վարկ: Տնտեսական աջակցության ծրագրերը առավելապես բխում են պետության այսրոպեական շահից, այլ ոչ թե պետություն-մասնավոր գործընկերության և փոխշահավետության սկզբունքից:
Պարզ ասած՝ պետությունը առավելագույնս փորձում է իրեն զերծ պահել իրական մասնակցությունից և առկա կորուստները համաչափ կիսելու պոզիտիվ պարտավորությունից: Ավելի պարզ՝ պարտքով փող են առաջարկում գործատուին, որ կատարի իր համար եկամուտներ չապահովող ծախսեր, այդ թվում՝ վճարի հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ և հարկեր:
Իհարկե, նման արտոնյալ վարկավորման ծրագրերը տեղին կլինեն, երբ անցում կկատարենք բնականոն կյանքի՝ վերացված կլինեն այս համաճարակով պայմանավորված տնտեսական և հանրային կյանքի այլ սահմանափակումները: Միայն այդ դեպքում հնարավոր կդառնա՝ փոխատվական արտոնյալ միջոցները ծառայեցնել տնտեսական կայունացմանն ու զարգացմանը, տնտեսական արդեն կրած կորուստների վերականգնմանը:
Հիմա դեռ պարզ չի, երբ ենք հասնելու այդ փուլին, իսկ այս փուլում արդեն նշեցի՝ մարտահրավերներն ու ընթացիկ հիմնախնդիրները բոլորովին այլ են: Դրանք պահանջում են պետական աջակցության համարժեք նպատակներ, սկզբունքներ և ըստ այդմ՝ մշակված ու իրականացվող պետական ծրագրեր:
Հակառակ պարագայում՝ անխուսափելի կլինեն տնտեսության հիմնական ոլորտներում գործունեության համատարած դադարեցումները, լուծարումները, հետևաբար նաև՝ աշխատավարձերի ու հաստիքների կրճատումները, աշխատողների զանգվածային ազատումները:
Եվ պարզ չի, թե այդպիսի բացասական սցենարով կանխորոշված ելքի պարագայում՝ այսօր անհրաժեշտ, սակայն «խնայվող» պետական աջակցության գումարներից, որքան անգամ ավել պետական միջոցներ հետո կծախսվեն սոցիալական աջակցության վրա՝ աղքատության նպաստներ, սոցիալական օգնություններ և այլն: Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ գործող կառավարությունը ճիշտ հակառակ նպատակադրումն է արտացոլել իր հնգամյա ծրագրում՝«նպաստից դեպքի արժանապատիվ աշխատանք»:
Հատկանշական է նաև, որ պահպանվում են տնտեսական աննախադեպ սահմանափակումները, բարձր անորոշությունն ու ռիսկերը, ինչպես նաև այս խնդիրների գլոբալ բնույթը: Կարևոր ազդեցության գործոն է նաև պանդեմիայի պահպանման հետագա տևողությունը: Դրանք վերաբերելի են աշխարհի ողջ տնտեսությանը:
Կորոնովիրուսի տնտեսական հետևանքները ուղղակիորեն և անուղղակիորեն վերաբերում են նաև մեր երկրի ողջ տնտեսությանը: Ի սկզբանե ակնհայտ էր՝ տնտեսական համակարգը նվազագույն կորուստներով այս իրավիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է պետական համարժեք և չուշացած աջակցություն՝ առաջնային ուղղված կանխարգելմանը, այլ ոչ թե հետևանքների վերացմանը:
Ամփոփելով, բազմագործոն անորոշություններով պայմանավորված հավաքական ռիսկերի ընթացիկ այս իրավիճակում, նույնիսկ կարճաժամկետ հատվածում տնտեսական աճի կանխատեսումները, որոնք, անհարկի առաջ ընկնելով, կատարում են պետական տարբեր մարմիններ, առավելապես կարելի է համարել բարի ցանկություն:
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ