Լրահոս
Օրվա լրահոսը

Զատկի տոնի առեղծվածը (հիշողություններ)

Ապրիլ 12,2020 13:44

Այսօր, Զատկի տոնի առիթով, ինչպես նաև կարանտինային տաղտուկից մի կերպ շեղվելու համար, որոշեցի պատմել կյանքիս ամենաառեղծվածային դրվագը՝ կապված լենինգրադյան ասպիրանտական տարիների հետ։

Ուղիղ 33 առաջ 1987 թ․ ապրիլին,Հելսինկիից Լենինգրադ էր այցելել իմ բարեկամուհին՝ Թարյա Վիհերվաարան։ Այցելության նպատակներից էր նաև Ռուս Ողղափառ Եկեղեցու Սուրբ Զատկի տոնի արարողության մասնակցությունը։ Թարյան ինձ խնդրեց երեկոյան իրեն  ուղեկցել Լենինգրադի հանրահայտ Ալեքսանդր Նևսկու Լավրա (Александро-Невская Лавра) մենաստան-եկեղեցի, հետևելու Զատկի տոնի արարողությանը։ Արարողությունը պետք է սկսվեր կեսգիշերին, պատարագով, զանգվածային աղոթքով, որից հետո, կարծեմ ժ․2.00-ին հոգևորականները խաչեր, սրբապատկերներ, տարբեր քրիստոնեական մասունքներ վեր պահած, հոգևոր երգեր երգելով, պետք է պտտվեին  եկեղեցու շուրջը։

Մոտավորապես ժ․22-ին մետրոյով եկանք եկեղեցու մոտ՝ Լիգովսկի պողոտա։ Դեպի եկեղեցի տանող մուտքը  ոստիկանական (միլիցիա) ուժերով շրջափակված էր, թույլ էին տալիս միայն հատուկ անցագրերով և կարծես, հիմնականում արտասահմանցի զբոսաշրջիկներին և տարբեր պաշտոնյաներին։ Անցակետի շուրջ խմբված էին բազմաթիվ հավատացյալ տարիքով կանայք՝ գլխաշորերով, մոմերով, ներկած ձվերով լի ափսեներով, տոնական խմորեղեններով։ Նրանք սաստիկ զայրացած էին, ոմանք արտասվում էին․

-Չէ՞ որ սա մեր տոնն է, մեր ամենօրյա այցելության տաճարը և մեզ թույլ  չեն տալիս մասնակցել Տիրոջ հարության տոնին։

Մի կերպ «համոզեցի» միլիցիայի բարձրաստիճան սպային, որ մենք նույնպես արտասահմանից ենք, ուղղակի անցաթուղթը վերջին պահին մոռացել ենք և սպան, ի վերջո տեղի տեղի տվեց, և մենք անցանք առաջին արգելապատնեշը։ Ինչու առաջին, որովհետև պարզվեց, որ արդեն եկեղեցու շուրջը երկրորդ, արդեն անանցանելի ոստիկանական պատնեշ կար և արդեն որևէ բացատրություն, խնդրանք չէր անցնում։ Հրամանատարն անդրդվելի էր․

-Քաղաքացի, մի՞թե պարզ  չէ, եկեղեցու մուտքը միայն անցաթղթերով։

Ինչևէ, արդեն անհույս, որ եկեղեցի կմտնենք, որոշեցինք, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ, սպասել մինչև եկեղեցում արարողությունների ավարտը, ապա դիտել խաչերով և սրբապատկերներով երթը։ Դեռևս ժ․ 23-ն էր, ահավոր ցուրտ և դեռ առնվազն 3 ժամ պետք է սպասեինք։ Արդեն ցրտից դողում էի և որոշել էի Թարյային առաջարկել հեռանալ, երբ հանկարծ նկատեցի, որ եկեղեցու ապակեպատ դռնից մի հոգևորական կարծես ակնապիշ հայացքով ուղիղ ինձ է նայում։ Կարծեցի՝ սխալվում եմ և հարցական հայացքով  կողքիս կանգնածներին նայեցի։ Բայց՝ ոչ, հոգևորականը ինձ էր նայում։ Հետո բացեց դուռը, անցավ ոստիկանական շղթան և դիմեց ինձ․

-Ուզո՞ւմ եք եկեղեցի մտնել։

-Այո, շատ կուզենայի։

-Եկեք, անցնենք։

-Բայց ես մենակ չեմ, երկուսով ենք։

-Խնդրեմ, երկուսդ էլ  համեցեք։

Հոգևորականը մեզ անցկացրեց ոստիկանական պատնեշից, ուղեկցեց եկեղեցի և հեռացավ։

Այս ամենից ապշահար, քայլեցի նրա ետևից։ Հոգևորականը շրջվեց և ժպիտը դեմքին հարցրեց․

-Հավանաբար մտածում եք, թե ինչո՞ւ ձեզ հրավիրեցի եկեղեցի։

-Աաայո, -կմկմացի ես։

-Ներեցեք, դուք որտեղի՞ց եք, ի՞նչ ազգի ներկայացուցիչ։

-Հայ եմ, Հայաստանից։

-Այո, ուրեմն Աստված ճիշտ էր։ Իմ անկյունում աղոթում էի, հանկարծ զգացի, որ մի հին արյուն ինձ կանչում է։Եվ ես չմոտեցա, ինձ մի գերբնական ուժ բերեց ուղիղ դեպի ձեզ:

-․․․․․

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930