Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Լուսավորչի անվան եկեղեցին՝ Մոսկվայի սրտում

Ապրիլ 11,2020 22:37

Մոսկվան ունի մի շարք հրաշագեղ և տպավորիչ ճարտարապետական կոթողներ, որոնք իրավամբ հանդիսանում են մայրաքաղաքի այցեքարտը: Կարմիր հրապարակում Վասիլի Երանելու տաճարը նմանատիպ կոթողների թվում է:

16-րդ դարից ի վեր Երանելու տաճարը, որն անվանում են նաև Պոկրովսկու եկեղեցի կամ Собор Покрова Пресвятой Богородицы, что на Рву, ականատեսն ու մասնակիցն է Ռուսաստանի պատմության առանցքային վայրիվերումներին: Եկեղեցական այդ համալիրի կենտրոնական տաճարը օղակում են ևս ութ առանձին խորաններ, որոնցից մեկը կրում է Գրիգոր Լուսավորչի անունը:

Պարթևներից սերող Գրիգորը այն եկեղեցական գործիչն էր, որի քարոզչական մեծ ջանքերի շնորհիվ Քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստան և 301 թվականին հռչակվեց որպես պետական կրոն: Հայաստանը դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, իսկ Գրիգոր Լուսավորիչը՝ հայոց կաթողիկոս: Լուսավորչի մահվանից հետո Հայ Եկեղեցին նրան դասեց ավագ սրբերի շարքը և սահմանեց հիշատակի օր՝ 30-ը սեպտեմբերի հին տոմարով՝ ամսաթիվ, որն ութ երկար ու ձիգ դարեր անց ճակատագրական էր դառնալու ռուսական զորքերի համար:

Ռուսաստանը միահեծան կառավարող Իվան Ահեղ ցարի համար Կազանի խանությունը գրավելը ռազմավարական մեծագույն նշանակություն ուներ, սակայն ցարը մի քանի անգամ արդեն պարտություն էր կրել այդ պատերազմում: 1552 թվականին Իվան Ահեղը նախաձեռնում է հերթական արշավը դեպի Կազան և տալիս է երդում՝ պատերազմի հաջող ելքի պարագայում կառուցել պերճաշուք հոգևոր տաճար Կարմիր հրապարակում:

Կազանի խանությունը նվաճվում էր մեծ դժվարությամբ և քայլ առ քայլ, այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր հաղթանակից հետո Գրոզնին՝ իր խոստմանն համաձայն, մի փոքրիկ եկեղեցի է կանգնեցնում Կարմիր հրապարակում՝ անվանելով այն սրբերից նրա պատվին, որի հիշատակի օրը համընկնում էր հաղթանակի օրվա հետ:

Պատերազմի ելքը վճռող ճակատագրական օրերից մեկը սեպտեմբերի 30-ն էր, որը հոգևոր օրացույցում նշված էր սրբադասված Գրիգոր Լուսավորչի անվամբ: Նախորդ օրը ռուսական զորքը պայթեցնում է Կազանի Արի աշտարակը, ինչի արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին քաղաքը հանձնում է բանալիները Գրոզնու բանակին:

Պետք է նշել, սակայն, որ բացի տոնացույցին առնչվող տարբերակից, պատմաբանների մոտ կա այլ վկայություն ևս այդ փաստի հետ կապված: Այն է, Իվան Ահեղը ցանկացել է այդ քայլով ցուցաբերել իր երախտագիտությունը՝ պատերազմում իր զորքին աջակցացած հայերի նկատմամբ: Ըստ որոշ տեղեկությունների, ռուսական զորքում կային հայերից կազմված գնդեր, իսկ թաթարների կողմից թնդանոթների մոտ կանգնած էին այն հայերը, որոնց ժամանակին թաթարները գերեւարել էին Ղրիմից: Ասում են, որ վերջիններս հրաժարվում են կրակել Գրոզնու զորքի և զորքում եղած իրենց հայրենակիցների ուղղությամբ, ինչն էլ վճռորոշ դեր է խաղում պատերազմի հաջող ելքի մեջ:

1780-ական թվականներին մեծահարուստ գնդապետ Իվան Կիսլինսկին՝ խոշոր նվիրատվություն կատարելով Վասիլի Երանելու տաճարին, խնդրում է, որ համալիրի ութ խորաններից մեկը անվանափոխվի և կոչվի իր հովանավոր սրբի անունով: Հայտնի չէ, թե ի՞նչ պատճառով, բայց անվանափոխության է ենթարկվում հենց Լուսավորչի անունը կրող եկեղեցին, սակայն 1920-ին Լուսավորչի անունը վերականգնում են և խորանը մինչ այսօր կոչվում է այդպես:

Ինչպես ասում են, տաճարի հիասքանչ գեղեցկությունը լեգենդներ չծնել չէր կարող: Դրանք բազմաթիվ են ու գուցե և ունեն ճշմարտության հատիկ իրենց մեջ: Օրինակ, կա վարկած, թե Իվան Ահեղը հրամայում է կուրացնել կոթողը նախագծած ճարտարապետներին, որպեսզի հանկարծ ու նրանք էլ նման հրաշք չստեղծեն այլ տիրակալների պատվերով: Այդ իսկ վարպետները տաճարի կենտրոնական՝ Սուրբ Աստվածամոր գմբեթի պատին, որը, ի դեպ, ժամանակին եղել է Մոսկվայի ամենաբարձր շինությունը, փորագրել են իրանց անունները և կոթողի շինարարության ավարտի ճիշտ տարեթիվը ՝ 1562 թվական հուլիսի 12:

Տաճարի համար որպես ծանր ժամանակաշրջան հիշատակվում է Նապոլեոնի արշավը դեպի Մոսկվա: Կայսրը ապշելով կոթողի կատարյալ գեղեցկությունից՝ որոշում է այն տեղափոխել Փարիզ, հետո հասկանալով իր մտահղացման անհեթեթությունը՝ հրամայում է պայթեցնել տաճարը, ինչը բարեբախտաբար, չի հաջողվում: Հաջորդ փորձությունը տաճարի համար ի հայտ է գալիս Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ բոլշևիկները փակում են եկեղեցին, ներսի մանրանկարչությամբ զարդարված պատերը ներկում են սպիտակ, իսկ հետո էլ մտմտում են տաճարը քանդելու մասին:

Պատմում են, որ 30-ական թվականներին Ստալինի առանձնասենյակ է մտնում մինիստրների խորհրդի նախագահ Լազար Կագանովիչը՝ Կարմիր հրապարակի նոր մակետը թևի տակ: Փռելով գծագիրը Ստալինի դիմաց՝ նա ձեռքի հպումով մի կողմ է հրում կոթողի փոքրիկ օրինակը և սկսում է երկար համոզել ժողովուրդների առաջնորդին, թե ինչպիսի բարդություններ է ստեղծում Երանելու տաճարը հրապարակի մեքենաների երթևեկության համար: Ստալինը համբերատար լսում է նրան և հանդարտ պատասխանում. «Տեղը դիր եկեղեցին, Լազար»:

Հայտնի չէ, թե ինչն է ստիպում Ստալինին նման մեծահոգություն ցուցաբերել, սակայն, դրանից հետո եկեղեցին վերաբացվում է, լայնածավալ ու մանրակրկիտ վերականգնվում է և սկսում է գործել որպես թանգարան:

1991 թվականից սկսած Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ հրամանով տաճարը վերականգնել է հոգևոր հաստատության կարգավիճակը և այնտեղ այդ պահից ի վեր անցկացնում են ժամերգություններ: Ներկայումս տաճարը Ռուսաստանի Պատմության պետական թանգարանի մաս է կազմում և ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից պահպանվող մշակութային ժառանգության ցուցակում է:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930