Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ՝ Գերմարդուն․․․

Ապրիլ 11,2020 16:00

ՆախաբանԶգուշացում

Բարև՛, Եթե սա կարդում ես (կներես, որ անմիջական դիմելաձևն եմ ընտրում) ուրեմն ներքին ձայնդ քեզ հուշում է, որ այս նամակի հասցեատերը նաև դո՛ւ ես… Այլապես, դու հիմա քիթդ անտեղի տեղավորում ես քեզ չուղղված մի նամակում… Երդվում եմ, չեմ նեղանա, եթե չշարունակես ընթերցել, որովհետև այս ամենից հետո դու պիտի ստիպված լինես ինքդ քեզ տալ պատասխաններ, արդարացնելու համար քո՝ գերմարդու կոչումը։ Ուրեմն, ընտրությունը քոնն է, հետևանքը` նույնպես։

Իմ նախընտրությունը

Ես պիտի նախընտրեի մարդուն այնպիսի՛ բարձունքի վրա կանգնած տեսնել, որ մարդն ինքնին ինչ-որ բարձր բան նշանակեր և կարիքը չլիներ ԳԵՐ մասնիկով բարձրացնելու նրա դերն ու կարևորությունը… Սակայն քանի որ բարձրորեն ապրողների թիվն անհամեմատ քիչ է ցածրորեն ապրողների թվից, ուրեմն և ստիպված՝ …

Ողջո՜ւյն, Գերմարդ

Նախապես խոստովանեմ, որ ես թե՛րմարդն եմ և անկեղծորեն, ամաչում եմ քեզ դիմել, որովհետև ինքս իմ անկումը արդեն սկսել եմ վայելել և ստորացված լինելս վաղուց արդեն չի անհանգստացնում ինձ։ Ես արդեն սովորել եմ իմ ներկա՝ մանրացած չափի միավորո՛վ չափել մարդու, Աստծու և տիեզերքի էությունը, և առանձնապես ինձ մեղավոր չեմ զգում։ Ամենայն անկեղծությամբ ընդունում եմ թեր-մարդ լինելս և քանի որ չափից ավելի շատ ժամանակ ունեմ հիմա, երբ արդեն երրորդ շաբաթն է, ինչ հայտարարված արտակարգ դրության պայմաններից ելնելով մեկուսացած եմ իմ բնակարանում, աշխարհի բոլոր մարդկանց նման, որոնցից յուրաքանչյուրը քեզ հայտնի համավարակի ահն ու սարսուռը սրտում ստիպողաբար անջատվել է «դրսի՛» կյանքից և մտել է իր ներս, ուրեմն, ներսից՝ դիմում եմ քեզ նամակով, որպեսզի երբ սպասվող բոլոր պատերազմներից հետո վերստին բացվի մարդու առավոտը, դու՝ նոր աշխարհի նոր մարդդ, մտածես տիեզերքում քեզ հատկացված իրական տեղի մասին և տեղդ գտնելու համար, Աստծուն չսպանե՛ս…

Սպանություններ, զոհեր, «փախած» մեղավորով

Ես արդեն չեմ հիշում, թե քանի հոգի եմ սպանել։ Մեր աշխարհում, սպանության համար քրեական պատասխանատվության են ենթարկվում միմիայն նրանք, ովքեր մարդկանց մարմի՛նն են սպանում։ Ես օրենք չեմ խախտել և թեպետ թերմարդ եմ, սակայն պատժվել չեմ սիրում և սիրում եմ հետևել օրենքներին։ Իմ գործած մեղքերը նույնիսկ մեղք չեն համարվում, որովհետև անտեսանելի են, ինչպես անտեսանելի է սպանված հոգին այն տիկնոջ, ում երեկ գիշեր մի քանի թղթադրամով՝ հաճույքով գնեցի։

Քեֆս լավ էր, գրպանս՝ նույնպես։ Տուն մտա գրպանս դատարկած։ Կինս բազմոցի վրա ինձ սպասելուց հոգնած՝ ննջել էր։ Չծածկեցի, որովհետև մտքովս չանցավ։ Դռան ձայնից երեխաս զարթնեց՝ վազեց մոտս ու քնաթաթախ գրկեց ինձ։ Չփոխադարձեցի և ուղարկեցի անկողին՝ քնելու, որովհետև ես քիչ առաջ՝ տուն չմտած, այնքան էի ցածրացել, որ մի թիզ երեխաս աչքիս հսկա թվաց։ Երեխաս ինձնից բարձր էր և դա ինձ հեչ դուր չեկավ։ Կքնի՝ կզարթնի, կանցնի և ես էլի վերևից կնայեմ երեխայիս, որպեսզի նրա վիզը շարունակ ձգտի ինձ հասնել։ Այդպես մեծացել եմ ես։ Այդպես թող մեծանա նաև նա։ Մեր աշխարհի կարգն է։ Ի դեպ, գրպանս որ երեկ գիշեր դատարկել էի մարմնական հաճույքիս հագուրդ տալու համար, կկարողանամ նորից լցնել, որովհետև ես սարսափում եմ դատարկ գրպանից, իսկ սարսափն ինձ մղում է ուղեղիս ողջ ուժով հնարներ գտնել թղթադրամներ հավաքելու համար։

Կանեմ ամեն ինչ և վայրկյան անգամ չեմ երկմտի, եթե իմ հավաքածը հավասարվի ուրիշի կորցրածին։ Ի վերջո կորցնողն իր խելքից է կորցնում, և ես այս դեպքում ևս մեղավոր չեմ։ Կարևորն այն է, որ ուրիշի գրպանը ձեռքով չեմ մտնում, ուրեմն՝ գող չեմ։ Մեր աշխարհում գողության հոդվածով դատապարտվում են միայն ձեռքով գողացողները, իսկ ես գողանում եմ մտքի աշխատանքով, մի բան, որն արժանանում է միլիոնավոր մարդկանց հարգանքին։ Ես հարուստ եմ և ատում եմ աղքատներին։ Նրանց աչքերը անընդհատ ծորում են, նրանց բերաններից սովի զզվելի հոտ է գալիս և նրանց ձեռքերն անընդհատ զբաղված են այնպիսի գործերով, որոնք անիմաստ են։ Ես կլցնեմ իմ գրպանը և այս գիշեր նույնպես քեֆս լավ կլինի. ինչո՞ւ… Որովհետև մեկ անգամ տրված կյանքս ամենաթանկն է ինձ համար, և ես կփայփայեմ ինքս ինձ այնպես՝ ինչպես ոչ մեկին, ու կշարունակեմ ապրելու համար սպանել, վայելելով չդատապարտվածիս լիարժեք ազատությունը։

Ես

Ե՛ս… Դա նա է, որին պետք է անվերջ կերակրել։ Անընդհատ քաղցած է նա։ Նա շատ է սիրում ուշադրություն գրավել։ Սիրում է, երբ սիրում են նրան և հարվածում է այն պահին, երբ սիրո պակաս է զգում։ Կատաղում է, երբ մոռանում են և վերստին մի «գյուտ» է անում ուշադրություն գրավելու համար։ Փառասեր է։ Ուզում է խոնարհեցնել իրեն շրջապատող բոլոր գլուխները, որպեսզի իր գլուխը լավ երևա։ Եթե ենթարկվում են իր նախասիրություն-քմահաճույքներին՝ շոյում է հեզերի գլուխը, հակառակ դեպքում՝ գլխատում։ Չէ՜…Կացնով չէ՜…Դա հակաօրինական է։ Գլխատում է ծաղրելով, ճնշելով, ստորադասելով, անարգելով, չհավատալով, բռնանալով։ Իսկ դա սպանություն չի՛ համարում մեր աշխարհը։ Նման դեպքերում, ընդամենը ասում են, որ տվյալ մարդը «անտանելի բնավորություն ունի»։ Իսկ անտանելի բնավորություն ունենալը մեղք չէ և եսը փառավորելու համար փառատել ուրիշներին դեռ չի նշանակում լինել դահիճ կամ մարդասպան, մանավանդ, որ աշխարհի գոյության առաջին օրից մինչ օրս, ոչ ոք չի հաշվել այն գլուխները, որոնք վզի վրա կանգուն՝ միևնույն է, ընկած են եղել։ Դրանք հաշիվ չեն, որովհետև ԵՍ նրանց զգալու ձևը չգիտեմ…Եվ միայն ե՛ս… Միայն ե՛ս եմ ինձ համար չափազանց կարևոր և ուշադրության արժանի, որովհետև հազարամյակների իմ ապրած երկար ու ձիգ կյանքի ընթացքին, Ես չսովորեցի զգալ ուրիշին ինչպես ինձ… Այնպես որ, երբ ես կամ, մնացածը ի՛նձ ինչ ։

Ի՜նձ ինչ

Ինձնից որոշակի մետրեր, կամ կիլոմետրեր անդին, հենց այս պահին, երբ ես վայելում եմ իմ առատ սեղանի բազմազան ուտելիքները, իմ պատուհանից ինձ են նայում երկու խոշոր աչքեր, որոնք հետևում են կուլ գնալու պատրաստ իմ պատառին։ Ես չեմ սիրում այդ աչքերը և քաշում եմ վարագույրս ու կուլ եմ տալիս համեղ պատառս։ Ի՛նձ ինչ այդ աչքերը։ Այդ աչքերն այնքան օտար են ինձ, որքան օվկիանոսի խորքում ծովաքարի տակ թաքնված ձուկը, որի կյանքը այնքանով է ինձ հետաքրքրում, որքան այն հյութեղ ձկան պատառը, որ ես հենց նոր վայելեցի։

Մի քանի մետրեր կամ կիլոմետրեր այն կողմ՝ ծնկի բերված առյուծի հոգիներ կան… Հոգիներ, որոնք թագավորելու համար էին ուղարկված, սակայն իմ նմանների թեթև ձեռքերով ոտնատակ ընկան…Նրանց ուղղությամբ նետվող միլիոնավոր քարերը շարունակում են թերմարդու առաքելությունը, և լույսի՛ արագությամբ դատապարտում են ընկածներին, որովհետև ընկածի հոգին տրորելն ավելի հաճելի զբաղմունք է ցածրում գտնվողների համար… Ի՜նձ ինչ ընկածների հոգիները… Միևնույն է՝ ես նրանց ցավը չեմ զգում և ուրեմն՝ ես կքայլեմ նրանց կողքով անտարբեր, ինչպես փոշի և չեմ թաթախվի տառապանքի մեջ, որն օտար է ինձ…

Մի քանի ծովեր ու ծառեր այն կողմ հողեր կան, որոնք արարվել էին Աստծու կողմից, որպեսզի մշակվեն, դրախտանան, ծառ ու ծաղկի համայնապատկեր ստեղծեն երկրագնդի վրա, որտեղ մարդն ուղարկվել էր աստվածանալու համար… Բայց ես ու իմ նմանները քմծիծաղեցինք Աստծու երեսին և այդ հողերի տակ ամփոփեցինք աշխարհի բոլոր պատերազմների բոլոր զոհերին և տեսանք, որ դա լավ է… Հետո, որոշեցինք տիրել մեր ստեղծած դժոխքին, որովհետև դժոխքից միակ չվախեցողները, դժոխքի տիրակալներն են լինում … Իսկ դրախտը տիրելու համար չէր… Եվ այսպիսով՝ ի՛նձ ինչ դրախտը, որն իմը չի լինելու…

Բայց և այնպես՝ ո՞ւմ է պատկանում դրախտը

Հենց այս հարցն է, որի պատասխանը դո՛ւ պիտի տայիր ինձ՝ իմ հզոր, իմ տիտանական մտքի ու հոգու տեր բախտակից, իմ սիրելի, հարգելի, տաղանդավոր ու շնորհալի բարեկամ՝ Գերմարդ։ Իսկ ո՞ւր էիր և որտեղ ես դու հիմա, երբ արտակարգ դրության իմ պայմաններում, քո միտքը պետք է սավառներ այնտեղ, որտեղից ես՝ թեր-մարդս, պիտի լսեի քո պատասխանները… Որտե՞ղ թաքցրեցիր քո միտքն ու սիրտը, և ինչո՞ւ գնացիր Աստծուն սպանելու ճանապարհով գոյությունդ հաստատելու… Չէ՞ որ ո՜ղջը Աստծու հետ հաշտությո՛ւն կնքելու մասին էր… Եվ չէ՞ որ այդ հաշտության պայմաններո՛ւմ միայն պիտի կարողանայիր գրպաններդ դատարկ՝ վայելել կյանքը՝ ծածկել ննջած կնոջդ մարմինը, գրկել քնից զարթնած երեխայիդ, կարոտել նրան, ով երբեք չի բացակայել քո կյանքից, սիրել բոլոր քեզ նայող աչքերը, մշակել հողը, ծառ ու ծաղկով լցնել երկրագնդի բոլոր ափերը, գրկախառնվել թագավորելու համար ուղարկված առյուծների հոգիներին, փառավորել ոչ թե քեզ, այլ՝ ուրիշին, և ոչնչի տերը չդառնալ ո՛չ արտակարգ և ոչ էլ ամենասովորական կյանքի պայմաններում։

Գրում եմ քեզ, հասցեդ հարցնելով։ Ես շատ վաղուց եմ իմ անվախճան ճամփիս վրա նստած քեզ սպասում… Եվ գուցե իմ բաց նամակն այս բնորոշ է թերիներին, որոնք զուրկ են գերագույն նպատակը տեսնելու աչքից, սակայն իմ խեղճուկրակ զգացականության ֆոնին ստորագրի՛ր Աստծու հետ քո հաշտության պայմանագիրը և երբ այս քաոսից հետո բացվի մարդո՛ւ առավոտը, ինձ տար քեզ հետ՝ դրախտի հողը մշակելու… Այնտեղ արդեն ցանքի եղանակն է և պատկերացրու՝ մա՜րդ չկա… ՄԱ՛ՐԴ։

Նուշիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել