Երեւանում կորոնավիրուսի կանխարգելման գործողությունները համակարգող շտաբի ղեկավար, Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ինչու Երեւանի բոլոր վարչական շենքերի մուտքերը չեն ախտահանվում: Փոխքաղաքապետը նախ նշեց, որ բազմաբնակարան շենքերի ախտահանումը կատարվում է առավոտյան ժամերին, ուստի բնական է, որ քաղաքացիները չեն նկատում. «Եթե կան շենքեր, որտեղ իրապես չի արվել ախտահանում, տվյալները փոխանցեք քաղաքապետարանի կամ վարչական համայնքի թեժ գծին: Եթե որեւէ տեղ թերացում է եղել, անպայման կիրականացնենք ախտահանում: Ցուցումը նույնն է՝ օրական մեկ անգամ պարտադիր ախտահանվում են վերելակները, մուտքերը, շքամուտքերը»:
Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ շատ քաղաքացիների մոտ տպավորություն է, թե «դե լավ, գրիպ է, կանցնի». «Ոչ, այդպես չէ, կա հստակ ցուցում, որ աննպատակ տանից դուրս գալ պետք չէ, անհրաժեշտ է հետեւել պարետատան ցուցումներին: Վիրուսի հաղթահարումը բոլորի կողմից ցուցումներին հետեւելն է: Բժիշկներն աշխատում ենք, որ մենք մնանք տանը: Հետեւեք այդ ցուցմանը»:
Հարությունյանն անդրադարձավ նաեւ մեքենա ունեցողներին՝ կոչ անելով արկածախնդիր ձեւով մեքենա չվարել, խախտումներ չանել. «Դրանք վտանգավոր են, եւ սովորական ռեժիմում չէին արվում, ես նկատել եմ: Որոշ վարորդներ մտածում են, թե մեքենաների քիչ քանակության դեպքում կարելի է նման կերպ վարվել, բայց վարեք օրենքի սահմաններում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեծ խանութներում քաղաքացիների կուտակումներին, փոխքաղաքապետը նախ շեշտեց, որ քաղաքացիները պետք է սոցիալական հեռավորություն պահպանեն. «Կապվել ենք խոշոր սուպերմարկետներից մեկի հետ եւ խնդրել պահպանել կանոնները, եւ անվտանգության աշխատակիցները հետեւել են այդ ցուցմանը»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչու տաքսիները չեն ախտահանվում: Սերգեյ Հարությունյանը նշեց, որ տաքսիները մասնավոր հատվածի շրջանակում են, ուստի մնում է հորդորել անվտանգության կանոններ պահպանել. «Տեսել եմ, որ որոշ անհատ վարորդներ իրենք են ախտահանում մեքենաները: Ուղեւորներն էլ պետք է անպայման դիմակ կրեն եւ վարորդին հարցնեն՝ նա դիմակ ունի՞, մեքենան ախտահանվե՞լ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ