«Նախորդ օրվանից մինչեւ այսօր վարակման երեսուն նոր դեպք է գրանցվել: Մահացածների միջին տարիքը 76,2 է, իսկ վարակվածներինը՝ 42: Սա հաստատում է, որ կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է բարձր տարիքի քաղաքացիների համար»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ նա նշել էր, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է մեկ ամսով:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1436842246487424/
Փաշինյանի խոսքով՝ եթե քաղաքացիները կարգուկանոնը չպահպանեն, հիվանդացության դեպքերի աճ կլինի, եւ կառավարությունը ստիպված կլինի վերադառնալ նախնական՝ ավելի խիստ սահմանափակումներին. «Հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք, եւ տնտեսական գործունեության որոշ ոլորտների աշխատանքը թույլատրում ենք, բայց դա չի նշանակում, թե մեր վիճակը լավացել է: Ոչ, մեր վիճակը համաճարակային առումով կայունացել է, բայց չի լավացել, եւ ցանացած պահի կարող ենք ունենալ նոր բռնկում, որն ավելի մեծ դժվարություններ կստեղծի: Դրա համար ամեն մեկը պատասխանատու պետք է լինի, ամեն ինչ անի, որ չվարակվի կորոնավիրուսով եւ չվարակի մյուսներին»:
Կարդացեք նաև
Այս համատեքստում վարչապետը շնորհակալություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն, որ Սուրբ զատկի տոնակատարությունների արարողություններն իրականացվելու են առանց հավատացյալների, քաղաքացիներին էլ կոչ արեց համարժեք պատասխանատվություն ցուցաբերել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ