Ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության հերթական տարելիցի միջոցառումներին մասնակցությունը քաղաքացիների համար սահմանափակ է լինելու, նույնը վերաբերում է նաեւ մայիսյան տոներին: Այս մասին այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ նա նշել էր, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է մեկ ամսով:
«Մեր եզրակացությունն այն է, որ այս միջոցառումներում քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի: Եթե այդ միջոցառումները թույլ տանք սովորական վիճակում, համաճարակի բռնկում կլինի: Ապրիլի 24-ին տեղի կունենա միայն արարողակարգային միջոցառում, պաշտոնյաները կիրականացնեն արարողակարգային անելիքները: Նույնը վերաբերում է մայիսի 1-ին, 8-ին եւ 9-ին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1436842246487424/
Վարչապետը նաեւ հայտնեց, որ առաջիկա ժամանակահատվածում հանրային տրանսպորտի աշխատանքն առհասարակ կարգելվի. «Հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով մեծ ռիսկայնություն ունի: Իսկ այն ոլորտները, որոնց համար աշխատելը թույլատրվելու է, տրանսպորտային ծախսերի հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշխատողների վրա հավելյալ ճնշում չլինի: Առաջիկա շաբաթում արգելվելու է նաեւ միջմարզային երթեւեկությունը: Բացի այդ, Երեւանում եւ մարզերում տաքսիների գործունեությունը թույլատրելի է, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները՝ եւս»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ