Լրահոս
Օրվա լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը մեր տնտեսական աճի մասին մի փոքր ավելի «համեստ» է՝ 1.5 տոկոս. Արա Գալոյան

Ապրիլ 11,2020 12:10

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, կարծես, դուրս են գալիս համավարակի թմբիրից: Կամ համաշխարհային աշխատուժի կարանտինային ռեժիմում հայտնվելու պարագային արդեն «հանդգնում» են կանխատեսումներ հրապարակել:

Մեզ համար հարկավ ամենահետաքրքիրը մեր ու տարածաշրջանային երկրների տնտեսությունների հետ կատարվելիքի սպասումներն են: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսությունները հատ-հատ հազվադեպ են դառնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետազոտության թեմա: Մենք հետաքրքիր ենք որպես ընդհանուր, այսպես ասած՝ «Հարավային Կովկասի տարածաշրջան»:

Այս տարվա հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել էր իր կանխատեսումները: Նշվում էր, որ մեր տնտեսությունն ավելի արագ վերականգնվեց 2016թ․ ճգնաժամից (պատճառը 2015-16թթ․ ռուսական տնտեսության կրճատումն էր): Ուստի, 2017 և 2019թթ․ բարձր տնտեսական աճ էր ունեցել: ԱՄՀ-ի կանխատեսումներով 2020-ին մեր աճի տեմպը 1.5 տոկոսի չափով կրճատվելու էր, բայց մնալու էր տարածաշրջանում ամենաբարձրը՝ 7.8 տոկոս:

Վրաստանի համար ավելի «լղոզված» կանխատեսում կար՝ 4.3-4.8 տոկոս: Ադրբեջանական աճի կանխատեսումն ավելի համեստ էր՝ 2,2 տոկոս (2019-ի 2.7-ի փոխարեն):

Ադրբեջանի պարագային ինչպես միշտ հղում կար վառելիքաէներգետիկ համակարգի շուկային: Հիմա արդեն Համաշխարհային բանկն է վերանայել տնտեսական աճի տարեսկզբի իր կանխատեսումները, որոնք էականորեն չէին տարբերվում ԱՄՀ-ի կանխատեսածից:

Ադրբեջանի տնտեսության 2.2 տոկոսանոց աճի կանխատեսումը փոխարինվել է 0.2 տոկոսանոց աճի հնարավորությամբ: ՀԲ մասնագետները նշում են, որ նավթի ու գազի գների դժվար կանխատեսելիությունը շատ հարցականներ է թողնում: Ադրբեջանը միացել է OPEK+ որոշումներին՝ «համաձայնելով» նավթի արդյունահանումը մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը նվազեցնել օրական մինչև 164 հազար բարել (2018թ․ հոկտեմբերին արձանագրվել էր արդյունահանման ամենամեծ քանակը՝ 718 հազար բարել օրական):

Վրաստանի տնտեսության համար աճ համարյա չի կանխատեսվում՝ 0.1 տոկոս: Տնտեսության այդօրինակ կրճատման առաջնահերթ պատճառ նշվում է զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը: Միջազգային զբոսաշրջությունը գոնե մասամբ չի կարող փոխարինվել ներքին զբոսաշրջությունով, որովհետև համավարակի պատճառով երկրի ներսում տեղաշարժի վրա արգելքներ են սահմանել:

Մեր կանխատեսումն ամենադրականն է: Նախկին 5.1 տոկոսանոց աճի փոխարեն ենթադրվում 1.7 տոկոս:

Փաստորեն ուրախալի է, որ միջազգային զբոսաշրջության մասին մեր պաշտոնական թվերը նկարած էին միայն ներքին սպառողի համար: Արտասահմանյան մասնագետների գնահատականով այդ ոլորտը անցած տարի շատ ավելի համեստ ծավալ է ունեցել մեր տնտեսության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը մեր տնտեսական աճի մասին մի փոքր ավելի «համեստ» է՝ 1.5 տոկոս: Այս կանխատեսման հետ ԱՄՀ-ն տարվա ընթացքում խոստանում է համավարակի հետևանքների մեղման համար Հայաստանին տրամադրել մոտ 280 մլն դոլար: Ավելացնենք, որ Համաշխարհային բանկը ևս խոստումներ է տալիս: Բայց առայժմ ընդհանուր: Առաջիկա 15 ամիսների ընթացքում այս կառույցը 160 մլրդ դոլարի ծրագիր կիրականացնի՝ նույն համավարակի վնասները հաղթահարելու նպատակով:

Արա ԳԱԼՈՅԱՆ

«ՊՈԼԻՏԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ» ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930